Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ եղավ հետո, երբ Լոռու մարզպետարանի մի պաշտոնյա ընդդիմություն էր «փնտրում»

Դեկտեմբեր 26,2001 00:00

Բա ասում են ընդդիմություն չկա՜ Թե ինչ եղավ հետո, երբ Լոռու մարզպետարանի մի պաշտոնյա ընդդիմություն էր «փնտրում» «Առավոտում» դեկտեմբերի 15-ին տպագրված «Վանաձորում՝ ինչպես Վանաձորում» հոդվածի առնչությամբ՝ ՀԺԿ, «Ազգային միաբանություն», «Սպայի պատիվ» կազմակերպությունների Վանաձորի ղեկավարները խնդրեցին թերթին փոխանցել իրենց մտքերը։ Հոդվածում մեր կողմից հիշատակվել էր այն փաստը, որ Վանաձորի տեղական հեռուստատեսությամբ մի հաղորդման ժամանակ Լոռու մարզպետարանի մի պաշտոնյա (որն, ի դեպ, ռեպորտաժի ժամանակ ներկայացվեց որպես «պետության շահերի պաշտպան»), շուրջբոլորը նայելով ընդդիմություն էր «փնտրում», կարծիք հայտնելով, թե ընդդիմություն չկա. «Սպայի պատիվ» կազմակերպության Վանաձորի խորհրդի նախագահ Կորյուն Մարգարյանն այս կապակցությամբ նշեց. «Մենք էլ իշխանության գործունեությունը չենք տեսնում։ Արտագաղթը չի դադարում։ Գործազրկությունը շարունակվում է։ Այսօր մարզերում մեռած է կյանքը։ Ժողովուրդը սովի է մատնված»։ «Ազգային միաբանության» Վանաձորի տարածքային կազմակերպության ղեկավար Արամ Ռեւազյանն էլ հավելեց. «Ընդդիմությանը ինչպե՞ս կարող են տեսնել, եթե քաղաքային իշխանությունները «Արցախ» պուրակում արգելել են հանրահավաքները»։ Հոդվածում նշված մեկ այլ փաստի առնչությամբ էլ պարզեցինք, որ մայրաքաղաքում ընդդիմադիր եռյակի հանրահավաքին վանաձորցիների մասնակցությունը ապահովել են ՀԺԿ, «Ազգային միաբանություն», «Սպայի պատիվ» կազմակերպությունների Վանաձորի ղեկավարները։ Իրականացվել է շուրջ 100 ուղեւորների փոխադրում՝ այդ կազմակերպությունների ակտիվից։ ՀԺԿ Վանաձորի տարածքային կազմակերպության ղեկավար Ֆրունզե Թադեւոսյանը ներկայացրեց մի պատկառելի ցուցակ՝ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ ստորագրություններով։ Նաեւ հավաստիացրեց, որ ՀԺԿ Վանաձորի տարածքային կազմակերպությունը երբեւէ «բլինդաժներում» չի գործել, «ստվերում» չի գտնվել։ Այդ դեպքում ինչպե՞ս է, որ տեղական իշխանության ներկայացուցիչը (ի դեմս տեղական հեռուստատեսությամբ կարծիք հայտնած Լոռու մարզպետարանի պաշտոնյայի) նրանց որպես ընդդիմություն «չի նկատել»։ Քաղաքական ներկա իրավիճակում, երբ իշխանության գործունեությունը քննադատողները այդ քննադատությունը չընդունողների կողմից որակվում են որպես ընդդիմություն, հնարավո՞ր է արդյոք նախագահի հրաժարականը պահանջող կուսակցությունը այլ կերպ բնորոշել, եթե ոչ՝ ընդդիմություն։ Այն, որ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչը հեռուստատեսությամբ տեսակետ էր հայտնել ընդդիմության «չգոյության» մասին, հարուցել էր նաեւ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի վրդովմունքը։ Այդ առթիվ վերջինս զարմանք հայտնեց (տարեվերջի ասուլիսի ժամանակ), թե հիշյալ պաշտոնյան «չգիտես ինչու ընդդիմությանը սեղանների տակ էր փնտրում» (դա կարելի էր պատկերացնել՝ դիտելով հեռուստաելույթը)։ «Ժողովուրդն էլ իշխանություններին է փնտրում ու չի գտնում»,- փոխադարձեց Ա. Ղուկասյանը։- Այստեղ էականն այն է, որ հասարակական-քաղաքական կազմակերպությունները շատ ավելի զգայուն են իրենց նկատմամբ հասարակական կարծիքի ձեւավորման հարցում, քան՝ իշխանությունները, որոնք հաճախ անուշադրության են մատնում մամուլում բազմիցս հնչող քննադատություններն ու անպատասխան թողնում հարցադրումները, հետո էլ հայտարարում, թե «ընդդիմություն չկա»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել