Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐ Է ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԻՑ

Մարտ 30,2002 00:00

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐ Է ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԻՑ «Եթե մինչեւ 30 ապրիլ 1999թ., ԱՐԱՐԱՏ-՛ՆՈՎԱ172ի հինգ միլիոն դոլար Ծրագիրը չի իրագործվել, ընկերությունը 90 օրվա ընթացքում վերադարձնում է առ այսօր ներդրված 840,000 դոլարը, առավել տարեկան 10% տոկոսադրույք, որը հաշվարկվում է մինչեւ 14 հոկտեմբեր 1998թ., եւ այսպիսով ետ է հանձնվում ԱՐԱՐԱՏ գինու կոմբինատ ԲԲ Ընկերության մինչ այդ ստացված բոլոր բաժնետոմսերը, սկզբնական տերերին…» Ներդրումային ծրագիրը ընդգրկում էր մինչեւ մեկ միլիոն դոլարի անվերադարձ գումարային մուտք եւ չորս միլիոն դոլարի արեւմտյան ներդրողներից երաշխավորված վարկեր, որոնք գործի շահույթից պիտի վերադարձվեին հինգ տարվա ընթացքում, տարեկան 12.5% տոկոսադրույքով, որը կկազմեր ընդհանուր վեց եւ կես միլիոն դոլարի վերադարձ, եւ այսպիսով կդառնային Գինու կոմբինատի 51%-ի տերը։ Այսքան արտոնյալ պայմանները քիչ համարեցին մեր արտասահմանյան հայազգի «մեծահարուստ ներդրողները»։ Արեւմտյան ներդրողները առ այսօր ընդամենը ներդրել են 803 հազար դոլար, բայց չեն հրաժարվել 51%-ին տիրանալու մտքից։ ճիշտ է, նրանք դիմել էին ԱՄՆ-ի պետական վարկատու ֆինանսական հաստատության՝ OPIC 172ին, որը արտասահմանյան ծրագրերն իրականացնելու համար վարկ է տալիս միայն ամերիկացի բաժնետերերի, ի դիմաց նրանց անձնական եւ հավաքական երաշխիքների։ Սակայն OPIC172ը մերժեց, հիմնավորելով նրանց թույլ կարողությունը։ Չնայած, ըստ Պայմանագրի, OPIC172ի մերժման դեպքում, արտասահմանյան «ներդրողները» պարտավորվել էին իրենց անձնական միջոցներից լրացուցիչ վարկ տրամադրել երեք միլիոն դոլարի չափով։ Այս պարտականությունն էլ չկատարեցին։ Փաստորեն, Կայծակ Զեյթլյանը եւ իր գործընկերները չէին կարող հանդիսանալ Ընկերության հսկիչ փափեթի տերը։ Եվ վերջապես կարեւոր է իմանալ, ովքե՞ր են այս «մեծահարուստ, հայրենասեր մյուս ներդրողները»։ Լոս Անջելեսում բնակվող, Հայաստանից մեկնած Խաչիկ Սիմոնյանը ԱՄՆ֊ում կատարած չարաշահումների եւ խոշոր գումարներ հափշտակելու համար դատապարտված է։ Առ այսօր, կատարած $ 803 հազ. ներդրման դիմաց, Կայծակ Զեյթլյանը եւ իր գործընկերները լավագույն դեպքում կարող էին ըստ Պայմանագրի ստանալ եւս 10%, մինչդեռ նրանք պահանջում են ներդրած գումարի կրկնակիից ավելին, այսինքն $ 1.800 հազ։ Այսինքն, այս ամբողջ քաշքշուկը կայանում է նրանում, որ յոթ «հայրենասեր ներդրողները» մեկ միլիոն հավելյալ դոլար կորզեն Հայաստանի մեկ ձեռնարկությունից։ Կայծակ Զեյթլյան֊Սարգիս Հացպանյան զույգը ղեկավարվում է դարերով փորձված եւ իրեն արդարացրած սկզբունքով՝ հարձակումը պաշտպանության լավագույն ձեւն է։ Ուստի ի սկզբանե հարձակվում են։ Զենքը նույնպես լավորակ է, տպավորիչ՝ սուր, պաթետիկ ոճ, հայրենասիրական կոչ՝ սատար կանգնել, փրկել Հայրենիքը անձնազոհությամբ, օգտագործել ղեկավարների, ազդեցիկ կուսակցությունների անունները։ * * * Ի պատիվ Կայծակ Զեյթլյանի եւ Սարգիս Հացպանյանի, նշենք՝ նրանց հայաստանյան կենսագրության մեջ «Արարատ» գինու կոմբինատը միակը չէ։ Նրանք ունեն լավ ճաշակ՝ գինու հետ պետք է լինեն համեղ ճաշատեսակներ, որոք էլ իրենց հերթին պահանջում են մարսողական «Ջերմուկ»։ «Ջերմուկ» գործարանի ՓԲ Ընկերությունում Կայծակ Զեյթլյանի նախաձեռնած ավերածությունների օրինակները նույնպես բազմաթիվ եւ բազմազան են։ Կայծակի հարազատը՝ Հովհաննես Զեյթլյանը «Արթուր եւ Արայ» ՍՊ ընկերության միջոցով ստանում է «Ջերմուկ» գործարանից շուրջ 4 մլն դրամի հանքային ջուր, բայց հիշողության վատթարացման պատճառով Հովհաննեսը մինչ օրս չի վերադարձրել պարտքը։ Նույն Հովիկը մոռացել է վերադարձնել (չենք ուզում օգտագործել՝ յուրացրել է) դեռեւս 1999 թ. արտադրական նպատակների անվան տակ ստացած 1.545.900 դրամը։ Կայծակի մյուս հարազատը՝ Հակոբ Թոսունյանը տառապում է պաթոլոգիկ ամոթխածությամբ եւ անհարմար է զգում ընկերությանը վերադարձնել 1999֊ից ստացած 2.178.710 դրամը։ Կայծակ Զեյթլյանի պահանջով, Էրեբունի համայնքում եւ Սարգիս Հացպանյանի կնոջ եղբոր՝ Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական, Արգիշտի Ղազարյանի վերահսկողությամբ, բացվեց «Ջերմուկ» ՓԲ ընկերության թիվ 3 ֆիրմային խանութը։ Մի քանի ամիս աշխատելուց հետո խանութը լուծարվել է՝ հասցնելով ընկերությանը «պարտք մնալ» 3.500.000 դրամ։ Մի փոքրիկ դետալ եւս՝ Կայծակ Զեյթլյանի երաշխավորությամբ, Արգիշտի Ղազարյանը 15.631.178 դրամի արտադրանք է արտահանել Ուկրաինա, բայց «մոռացել» է գումարը վերադարձնել ընկերությանը։ Նույն Արգիշտի Ղազարյանը, պարզվում է, որ գիշեր ու ցերեկ որպես հաստիքային աշխատող, միաժամանակ գտնվել է նաեւ Երեւանից շուրջ 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Ջերմուկ» գործարանում, եւ որպես իրավաբան, վերահսկել, որ Ջերմուկի քիմիական բաղադրությունը չխախտվի։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս էր աշխատում՝ մի ոտքը գտնվում էր վճռաբեկ դատարանում, իսկ մյուսը՝ Ջերմուկում։ Հիմա էլ Արգիշտի Ղազարյանը հայցով է ներկայացել դատարան, պահանջելով երկու տարվա աշխատավարձ՝ մոտ վեց միլիոն դրամ։ Նրան ընկերակցում է Կայծակ Զեյթլյանի մյուս հարազատը՝ Հակոբ Թոսունյանը, նման պահանջով։ «Մեծ» հայրենասերների կողմից «մոռացված», նշված եւ չնշված գումարներից հարկեր, տուրքեր կբռնագանձվե՞ն, թոշակառուները, ուսուցիչները, բուժանձնակազմը, գիտնականները կարո՞ղ են բավարարել իրենց հանապազօրյա հացը, երբ նորօրյա փրկիչները վատնում են, եւ նրանց հովանավորները մնում են անպատիժ, երբ Կայծակ Զեյթլյանի միանձնյա նշանակած տնօրենի «շնորհիվ», 1999թ. մի քանի ամիսների ընթացքում «Ջերմուկ» գործարանին հասցվել է մոտ $ 500 հազ. վնաս (ըստ աուդիտի եզրակացության)։ Նրանց հարազատները հիշողության «կորստի» եւ «համեստության» պատճառով ամոթ են զգում «Ջերմուկ» ընկերությանը վերադարձնել մի քանի տասնյակ միլիոն դրամից ավելի պարտքեր։ Ընթերցողին իրազեկենք. եթե կառավարությունը գրավոր հաստատում է, որ ներկրված բեռնարկղի պարունակությունը մարդասիրական օժանդակության բնույթ ունի, այդ ապրանքների ներմուծումը եւ ծառայությունների մատուցումը ազատվում են ավելացված արժեքի հարկից, մաքսատուրքից եւ մաքսավճարից։ Սարգիս Հացպանյանի անունով ստացվում է Լոս Անջելեսից բեռնարկղ։ Ընթերցենք նրա ստացած թիվ 45769 բեռնարկղի պարունակությունը։ Թիվ մեկ համարի տակ նշված է «Ջիպ» ավտոմեքենա։ Այն զբաղեցրել է բեռնարկղի ծավալի 25%֊ը։ Չնայած պետական խստագույն գաղտնիք է, բայց հրապարակենք։ Այդ մեքենան ունի մեկ ստրատեգիական նպատակ՝ ապահովել Հայաստան երկրի ռազմական «անվտանգությունը»։ Այդ «Ջիպ» մեքենայի համարանիշն է՝ 1219: Հանուն հայ ժողովրդի փրկության, Սարգիս Հացպանյանը երեւի այդ մեքենայով որսի է գնում, ձմռանը՝ Ծաղկաձոր է մեկնում դահուկներով սահելու։ Այդ մեքենայով հիանալ ցանկացողները կարող են իրենց իղձը կատարել՝ մեքենան մշտապես կանգնած է Մաշտոցի 41 շենքի մոտ, կինո «Նաիրիի» դիմաց, իսկ այդ շենքի թիվ 12 շքեղ բնակարանը դարձյալ «բարեգործական եւ Հայրենիքը փրկելու նպատակով» հանձնված է նույն Սարգսին։ Հայաստան երկրի սահմանները անանցանելի դարձնելու նպատակով, Սարգիսը պահանջել եւ ստացել է այդ բեռնարկղով՝ չորս հատ դպրոցական գրատախտակ, յուրաքանչյուրը 75 կգ քաշով, 150 դոլար արժեքով։ Որպեսզի որեւէ մեկի ձեռքն ընկնելիս չբացահայտվի «ռազմական գաղտնիքը», հեռատեսորեն փաստաթղթերում ցույց չեն տվել չորս գրատախտակի մեջ պատրաստված թաքստոցում՝ 7-րդ դասարանի մի կապոց կավիճը։ Ուղարկված է 35 հակ՝ 1800 դոլար արժեքի «մաքուր, լավ վիճակում, օգտագործված» հագուստ։ Այսինքն՝ տակավին նոր, ընդամենը մի քանի անգամ քիմիական մաքրման տրված։ Փաստորեն, մեկ հակի արժեքը կազմել է 514 դոլար։ Կամ, ստացել է 34 հատ աթոռ՝ «օգտագործված, լավ վիճակում», յուրաքանչյուրը 30 կգ քաշով, յուրաքանչյուրի գինը 92 դոլար։ Կամ մեկ տուփ սավան, գինը 350 դոլար։ Եթե չլիներ «օգտագործվածը», պետք է ենթադրել, որ ապրանքները գնվել են անտիկվարի խանութից։ Իսկ ինչքա՞ն են կազմել տրանսպորտային եւ մաքսային ծախսերը։ Մեր հայրենակիցները հիրավի մեծ գործ են կատարում։ Բայց առանձին անհատներ չարաշահում են ուրիշի քրտինքը, հայրենասիրությունը։ Ավելի ճիշտ չէ՞ այդ շա՜տ «մաքուր վիճակում» ապրանքներն ուղարկելու փոխարեն (օգտագործված ապրանքներն արտասահմանում վաճառվում են քաշով), այստեղ գնեին դրանք, իհարկե առանց Սարգիս Հացպանյանի «Ջիպ» մեքենայի։ Իսկ այդ ծախսերը տասնապատիկ թանկ են նստում, քան ուղարկված «մաքուր, լավ վիճակում, օգտագործված» հագուստեղենը։ Հարկ է պարզել, թե ում է պատկանում «Ջիպ» ավտոմեքենան, ինչո՞ւ է այն ուղարկվել ԱՄՆ֊ի կառավարության ծախսերով վարձակալված բեռնարկղով, ի՞նչ նպատակով է այդ մեքենան օգտագործվում Երեւանում, նկատի ունենալով այն իրողությունը, որ Լոս Անջելեսի «Հայրենիք» միությունը անընդհատ իրականացվող ծրագրեր չունի Հայաստանում։ Մանավանդ որ, տրանսպորտի օգտագործման անհրաժեշտությունը չկա։ Ինչպես վկայել է Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի փոխտնօրեն Գոհար Գասպարյանը, Սարգիս Հացպանյանի ներկայացրած բեռնարկղերը փոխված են եղել «քրջոտ, թեւերը պատառոտված հագուստներով»։ Իսկ Կենտրոնի տնօրեն Սուրեն Մարտիրոսյանը ճշգրտել է՝ «Սարգիս Հացպանյանը արկղերի բացված, հագուստների պատառոտված լինելը վերագրել է մաքսատան աշխատողներին»։ Մինչդեռ, իրենք պարզել են, որ «Հացպանյանը զրպարտել է մաքսատան աշխատակիցներին, ապրանքը մաքսատնից դուրս է եկել «կանաչ ճանապարհով, այսինքն՝ չի զննվել»։ Նրանք խնդրել են կառավարությանը՝ չհաստատել Սարգիս Հացպանյանի հետագա ծրագրերը։ Լոս Անջելեսի «Հայրենիք» միության պատասխանատու Հակոբ Ալեքսանյանը Նոր Նորքի համայնքի վետերանների խորհրդի նախագահին հասցեագրված նամակում հայտնել է ուղարկվելիք օգնության մասին, միաժամանակ իրազեկելով, որ բեռը ուղարկվել է Միության ներկայացուցիչ Սարգիս Հացպանյանի անունով, եւ վետերաններին պատկանելիքի ցուցակը նրա մոտ է գտնվում։ Վետերանները եւ թիվ 141 դպրոցի տնօրենը կառավարության մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահին հասցեագրված դիմումի մեջ հայտնել են, որ «բեռը լրիվ թալանված է, փոխված ոչ պիտանի ապրանքներով»։ Մեզ հայտնի է, որ «Հայրենիք» միությունը բարի համբավ ունի, կատարել է մի շարք բարեգործական միջոցառումներ։ Բայց, Սարգիս Հացպանյանի գործունեությունը մեծ վնաս է հասցրել Միության համբավին եւ Հայաստանում՝ այդ բեռնարկղի հետ կապված վեճը քննարկվել է կառավարությունում, Երեւանի եւ Աբովյանի քաղաքապետարաններում, ոստիկանությունում, ներքին գործերի նախարարությունում, դատարաններում եւ գլխավոր դատախազությունում։ Սարգիս Հացպանյանի կողմից Հայաստանում իրականացրած ազգապահպան մի քանի մանրամասներ եւս թվարկենք։ Սարգիս Հացպանյանի կինը՝ Հասմիկ Պողոսյանը «Ջերմուկ» գործարանից ստացել է 1.421.580 դրամ արժողությամբ հանքային ջուր եւ հսկիչ դրամարկղային մեքենա, որը առ այսօր չի վերադարձվել։ Իրականում, ստացվում է, որ Սարգիս Հացպանյանը Երեւանում զբաղված է բուռն ձեռներեցությամբ։ Միայն 2000թ. ամռանը նա «հայրենասիրական» մղումներով, որպես Կայծակ Զեյթլյանի ներկայացուցիչ, գործուղվել է Արաբական Միացյալ էմիրություններ։ Հինգ օր Դուբայում գտնվելը գնահատվել է 5000 դոլար՝ Հացպանյանի կողմից եթերային թվերով ներկայացված «հաշվետվությունից» «Ջերմուկին» է մնացել 1100 դոլար արժեքի հովանոցներ։ Վերջում արժե մեջբերել Բելգիայից հայտնի բարերար Ջանիկ Օսկանյանի նամակից մի հատված։ «Հայրենասիրությունը պարապ խոսք չէ, որ պրն Կայծակ Զեյթլյանը չի հոգնում անընդհատ իրեն վերագրել, դա գործ է, որն արվում է ի նպաստ հայրենիքի բարգավաճման եւ ոչ թե սեփական շահերի»։ ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆ «Օգոստոսի 23, Ազգային Դաշինք» իրավապաշտպան միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել