Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՈ, ՍԻՆՅՈՐԱ

Հունիս 30,2001 00:00

ՉԱՈ, ՍԻՆՅՈՐԱ Հայաստանում Իտալիայի դեսպանությունը շարունակում է իր մշակութային ծրագրերը։ Հունիսի 28-ի երեկոյան Արտասահմանյան երկրների հետ համագործակցության եւ մշակութային կապերի (ԱՕՔՍ) դահլիճում կայացավ «Հայ-իտալական փոխառնչությունները ճարտարապետության մեջ» թեմայով դասախոսությունը, որն ընթերցեց ճարտարապետության դոկտոր Դավիթ Քերթմենջյանը։ Մոտ մեկ ժամ տեւած դասախոսությունն այնքան հետաքրքիր էր՝ թե բովանդակային առումով, թե մատուցման տեսանկյունից, որ անգամ անասելի տապը չխանգարեց ունկնդիրներին՝ մինչեւ վերջ լսելու։ Ըստ բանախոսի, հայկական ճարտարապետությունը երկար ուղի է անցել համաշխարհային մշակույթի մեջ՝ խառնվել այլ մշակույթների, նոր որակ ստեղծել։ Հայկական տարածք է մտել հիմնականում 4 գլխավոր մշակութային ուղղություն՝ արեւմուտքից՝ հունականը եւ իտալականը, հյուսիսից՝ ռուսականը, արեւելքից՝ մոնղոլ-սելջուկականը, հարավից՝ արաբականը։ Նա մանրամասնորեն ներկայացրեց հատկապես իտալական մշակույթի, ավելի ճիշտ՝ ճարտարապետության ազդեցությունը հայ մշակույթի վրա եւ հակառակը՝ հայ ճարտարապետության որոշակի դրսեւորումներ՝ իտալականի վրա։ Ժամանակաշրջան առ ժամանակաշրջան վերլուծելով փոխառնչությունները, պրն Քերթմենջյանը պատմական էքսկուրս կատարեց անտիկ շրջանից մինչեւ մեր օրերը։ Քաղաքաշինական նմանություններից (Հռոմ եւ Արտաշատ) անցավ տաճարաշինականին (Գառնիի տաճարը, Բագարանի տաճարը, Անիի մայր տաճարը), ապա արդի ժամանակների փոխառնչություններին, նկատելով, որ մեր օպերային թատրոնը, Մատենադարանը, «Երեւան» հյուրանոցի, ԿԲ-ի եւ շատ այլ շենքեր կլասիցիզմի եւ պատմությունից օգտվելու սկզբունքով (պլատոնիզմ) են կառուցված, ինչպես բազմաթիվ շինություններ Իտալիայում։ Դասախոսության վերջում Իտալիայի դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան նկատեց. «Այժմ արդեն հասկանում եմ, թե ինչու հայկական եկեղեցիներում մենք՝ իտալացիներս, մեզ զգում ենք ինչպես մեր հարազատ օջախում, մեր տանը։ Սա եւս մի ցցուն օրինակ է Հայաստանի եւ Իտալիայի միջեւ եղած կապերի, եւ խոսքը միայն քրիստոնեական կապի մասին չէ, այլեւ մինչքրիստոնեական եւ, առհասարակ, ժողովուրդների միջեւ եղած կապի»։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել