Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի մեծ մտածող, արվեստագետ Մորիսի խոսքերով. «Մեծ գեղարվեստական

Դեկտեմբեր 26,2001 00:00

ԱՐՎԵՍՏԻ՞, ԹԵ՞ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԴԱՐ Ֆրանսիացի մեծ մտածող, արվեստագետ Մորիսի խոսքերով. «Մեծ գեղարվեստական դարաշրջաններն ասում են՝ Արվեստ։ Անգույն դարաշրջաններն ասում են՝ արվեստներ»։ Մշակույթի բարձրագույն հաստատությունները ներկայացնող ռեկտորների խոսքը անցած դարերի եւ ներկայիս հայ Արվեստի եւ արվեստների շուրջ։ Գեղանկարիչ, Երեւանի գեղարվեստի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյան «Յուրաքանչյուր նկարչի արվեստ ընդգրկուն է ու բազմանկար. նրանց մեջ միաժամանակ ապրում են մի քանի տարբեր արվեստագետ, որոնցից ամեն մեկը յուրովի հետաքրքիր է ու նշանակալի։ Եվ յուրաքանչյուր նկարչի աշխարհայացքային ու գեղագիտական ըմբռնումների լայնությունն ու խորությունը տարիների, դարերի ընթացքում սնվել են իրականության կենդանի երակներից, ժողովրդի պատմության առողջ շերտերից… Չկա մի դարաշրջան, որ մեծեր, հանճարներ ծնած չլինի։ Ճիշտ է, մենք փոքր ժողովուրդ ենք, փոքր ազգ, բայց միշտ մեր ժողովրդի արգանդը ծնել է տաղանդներ։ Եղել են, կան ու կլինեն դժվար շրջաններ հայ նկարիչների համար, բայց, տեսեք, յուրաքանչյուրի պատկերացման ելակետը դասական արվեստի սկզբունքներից է բխում։ Ժանրային սահմանափակումներ չունեն մեր նկարիչների ստեղծագործությունները. դիմանկարի, բնանկարի, թեմատիկ կոմպոզիցիոն պատկերի ընդարձակ սահմաններում նրանք իրացնում են գեղարվեստական տարակերպ խնդիրներ, հստակ դիրքորոշմամբ արծարծում էթիկական, բարոյական հարցեր։ Այս ամենը գալիս է դարերից, այս ամենը մենք ժառանգել ենք եւ երբեք չենք կորցրել իրականության զգացողությունը։ Կեղծ լավատեսությունը, դեկորատիվ գունագեղությունը խորթ են մեր արվեստին։ Ասենք՝ դժվար ժամանակներ են ու ձեռքներս ծալած նստե՞նք… իհարկե՝ ոչ։ Շատ ու ամենուր են ցուցադրվել ու ցուցադրվում հայ նկարիչների աշխատանքները։ Բնականաբար, չգիտենք, այսօր արդեն ոչ միայն հայրենիքում, այլեւ աշխարհով մեկ սփռված հայ նկարիչների գործերի ստույգ թիվը, հաշիվը, բայց մի բանում համոզված եմ, յուրաքանչյուր ստեղծագործություն ավարտուն մի մեղեդի է հաստատ, որ դիտողին գերում է առաջին իսկ վայրկյանից, առաջին իսկ հնչյունից։ Իհարկե, պարզ է՝ խոսքս պրոֆեսիոնալ արվեստի մասին է։ Անցյալ դարաշրջանը ես կանվանեի Արվեստ։ Չէ, մենք անգույն դարաշրջաններ չենք ունեցել։ Այս դարն էլ, հաստատ, բացառություն չի լինի։ Սա ես հենց այնպես չեմ ասում։ Անցնող այս, մեզ համար հոբելյանական տարին, որի ընթացքում բացվեցին թե մեզ մոտ, թե արտերկրում հայ նկարիչների բազմաթիվ ցուցահանդեսներ, ասածիս վկայությունն է։ Կցանկանամ, որ նկարիչները, եթե ունենան հոգսեր, ապա վերջիններս թող լինեն՝ միայն հաճելի եւ այսպիսի մի խորհուրդ ե՛ւ իմ ուսանողներին, ե՛ւ իմ կոլեգաներին. նվիրեք Ձեր նկարները, նվիրեք ու համոզված եղեք, որ դրանք կջերմացնեն մարդկանց հոգիները՝ վերջիններիս դարձնելով բարի ու գթասիրտ։ Ի վերջո, վրձինը մեր ձեռքում է, չէ՞…»։ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, Երեւանի թատերական եւ կինոարվեստի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Սոս Սարգսյան «Ապրել ենք 20-րդ դարում եւ հիմա 21-րդ դարի առաջին տարին ավարտվում է։ Իր ժամանակին Լենինն ասել է, որ արվեստներից ամենակարեւորը կինոն է։ Ես ավելացնեմ՝ թատրոնը նույնպես։ Վերջիններս իրենց հետքն են թողնում մարդու վարքագծի, ապրելակերպի վրա։ Թե ի՞նչ հետք, սրա շուրջ եմ ուզում խոսել։ Հիմա աշխարհում տիրում է, այսպես կոչված, «ամերիկյան արվեստը», չեմ ուզում ասել, որ վատ է, թե լավ… Բայց մի բան հաստատ կարող եմ ասել. ընդհանուր մթնոլորտը, ուղղվածությունը, մակարդակը շատ հեռու է Արվեստ կոչվելուց։ Աշխարհում, իմ կարծիքով, արվեստը կամ արվեստները ճգնաժամի մեջ են։ Ցավով պետք է նշեմ, որ հայ արվեստին հատուկ է գորշությունն ու միջակությունը, եթե չասեմ՝ կորցնում ենք մեր ազգայինը, ապա կորցնելու վտանգ կա։ Այսօր արվեստը գրավել են արատավոր մարդիկ եւ ներկայացնում են արատավոր մարդկանց՝ հոմոսեքսուալիստներին, թմրամոլներին.. սրանք են դարձել արվեստի նյութ։ Կարծում եմ, դեռ մարդիկ կան եւ աշխարհում, եւ մեզ մոտ, որ ի վերջո կհասկանան, թե ո՞ւր են տանում էս ուղիները։ Ինչպես ամեն ինչ կյանքում, սա էլ ժամանակավոր եւ ժամանակի խնդիր է։ Տեսեք, քանի՜ սերունդների համար սիրելի, մոտ ու հետաքրքիր էր ու է Չապլինի փոքր մարդը, քան ասենք՝ ամերիկյան արհեստական, այսպես կոչված՝ սուպեր հսկաների կերպարները։ Ավելի շատ էսօրվա մասին խոսեմ։ Համակարծիք կլինեք, թե՝ ոչ, բայց ասեմ. միջակի դար է ե՛ւ քաղաքական, ե՛ւ արվեստի, ե՛ւ գիտության ասպարեզներում։ Բայց բոլոր ժամանակներում եղել ու կլինեն տաղանդներ։ Հիմա ամեն ինչ կապում ենք ֆինանսի հետ, բայց տաղանդավոր ու հանճարեղ Հրաչյա Ներսիսյանը հարուստ չէր ու «պայթեց», չէ՞։ Ասածս էն է, որ տաղանդը ռումբի պես մի բան է։ Մերոնց թողած, մերը թողած, ինչի՞ ենք աչք տալիս դրսին։ Ինստիտուտի ռեկտոր եմ ու բարձրաձայն ասում եմ, որ դրսի ազդեցությունը շատ մեծ է, բայց մի տեսակ ներքուստ անհանգստանալու քիչ բան ունեմ, որովհետեւ լավ երիտասարդներ էլ ունենք։ Թող ջահելությունը ուժ առնի, թեւեր առնի ու թռչի։ Բոլորս պետք է անհանգստանանք մեր ապագայով։ Իհարկե, դժվարություններ կան, բայց հավատացնում եմ. եթե ստեղծվի մի բարձրարժեք, բարձր մակարդակի ֆիլմ կամ ներկայացում, ապա կգտնվի եւ գնահատող, եւ դիտող։ Ու գիտեք, չէ՞, ինչը կփրկի մեզ բոլորիս, թեկուզ, ինչպես ասացի՝ միջակի դարում։ Կփրկի կամ կփրկվենք, երբ հայացք գցենք մեր անցածին։ Չէ՞ որ երբ աշխարհ ենք եկել, ժողովուրդը մեզ պատրաստի մատուցել է դարերի տքնությամբ ստեղծած իր ողջ «հոգապահուստը», տվել՝ շռայլ ու անհատույց։ Եվ պետք է ու պարտավոր ենք այս ամենին ավելացնելու մեր հնչյունը։ Ոչ մի բանի համար ուշ չէ։ Դեռ լրիվ չենք կործանվել ու մեր մեծերի արվեստն էլ մեզ հետ է։ Թող 21-րդ դարը լինի մեծ Արվեստի դար»։ Կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Սմբատյան «Բոլոր արվեստագետների նպատակը նույնն է՝ մարդկայնացնել մարդուն։ Հանրահայտ ճշմարտություն է՝ Արվեստը շատացնում է Աստծո տված գեղեցիկը եւ եթե խլենք մարդկությունից ինչ ստեղծել են արվեստները, Երկիրը կկորցնի շարժման ուղղությունը։ Այո, թերեւս արվեստի ոչ մի տեսակ այնպիսի իշխանություն չունի մարդկային հոգու վրա, որքան երաժշտությունը։ Մեր ժողովուրդը, որ ամենից շատ է տառապել ազգերի աններդաշնակությունից, չի կարող չերազել հաշտություն, համաձայնություն, ներդաշնակություն՝ մարդկային ցեղերի միջեւ։ Բոլորս երազում ենք այն օրերը, երբ մի համերգում կհյուսվեն մարդկային ձայները եւ մարդկության համերաշխ երգը կողողի բոլոր պատնեշները։ Սակայն որքան էլ երազենք, հասկանում ենք, որ այդ համերգից մեզ երկար ժամանակ է բաժանում եւ այն ունկնդրելու «երջանիկ տոմսերը» կտակում ենք գալիք սերունդներին։ Իսկ գուցե այդ համերգը այս՝ 21-րդ դարո՞ւմ կկայանա։ Մենք հայ արվեստագետ ենք, քանի որ մեր՝ հայ ժողովրդի զավակն ենք, եւ որպես այդպիսին ունենք ինքնահատուկ իղձեր ու իդեալներ։ Դրանք ճակատագրով անցել են մեր ժողովրդից եւ մեր՝ երաժիշտների անձն ու գործն էլ այդ ճակատագրի անդրադարձն են։ Ձգտում ենք, որ ունկնդիրն էլ հասկանա ու սիրի երաժշտությունը։ Ցանկանում ենք, որ հարատեւեն այս խաղաղ օրերը։ Ես ունեմ մեր ժողովրդին հատուկ ֆանտաստիկ լավատեսություն։ Այս դարաշրջանը պետք է որ լինի մեծ գեղարվեստական։ Չէ որ երբ մեր ժողովուրդն ունեցել է խաղաղություն, ունեցել է այն ամենը, ինչ կարելի է ստեղծել աշխատանքով։ Բոլորն են ասում, նաեւ օտարները, որ մենք հանճարեղ ժողովուրդ ենք։ Իրոք, կարող են կործանել Անին, այրել Տաթեւի մատենադարանը, սակայն անհնար է ասպատակել ժողովրդի հանճարը։ Հաճախ կործանվածը մի ուրիշ տեղ է հառնում՝ էլ ավելի ճոխ։ Բոլոր դարերում ստեղծելը եղել է մեր ժողովրդի պատմական առաքելությունը։ Տարբեր ժամանակաշրջաններում ժողովրդի արածը մնացել է ժողովրդին, իսկ մշակույթը՝ ժողովրդի հարստությունն է։ Թող 21-րդ դարը հայոց պատմության մեջ լինի խաղաղության եւ, իհարկե, Արվեստի դար»։ Ռեկտորների խոսքից, ինչու չէ՝ ինչ-որ տեղ փիլիսոփայական մտքերից հետո ասենք հնչեցման կարգով, որ արվեստը միակ ասպարեզն է, որտեղ նշմարելի է աստվածայինը, ինչպես էլ որ այն կոչվելու լինի՝ երաժշտություն, կինո, թատրոն, նկարչություն… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել