Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՍՎԻՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ

Հունվար 31,2002 00:00

ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՍՎԻՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ «300 հազար սվինը լուրջ ուժ է, իսկ եթե 300 հազար սվինավոր կանայք էլ լինեն, ավելի հեշտ կլինի փոքր խմբերով ստրատեգիական խնդիրներ լուծել թշնամու թիկունքում»,- համոզված հայտարարեց ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը ռազմագիտություն առարկային եւ ռազմահայրենասիրական դաստիարակությանը նվիրված խորհրդակցության ժամանակ, որը վարում էր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։ Նա կարեւորեց դպրոցները այս կամ այն զինվորական մասին ամրագրելը, պահանջեց նաեւ ռազմահայրենասիրական միջոցառումներում մասնավոր քոլեջներին ու բուհերին եւս ընդգրկել։ Իսկ ամենավերջում այնպիսի պաթոսով ու տերմիններով խոսեց ժամանակակից պատերազմների ու դրանց նոր կանոնների մասին, որ հարուցեց ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանի զարմանքը. «Ոնց հաշվում եմ, չի ստացվում, ե՞րբ եք հասցրել բանակ գնալ ու ակադեմիա ավարտել, ախր մեր բոլորի հետ ակադեմիական մակարդակով ու ակադեմիական տերմիններով եք խոսում»։ Վ. Հովհաննիսյանն էլ, բանակում օրինակելի ծառայածի կեցվածք ընդունելով, ցրեց նրա կասկածները. «Բայց ես բանակում եմ, չէ՞, ծառայել»։ ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը համաձայնեց լրատվամիջոցներից մեկում հնչած այն մտքին, թե ընդդիմությունն ու դիմությունը երկու հարցում տարաձայնություն չունեն։ Դրանք են՝ կրթությունը եւ պաշտպանությունը։ Նա վկայակոչեց նաեւ իրենց բազմակուսակացական հանձնաժողովը, որը այդ հարցերում համերաշխ է աշխատում եւ հեռու է քաղաքական տարաձայնություններից։ Շ. Քոչարյանը հայտարարեց, որ կրթության շարունակականության եւ զինծառայության միջեւ եղած հակասությունից ձերբազատվելու համար անհրաժեշտ է վերանայել ԱԺ-ի ընդունած «Կրթության զարգացման ծրագիրը»։ Ըստ Շ. Քոչարյանի, ճիշտ կլինի, որ բոլորը, անկախ առողջական վիճակից ու մնացած հանգամանքներից, զորակոչվեն բանակ, եւ զինվորական ծառայությունը լինի մեկ տարի։ Նրա համոզմամբ, զինծառայության մեկ տարին չի կարող խախտել կրթության շարունակականությունը։ Հանրակրթական դպրոցներում նախնական զինվորական պատրաստության դրվածքը բարելավելու նպատակով հրավիրված խորհրդակցությանը ներկա էին նաեւ պաշտպանության փոխնախարարներ Արթուր Աղաբեկյանը եւ Միքայել Հարությունյանը, ինչպես նաեւ շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ։ Ցուցադրվեց նախնական զինպատրաստության տիպային կաբինետը՝ ստեղծված ԿԳ նախարարության եւ կրթական բարեփոխումների կենտրոնի ջանքերով։ Լեւոն Մկրտչյանը ներկաներին հավաստիացրեց, որ այն ամենը, ինչ ստեղծվել է՝ տարիների եւ հետեւողական աշխատանքի արդյունք է։ Նա ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրը դասեց ամենակարեւորների շարքում։ 2001թ. հրատարակվել են ՆԶՊ-ի 8, 9, 10-րդ դասարանների դասագրքերը, տպագրվել են ուսուցչի ձեռնարկն ու առարկայի ծրագրերը։ ԿԳ նախարարության «Տեղեկագրում» տպագրվել է նաեւ ՆԶՊ-ի ղեկավարի փաստաթղթերի փաթեթը եւ անվճար տրվել դպրոցներին։ ՀՀ ԿԳ եւ պաշտպանության նախարարությունների կողմից հաստատվել են ՆԶՊ-ի չափորոշիչները։ Բացի այդ, ՊՆ-ի կողմից 350 զինղեկների շնորհվել են պահեստազորի սկզբնական եւ հերթական կոչումներ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել