Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկային

Օգոստոս 31,2001 00:00

ՌԻՍԿԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ Բանկային համակարգում նկատվող շարժն ուշագրավ է եւ մի քիչ անհանգստացնող։ Եթե 1-2 տարի առաջ անվերապահորեն ասվում էր, որ բանկային ոլորտը մեր տնտեսության ամենազարգացած ճյուղն է, ապա հիմա վերապահումներ կան այս առումով։ Վերջին շրջանում մի շարք բանկեր են կանգնել ֆինանսական խնդիրների առաջ, որոշների նկատմամբ խնամակալության գործընթաց է սկսվել, որոշներն էլ վաճառվել են։ Սեփականատիրոջ փոփոխությունն, ինքնին, բացասական երեւույթ չէ տնտեսագիտության մեջ։ Սակայն, երբ պետական մարմիններն են կանգնում գործարքի «թիկունքում», արդեն ընդունելի չէ։ Չնայած այսօր հանրապետությունում գործում են բանկեր, որոնք իրենց հաջող բիզնեսը տեղավորում են իրավական դաշտում, նաեւ այնպիսիք, որոնց հաջողության գրավականը պետական «կռիշաներն» են ու հովանավորչությունը։ Մասնավորապես «կռիշաների» հետ լեզու չգտնելուն է վերագրվում «Էկոնոմինվեստի» լիցենզիայից զրկվելը կամ «տանիքազրկվելուն»՝ «Միավորված բանկում», «Հայկապում» հանկարծակի ծագած խնդիրները։ Այս նույն պատճառով է, որ «Կոնվերս բանկը», մասնագետների գնահատմամբ, ամենառիսկային բանկն է հանրապետությունում։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հիմքերի խարխլումն անգամ կարող է խնդիրներ հարուցել այս բանկի համար։ Թեեւ նկատելի է, որ կոնկրետ բանկային համակարգում (ինչպես նաեւ տնտեսության գրեթե մյուս բոլոր ճյուղերում) հաջողություններ են ունենում նրանք, ովքեր երկրի իշխանությունների նկատմամբ «բարեկամական» դիրք են գրավում կամ «ջերմ» վերաբերմունք դրսեւորում, այնուամենայնիվ, հակառակը, այսինքն, որ բոլոր խնդիր ունեցողներն ընդդիմադիր են, միանշանակորեն պնդել չի կարելի, թեեւ այդտեղ էլ ճշմարտություն կա։ Օրինակ, մասնագետների պնդմամբ, «Ագրոբանկի» եւ «Կրեդիտ-Երեւանի» վաճառքի կամ ֆինանսական խնդիրների պատճառներն ամենեւին էլ քաղաքական չեն։ Օտարման մասին վճիռը կայացրել է սեփականատերը՝ ելնելով իր բիզնեսի վիճակից։ Անվիճելի է, որ այս երկու բանկերն էլ ժամանակին հաջողությամբ են գործել եւ խնդիրների առաջ են կանգնել սխալ մենեջմենթի պատճառով։ Այսինքն՝ հօգուտ մյուս բիզնեսների եւ ի վնաս բանկի, որոշումներ են կայացվել։ Այլ կերպ ասած, սեփական բանկը վարկավորել է սեփական անհեռանկար գործ։ Վատն այն է, որ շատ դեպքերում սեփականատերերը հաշվի չեն առնում պրոֆեսիոնալ մենեջերների կարծիքները։ Ամեն դեպքում կարծիքներն «Ագրոբանկի» դեպքում տարբեր են. կամ Հակոբ Հակոբյանը շատ կափսոսա այս բանկը գնելու համար, որովհետեւ բավականաչափ վատ վիճակում է այն, կամ կշահի, որովհետեւ շատ կօգնի իր բիզնեսին, քանի որ բանկի անունն ու հեղինակությունը դեռ ինչ-որ բան նշանակում են։ Ամեն դեպքում նկատենք, որ այս բանկում սեփականատիրոջ փոփոխությամբ սկսվեցին խնդիրները եւ պրոֆեսիոնալ առումով վատ բանկիրը ստանձնեց նաեւ մենեջերի իրականացումը։ Փաստվեց, որ այլ բիզնես ունեցող բանկիրն ի վնաս բանկի է աշխատում։ Ամեն դեպքում, նկատենք, որ իրավաբանորեն այս գործարքները դեռ կնքված չեն։ Կենտրոնական բանկը, ըստ «Առավոտին» հասած չստուգված տեղեկատվության, նախնական համաձայնություն չի տվել այս գործարքներին, ինչն անհրաժեշտ է, որովհետեւ դրանք նշանակալից գործարքներ են։ Իսկ «Միկան» արդեն ստացել է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը՝ «Հայխնայբանկի» մասնավորեցմանը մասնակցելու համար։ «Հայխնայբանկը» համակարգային արժեք է ներկայացնում։ Այսինքն՝ պատրաստ է սպասարկել կենսաթոշակների վճարումը, էներգետիկ համակարգի վճարումները եւ պետական մյուս ոլորտները (իսկ այս ոլորտների սպասարկումը շատ բանկերի համար կարող է շահավետ լինել)։ Այս առումով կարող էր զարմանալի թվալ այն հանգամանքը, որ հետաքրքրությունն այս բանկի նկատմամբ այնքան մեծ չէր, որքան օբյեկտիվորեն կարող էր լինել։ Բայց մասնավորեցումից հետո միայն՝ կառավարության (իրավաբանորեն), ավելի ճիշտ հանրապետության նախագահի (փաստացի) բարի կամքի դրսեւորման պարագայում։ Այսինքն՝ կախված նոր սեփականատիրոջ անձից ու իշխանությունների նկատմամբ նրա վերաբերմունքից։ Ուստիեւ, «Միկայի» տարբերակը հասկանալի է, նրան չեն մերժի պետության որոշ ծառայություններ սպասարկելու հարցում։ Նկատենք, որ ժամանակին համարձակ քայլեր արվում էին բանկերը քաղաքական ռիսկերից հեռու պահելու համար (բանկեր են փակվել եւ այլն), այժմ նկատենք, որ ԿԲ-ն ձեռնպահ է մնում բանկերը «տանիքազերծելու» հարցում, թեեւ ԿԲ նախագահն ամենաերաշխավորված պետական պաշտոնյան է։ Ի վերջո, այս չեզոքության պատճառով վտանգվում են ավանդատուների շահերը։ Բացի այդ, անուշադրության է մատնված օրենսդրական ոլորտը։ Վերլուծաբանների գնահատմամբ, սրա պատճառն այն է, որ Տիգրան Սարգսյանին միանշանակորեն պաշտպանող քաղաքական մեծամասնություն չկա խորհրդարանում, որը կընդառաջեր նրա ցանկացած խելամիտ նախաձեռնության։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել