Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԵՔ ԳՆՈՒՄ, ԵԿԵՔ ԱՐՑԱԽ

Հունվար 31,2002 00:00

Ո՞ՒՐ ԵՔ ԳՆՈՒՄ, ԵԿԵՔ ԱՐՑԱԽ Այսօր Արցախի գյուղերում շուրջ երեք հազար դատարկ տուն կա։ Այդ գյուղերի զավակները ժամանակի ընթացքում թողել են գյուղը, իրենց հայրական տները, հեռացել ու այս վճռական ժամին չեն ցանկանում վերադառնալ։ Նրանք քաղաքաբնակ են դարձել, իրենց քաղաքացի են կոչում ու չեն ուզում նորից գյուղացի դառնալ։ Իսկ նրանց հայրական տները՝ այդ գյուղերում վիզները ծռած՝ իրենց զավակներին են սպասում, սպասում են հույսով, ապրելու, գոյատեւելու տենչով։ Նրանց մի մասը փլվել է, իսկ մի մասը դեռ կանգուն է, սպասում է տերերին։ Այս անմարդաբնակ տների քանակից դեռ մի քիչ էլ ավելի տներ կան, որտեղ ապրում են զառամյալ ծերունիներ, որոնք աչքները հառած իրենց տան դռներին՝ սպասում են, որ ուր որ է իրենց զավակներից գոնե մեկը կվերադառնա։ Սակայն այդ դռները բացող չկա։ Նրանց զավակները դեռ թափառում են օտարության մեջ։ – Նրանք քիչ չեն նաեւ մայր Հայաստանում, Երեւանում, որտեղ թափառում են, վարձով տուն, հարմարավետ աշխատանք փնտրում։ Իմ համագյուղացի մի զառամյալ կին ծնել ու դաստիարակել է հինգ երեխա եւ ունի քսանից ավելի թոռներ։ Այսօր նրանցից մեկը չկա, որ վերադառնա գյուղ, բացի մոր կամ տատիկի դուռը։ Այս խեղճ, զառամյալ կինը գիշեր ու ցերեկ աշխատել, պահել-մեծացրել է նրանց ու այսօր մնացել մենակ, անօգնական ու անպաշտպան։ Զավակները ժամանակի ընթացքում հերթով, մեկը մյուսին նայելով, թողել են գյուղը ու գնացել Բաքու, մեծ տներ են կառուցել ու գյուղը մոռացել։ Այսօր նրանք Բաքվից փախել ու Երեւանում են ապրում։ Նրանք էլ շատերի նման Արցախի ճամփան մոռացել են։ Գոնե լավ է, որ մայր Հայաստանը չեն մոռացել ու Երեւան են եկել։ Նման զավակներին Արցախում հազարավոր տներ, զառամյալ ծնողներ են սպասում։ Արդյո՞ք նրանք գիտեն, որ եթե չվերադառնան իրենց այդ հայրական տներին տիրություն անելու, ապա վաղը, մյուս օրը օտարները տիրություն կանեն։ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ-ՔՅՈԽԱՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել