Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ միգրացիան շարունակվում է

Հուլիս 31,2001 00:00

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ Իսկ միգրացիան շարունակվում է Ներկայումս Հայաստանում կանանց անկանոն միգրացիան ունի շարունակական աճման միտում՝ գոնե առաջիկա 5-10 տարիների համար եւ այդ գործընթացում գերիշխում են աշխատանքային միգրանտները։ Նման եզրակացության են եկել «Գործարար կին» կազմակերպության աշխատակիցները «Կանանց անկանոն միգրացիայի խնդիրները Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացրած սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունների արդյունքում։ Ըստ ուսումնասիրությունների, կին միգրանտների անկանոն փոխադրումն ունի թաքնված բնույթ, այսինքն՝ միգրացիոն գործընթացի տարբեր մասերում լինում են միգրանտների իրավունքների խախտումներ: Հարցումների արդյունքում պարզվել է, որ կին միգրանտները հիմնականում մեկնում են ԱՄՆ (15,1%), Թուրքիա (14,2), Գերմանիա (11,25), Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ (10,6), Մերձավոր Արեւելք (9,4), Հունաստան (8,6), Լեհաստան (8,2), Արեւմտյան Եվրոպայի երկրներ (7,7), Արեւելյան Եվրոպայի երկրներ (3,9)։ Արտերկիր մեկնած կանանց փոխադրման գործընթացը հիմնականում կազմակերպվում է տուրիստական գործակալությունների միջոցով (40,5%-ի դեպքում, անհատական հրավերների ձեւով՝ 27%, 15,5%-ը մեկնել է աշխատանքային հրավերով, իսկ 11%-ը՝ անձնական նախաձեռնությամբ)։ Տուրիստական խմբերով մեկնած կանանց մեծ մասը «կազմակերպող միջնորդների հետ» ունեցել է բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն՝ արտերկրում աշխատանքի տեղավորման համար։ Այս դեպքում եւս կանանց հանդեպ կիրառվել են մի շարք իրավախախտումներ։ Նրանցից շատերին կատարած աշխատանքի դիմաց կամ բոլորովին չեն վարձատրել, կամ էլ պայմանավորվածից քիչ են վարձատրել։ Կանանց 15,7%-ը հարկադրված է եղել կատարել այլ բնույթի աշխատանք նախատեսվածի փոխարեն, 23%-ի աշխատանքային պայմանները խիստ ծանր են եղել, 11,5%-ի անձնագիրը չեն վերադարձրել, որպեսզի ստիպեն աշխատել, իսկ 9,6%-ը տեղ հասնելուն պես պարզել է, որ իրենց կնքած պայմանագիրը կեղծ է։ «Գործարար կին» կազմակերպության կատարած լայնածավալ հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ այդ տուրիստական գործակալությունների միջնորդական «ծառայությունները» մեծ մասամբ հիմնված են եղել կեղծ փաստաթղթերի վրա, քանզի արտերկիր աշխատանքի մեկնած կանանց 30,7%-ի գործերում խախտվել են պայմանավորվածության հիմնական կետերը։ Ըստ «Գործարար կին» կազմակերպության վերլուծաբանների, վերոնշյալից «կարելի է փաստել, որ Հայաստանում գործում են մի շարք տուրիստական գործակալություններ, որոնք չունենալով այդ իրավունքը, հանդես են գալիս որպես արտերկրում աշխատանքի տեղավորման միջնորդներ»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել