Լրահոս
Օրվա լրահոսը

Քչերին է, թերեւս, հայտնի, որ Ստեփանակերտում այսօր ապրում է զարմանալիորեն ծանր ու միաժամանակ գեղեցիկ

Հուլիս 31,2001 00:00

«Դը Գոլը չէր ձերբակալի Սամվել Բաբայանին» Քչերին է, թերեւս, հայտնի, որ Ստեփանակերտում այսօր ապրում է զարմանալիորեն ծանր ու միաժամանակ գեղեցիկ ճակատագիր ապրած մի անձնավորություն, որին ժամանակին անձամբ պարգեւատրել է աշխարհահռչակ գեներալ դը Գոլը։ Մեծ ֆրանսիացին բարձր է գնահատել արցախցի զինվորի ներդրումը ֆաշիստական լծից Ֆրանսիայի ազատագրման գործում՝ արժանացնելով նրան ֆրանսիական «Մարտական խաչ» շքանշանի։ Գեներալի անունը լսելիս 86-ամյա Սերգեյ Խաչատրյանը չի էլ փորձում թաքցնել հուզմունքը. «Նա իսկական ղեկավար էր, իսկական մեծություն։ Ով գեթ մեկ անգամ շփվել է գեներալի հետ, դժվար թե մոռանա նրան»։ …40-ականների սկզբներին ահեղ մարտեր էին սկսվել ռուսական հինավուրց քաղաք Վյազմայի մատույցներում, որոնց ընթացքում գնդացրորդ Սերգեյ Խաչատրյանը ծանր վիրավորվում է եւ ուղարկվում զինվորական հոսպիտալ։ Սակայն հիտլերականները հարձակվում են սանիտարական գումակի վրա եւ վիրավոր զինվորները ստիպված են լինում նորից նետվել մարտադաշտ։ Ուժերն անհավասար էին, եւ դիմադրելու փորձերն ապարդյուն անցան։ Ուժասպառ գումակը ամբողջությամբ գերվեց։ Գերմանացիները քշեցին գերիներին սկզբում Պոտսդամ, այնուհետեւ՝ Ֆրանսիա։ Սերգեյ Խաչատրյանը հայտնվում է մի ճամբարում, որտեղ շուրջ 1500 հայեր էին կենտրոնացված։ Որոշ ժամանակ անց հայազգի գերիներին հաջողվում է փախչել համակենտրոնացման ճամբարից ու միանալ ֆրանսիական դիմադրության շարժմանը։ Սեղմ ժամկետներում ստեղծվում են հայկական պարտիզանական ջոկատներ։ Սերգեյ Խաչատրյանի ջոկատի հրամանատարն էր Բարդուղ Պետրոսյանը (ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հայրը), որը եւ արցախցուն նշանակում է քաղղեկի տեղակալի պաշտոնում։ Ամուր կապեր հաստատելով Ֆրանսիայի դիմադրության շարժման ղեկավարության հետ՝ հայ պարտիզանները հուժկու հարվածներ են հասցնում ֆաշիստական զորքերին եւ ազատագրում Ալես, Ավինյոն, Նիմ քաղաքները եւ այլ բնակավայրեր։ 1945-ի վերջերին հայկական ջոկատը լրիվ կազմով վերադառնում է հայրենիք, սակայն ջերմ ընդունելության փոխարեն նրանք ենթարկվում են նոր հալածանքների, այս անգամ արդեն խորհրդային ՊԱԿ-ի կողմից։ Ֆաշիստական ճամբարներից փրկված, դը Գոլի կողմից պարգեւատրված պարտիզաններին ուղարկում են Սիբիր, խորհրդային ճամբարներ։ Սերգեյ Խաչատրյանը դատապարտվում է 15 տարվա ազատազրկման։ Պատիժը կրում է Կոմիի խուլ անտառներում, տաժանակիր աշխատանքներ է կատարում, բեռներ փոխադրում, ճանապարհներ կառուցում, մաքրում դրանք ձյունածածկերից հեռավոր Սախալինում եւ տուն վերադառնում կմախքի տեսքով։ Սակայն դրանով չեն ավարտվում Սերգեյ Խաչատրյանին բաժին ընկած տառապանքներն ու փորձությունները։ Մարտի 22-ի դեպքից հետո հետապնդումների է ենթարկվում նաեւ նրա ընտանիքը։ Աշխատանքից ազատվում եւ ապօրինաբար ձերբակալվում է նաեւ նրա միակ որդին՝ ԼՂ մաքսային ծառայության ղեկավար Վալերի Խաչատրյանը, որը կանգնած էր ղարաբաղյան շարժման ակունքներում, մասնակցել էր ազատագրական մարտերին լեգենդար Մոնթե Մելքոնյանի հետ միասին։ «Մինչ օրս մեզ չեն բացատրում, թե ինչի համար է ձերբակալվել ու բանտ նետվել որդիս, ինչի համար է նա ազատվել աշխատանքից։ Նույնիսկ ֆաշիստներն էին բացատրում մեր «մեղքը», նույնիսկ ստալինյան մատնիչներն էին փորձում ինչ-որ կերպ մեկնաբանել ապօրինությունները։ Սրանք չեն բարեհաճում անգամ տարրական պատշաճությունը պահպանել։ Բանտից հետո միայն հասկացանք, որ որդուս պատժել են Սամվել Բաբայանին համակրելու համար»,- պատմում է Ս. Խաչատրյանը։ Մեծ ֆրանսիացու զինակցի համոզմամբ, Սամվել Բաբայանը որեւէ առնչություն չունի մարտի 22-ի միջադեպին։ «Ինչպե՞ս կարելի է ձերբակալել Ազգային հերոսին, այն էլ այսօր, երբ դեռ մեծ է պատերազմի վերսկսման վտանգը։ Ինչպե՞ս կարելի է վտանգել հայրենիքի ազատությունը, առաջնորդվել անձնական ամբիցիաներով։ Արկադի Ղուկասյանը գիտակցո՞ւմ է, թե ուր կտանեն մեզ պառակտումն ու անվստահության մթնոլորտը, որը տիրում է այսօր Ղարաբաղում։ Հազիվ թե նա գիտակցի այդ վտանգը, չէ՞ որ կյանքում գոնե մեկ անգամ վառոդի հոտ չի քաշել»,- դառնությամբ ասում է ֆրանսիական շարժման հերոսը։ Այսօր դը Գոլի զինվորը պետությունից ստանում է շուրջ 6 դոլար, որը, հասկանալի է, չի հերիքում անգամ դեղամիջոցներ ձեռք բերելուն։ Ֆաշիստական եւ խորհրդային ճամբարներում անցկացրած ծանր տարիները ողբերգական են անդրադարձել նրա առողջության վրա։ Խաչատրյանների ընտանիքում միակ աշխատողը նրա որդին էր՝ Վալերի Խաչատրյանը, որին մինչ օրս ԼՂ իշխանությունները չեն բացատրում հետապնդումների եւ ձերբակալությունների պատճառը։ ԼՂՀ-ում «օրինականություն» հաստատող Արկադի Ղուկասյանը, պարզվում է, չի սիրում ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ այլ երկրների, տվյալ դեպքում՝ Ֆրանսիայի հերոսներին։ Սերգեյ Խաչատրյանը տեղեկացնում է, որ պատերազմի վետերանների հավաքներին նրան չեն կանչում, մեկուսացնում են բոլոր միջոցառումներից։ «Պատճառը հասկանալի է. որդիս համարձակվել է կիսել Սամվել Բաբայանի որոշ տեսակետներ։ Սակայն թող ԼՂ իշխանություններն իմանան, որ գեներալ դը Գոլը Սամվել Բաբայանին երբեք չէր ձերբակալի։ Նման զինվորները նրա համար անփոխարինելի են»,- ավարտեց իր խոսքը Սերգեյ Խաչատրյանը։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031