Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ…

Ապրիլ 23,2002 00:00

ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ… Ովքե՞ր են ժողովրդավարության թշնամիները Օրերս «Համաշխարհային ուսուցում» միջազգային կազմակերպության Վանաձորի գրասենյակում կայացավ հանդիպում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ինստիտուցիոնալ վերլուծությունների եւ ծրագրերի խորհրդական Ջեյմս Թ. Թոմսոնի եւ մի քանի ԶԼՄ-ների միջեւ։ Հանդիպմանը մասնակցում էին «Առավոտ» օրաթերթի, Հանրային ռադիոյի Վանաձորի թղթակիցները, «Քաղաքացիական նախաձեռնություն» վանաձորյան նորաստեղծ թերթի եւ «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթի խմբագիրները, ինչպես նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Կովկասի լիազոր ներկայացուցիչը։ Հանդիպման ընթացքում «Առավոտի» թղթակիցը ներկայացրեց այն հիմնախնդիրները, որոնք խոչընդոտ են հանդիսանում անկախ մամուլի զարգացման համար։ Նշվեց, որ իշխանական ոլորտում գտնվող լրագրողները Վանաձորում այսօր տիրապետում են հեռահաղորդակցության ժամանակակից բոլոր միջոցներին, իսկ իշխանությունների քիմքին ոչ հաճելի լրագրողը (հանրապետական անկախ մամուլի հետ աշխատող) կարող է զրկվել նույնիսկ նախկինում ունեցած աշխատանքային տարածքից։ Հիշատակվեց, որ 1998թ. նախագահական ընտրությունների նախօրյակին նախատեսվում էր Վանաձորում ստեղծել մամուլի կենտրոն, որը հավասարության իրավունք էր երաշխավորում բոլոր լրագրողների համար (անկախ մամուլի «տեսակից» կամ «գույնից»), սակայն հետագայում այդ խոստումը տված պաշտոնյան առաջ քաշվեց բարձր պաշտոնի եւ տեղափոխվեց մայրաքաղաք (խոստումն էլ մնաց «օդում»)։ «Առավոտի» թղթակիցը նաեւ կոնկրետ փաստեր վկայակոչելով նկատեց, որ տեղական իշխանությունները բավականին մարտականորեն են տրամադրված քննադատության հանդեպ, եւ, քանի որ անառարկելի փաստերը հերքել չեն կարողանում, ուստի սկսում են հալածանքների ենթարկել իրենց թերությունները վերհանողներին՝ հնարավոր բոլոր լծակներով։ Բերվեցին կոնկրետ եւ թարմ օրինակներ նաեւ այն մասին, որ Լոռու մարզում գրաքննություն է իրականացվում տեղական հեռուստատեսությունների (եւ նրանց միջոցով հեռարձակվող հանրապետական հաղորդումների) նկատմամբ։ Հիշատակվեց այն, որ սկսած 2001թ. աշնանից, Վանաձորում դադարեցվեցին «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լուրերի, «Կիրակի» վերլուծական-լրատվականի եւ «Ա1+ մամուլի» հեռարձակումները (որոնք տրվում էին «Լոռի-Վանաձոր» դեցիմետրային հաճախականության հեռուստատեսության միջոցով), այն դեպքում, երբ այդ հաղորդումները մեծ հետաքրքրություն էին առաջացրել վանաձորցիների շրջանում («Առավոտ», 19.01.2002թ.)։ Հանրային ռադիոյի թղթակից Սուրեն Արսենյանը դժգոհություն հայտնեց Լոռու մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, որի վարիչը խտրականություն է կիրառում ԶԼՄ-ների միջեւ՝ մարզում (կամ մարզպետարանում) կայացող զանազան միջոցառումների, սեմինար-խորհրդակցությունների, պաշտոնական այցելությունների մասին վերջիններիս տեղեկացնելու հարցում։ (Ասենք, որ այս խնդրին «Առավոտը» բազմիցս անդրադարձել է, եւ որպես «արձագանք», լրատվության բաժինն ընդհանրապես… վերացել է, բաժնի վարիչին էլ «առաջ են քաշել»՝ նշանակելով մարզպետի խորհրդական (որքան հասկացանք, լրատվության բաժնի վարիչի «գործառույթները» թերեւս պետք է իրականացվեն խորհրդականի միջոցով, եթե այդ հաստիքը զբաղեցնող պաշտոնյայից դեռ բողոքում են)։ Հույս ունենք, որ սույն հրապարակումից հետո հիշյալ պաշտոնյան կբարձրանա եւս մեկ աստիճան։ Հանրային ռադիոյի թղթակիցը ամերիկյան կողմի հարցին ի պատասխան դժգոհեց, որ հրապարակայնության առումով վիճակը նույնն է նաեւ Վանաձորի քաղաքապետարանում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթի խմբագիր Արթուր Սաքունցը քննադատեց, որ Վանաձորի համայնքի ավագանու նիստերը կայանում են «փակ, գաղտնի» հիմունքներով (ինչն առավել եւս անթույլատրելի համարեց բյուջեի քննարկման հարցում), ավելի հաճախ տեղական մամուլում չի էլ ծանուցվում կայանալիք օրվա մասին, ԶԼՄ-ներ ներկա չեն լինում այդ նիստերին։ Ամերիկյան կողմին (ի դեմս Ջ. Թոմսոնի) հետաքրքրող հարցերից ուշագրավ էին հետեւյալները. «Երկրում ո՞ւմ ձեռքին է գտնվում իշխանությունը՝ նախագահի՞, թե՞ վարչապետի», «Իսկ վարչապետը իրեն խելոք չի՞ պահում», «Երբեւէ եղե՞լ է, որ կառավարությունը խախտի այս երկրի օրենքները»։ Այս հարցերն ուղղվեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարին։ Իսկ «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթի (որում ժամանցային, հայտարարությունների վերաբերյալ, պաշտոնական-տեղեկատվական եւ այլ «անշառ» նյութեր են տպագրվում) խմբագրին Ջ. Թոմսոնը կես-լուրջ, կես-կատակ հարցրեց, թե «Ի՞նչ հետեւանքներ կարող են լինել» նրա համար, եթե հանկարծ իր թերթում փորձի տպագրել «Առավոտի» թղթակցի հոդվածներից։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930