Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՆՈՐԻ՞Ց «ԽԱՂ ՉԿԱ»

Մարտ 30,2002 00:00

ՆՈՐԻ՞Ց «ԽԱՂ ՉԿԱ» Եթե «Ա1+»-ը զրկվի եթերից, ապա դրա գլխավոր պատասխանատուն կլինի Ռոբերտ Քոչարյանը: Ոչ թե իր նշանակած Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, ոչ էլ նախագահի աշխատակազմում պրոպագանդայի պատասխանատու Ալեքսան Հարությունյանը: Ես սրտանց կարեկցում եմ այն «սլաքավարներին», որոնք ապրիլի 2-ից հետո ստիպված կլինեն ինչ-որ բառեր բարբաջել «օբյեկտիվ մրցույթի», «Շարմի» կամ «Դոֆինի» աշխարհացունց ծրագրերի եւ «ինվեստիցիաների» մասին: Մեղադրել նրանց՝ նույնն է, ինչ մեղադրել այն ոստիկաններին, որոնք 95 թվականի սկզբին ջարդուխուրդ էին անում «Երկիր» թերթի համակարգիչները: Հրամանը մնում է հրաման՝ կամ կատարիր, կամ զրկվիր քո աշխատատեղից եւ մեծ անախորժություններ ունեցիր: Ի դեպ, 95-ին էլ ամեն ինչ արվում էր «օրենքով»՝ կասեցվել էր կուսակցությունը, հետեւաբար պետք է կասեցվեր նրա թերթը: Ես չեմ մեղադրում նաեւ իշխանության շահերը ներկայացնող քարոզչամիջոցներին, որոնք պարտադրված են նախօրոք արդարացնել հանձնաժողովի (իրականում՝ Քոչարյանի) որոշումը՝ «Ա1+»-ը փակելու մասին եւ ստիպված են կրկնել այն ստերը, որոնց իրենք էլ չեն հավատում՝ իբր «Ա1+»-ը «հհշամետ լրատվամիջոց է»: Կարեւորն այստեղ իշխանության բնույթն է, որը 10 տարվա ընթացքում չի փոխվել՝ ուժի նույն ինքնամոռաց ցուցադրումը, հասարակության նկատմամբ նույն արհամարհանքը, նույն՝ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը: Հոկտեմբերի 27-ից եւ «Առագաստում» սպանությունից հետո այդ անզուսպ ինքնահավանությունը եւ անպատժելիության զգացողությունը վերջնականապես կուրացրին մեր իշխանավորներին: «Տրամաբանությունը» հետեւյալն է. եթե կարողացել ենք մարսել բոլոր սպանությունները եւ շարունակում ենք անամոթաբար ստել տնտեսական աճի եւ ժողովրդավարության զարգացման մասին, ապա ինչո՞ւ չենք մարսի «Ա1+»-ի փակումը: Եթերն էլ 100 տոկոսով կվերահսկենք, էլ ոչ մի ընդդիմադիր ծպտուն չի լսվի: Իհարկե, դա պատրանք է: Իհարկե, նման գործելակերպն իրականում բացասական լիցքերի կուտակում է, որոնք վաղ թե ուշ կդրսեւորվեն: Բայց դա հասկանալու համար խելք է պետք: Հովհաննես Երիցյանի վերադասներից դա դժվար է սպասել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031