Լրահոս
Օրվա լրահոսը

7-ՐԴ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆ ԷԼ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ

Ապրիլ 30,2002 00:00

7-ՐԴ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆ ԷԼ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ «27»-ի քրգործի դատաքննությունը շարունակվում է։ Ինչպես տեղեկացրել ենք, 6 ամբաստանյալներ ավարտել են իրենց դատաքննական ցուցմունքները։ Ավարտվել էին ցուցմունքներում առկա հակասությունների վերաբերյալ հարցաքննությունները եւ հերթը, փաստորեն, թվով 7-րդ ամբաստանյալ Համլետ Ստեփանյանինն էր։ Ամբաստանյալը ազատամարտիկ է, Մարտակերտի, Շահումյանի ինքնապաշտպանական կռիվների մասնակից եւ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է «1992-94թթ. մարտական գործողությունների մասնակցի» կրծքանշանով։ Ի դեպ, 1998թ. լույս տեսած Ալբերտ Ղազարյանի «Հայոց արծիվներ» գրքի 76-րդ էջում կա որոշակի տեղեկատվություն նրա մարտական կենսագրության մասին։ Ինչպես նախկինում, երեկ էլ նույնպես չխախտվեց ավանդույթը. թե՛ ամբաստանյալների հարազատները եւ թե՛ տուժողի իրավահաջորդները, մասնավորապես նաեւ տուժողները (թվով 91) դատարանում չէին։ Հավանաբար, նրանք վստահում են ամբաստանյալների պաշտպաններին եւ իրավահաջորդի ներկայացուցիչ- փաստաբաններին։ Երեկ փաստաբան Օլեգ Յունոշեւը միջնորդեց, որ Համլետ Ստեփանյանի ցուցմունքը լսվի ամբաստանյալներ Նաիրի եւ Կարեն Հունանյանների, Էդիկ Գրիգորյանի, Դերենիկ Բեջանովի, Վռամ Գալստյանի, Աշոտ Կնյազյանի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը (մեղադրանքի կողմի) անցկացվի առանց խմբի անդամների ներկայության։ Միջնորդությունն, ի դեպ, բավարարվեց։ Ամբաստանյալ Համլետ Ստեփանյանը իրեն մեղավոր ճանաչեց քրօրի 232 հոդվածի առաջին մասով միայն, ըստ որի, ընդունում էր, որ «ապօրինաբար» զենք է պահել։ Մնացած հոդվածների առումով նա չընդունեց իր մեղսակցությունը 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության կատարմանը։ Նա իր ցուցմունքը սկսեց ինքնապաշտպանական կռիվներին իր մասնակցությունից, հրաժարվեց նախաքննական բոլոր ցուցմունքներից։ Ամբաստանյալը հայտնեց, որ 46 ուսումնարանի կաթսայատանն է պահել զենքը (հիշենք, որ Բեջանովն էլ մանկապարտեզի տարածքում էր թաքցրել զենքը- Ռ. Մ.), որը հետագայում տեղափոխել է իր տան բակ։ Նա հայտնեց, որ Նաիրի եւ Կարեն Հունանյաններին ճանաչել է «դատարանի դահլիճից», Էդիկ Գրիգորյանին տեսել է դեպքի օրը, «ՌԱՖ» մեքենայի միջից, Աշոտ Կնյազյանին եւ Վռամ Գալստյանին նույնպես ճանաչել է դեպքի օրը եւ, փաստորեն, խմբի անդամներից ճանաչել է միայն Դերենիկ Բեջանովին՝ 1989-90-ական թվականներից։ Նրանք եղել են մարտական ընկերներ եւ կռվել են «Արամ Մանուկյան» ու «Զորավար Անդրանիկ» ջոկատներում։ Համլետ Ստեփանյանը հայտնեց, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին «Նաիրի» մարզադաշտի մոտ հանդիպել է Դերենիկ Բեջանովին, որն էլ նրան ասել էր, որ եթե նռնակի գնորդ լինի՝ ինքը կվաճառի այն։ Իր տանն էր Համլետ Ստեփանյանը, երբ Դերենիկ Բեջանովը հայտնել էր, որ գնորդները սպասում են եւ որ նրանց հանձնելու համար նռնակները պետք է վերցնել։ Սակայն Համլետ Ստեփանյանը գնացել էր պայմանավորվելու՝ առանց վերցնելու այն (ի դեպ, նա ասաց, որ զենքը հանձնել էր 2000թ. մարտի 27-ին, «խաղաղ պայմաններում», պատկան մարմիններին)։ Նրանք նստելով Աշոտ Կնյազյանի մեքենան, գնացել էին Բանգլադեշ, որտեղ էլ իրենց էր մոտեցել սպիտակ «24» մակնիշի մեքենան։ Դերենիկ Բեջանովն էր գնացել դրան ընդառաջ, որի միջից Էդիկ Գրիգորյանը նրան էր փոխանցել «ինչ-որ բան»։ Դատարանում պարզվեց, որ դա օղին էր եւ որ Դերենիկ Բեջանովի արտահայտությունն էլ, թե կենաց է խմել «զա խրաբրոստ», ամբաստանյալը կասկածի տակ դրեց, ասելով՝ «եթե խմեր, կհարցնեի՝ ինչի՞ համար»։ Ամբաստանյալը նկարագրեց ԱԺ պարիսպների մոտ հայտնվելու պահը. «Դերոն եւ Էդիկը մեքենայի մեջ խոսում էին։ Որոշ ժամանակ անց Բեջանյանը մոտեցավ «ՌԱՖ»-ին, վերցրեց մի հատ նռնակ (դիպլոմատից), ինքնաձիգը եւ պարունակը։ Դուրս եկավ մեքենայից։ Երբ մոտեցավ դարպասների անցակետին, միլիցիոները առաջ եկավ, հավանաբար տեսնելով ինքնաձիգը՝ ետ գնաց։ Էդիկ Գրիգորյանը եւ Դերենիկ Բեջանյանը մտան ԱԺ»։ Ամբաստանյալը տեղեկացրեց նաեւ, որ ինքը ողջ ժամանակաընթացքում մնացել է մեքենայի մեջ։ Ի դեպ, երբ ամբաստանյալ Աշոտ Կնյազյանը իջել էր մեքենայից եւ ուղղվել դեպի դարպասները, ինքը բացել էր Էդիկ Գրիգորյանի կողմից Բեջանովին փոխանցված պարկի բերանը ու տեսել էր ինքնաձիգ եւ հրացան՝ պատյանի մեջ։ Տեսնելով, որ մարդիկ են հայտնվում պարիսպների մոտ, ամբաստանյալը իջել էր մեքենայից ու երբ հասել էր դարպասներին, լսել էր, թե ինչ էր կատարվել ներսում։ «Լսեցի՝ Վազգեն Սարգսյանին խփեցին, Դեմիրճյանը վիրավոր էր։ Այդ ժամանակ Աշոտին ասացի՝ թողնենք գնանք»,- եւ շարժվել են դեպի մեքենան։ Ամբաստանյալին երեկ, չգիտես ինչու, հարց չտրվեց, թե արդյո՞ք ճանաչել է տուժողներին (սպանվածներին)։ Նրա շարադրանքից այն տպավորությունը ստացանք, թե ինքը բացարձակ անտեղյակ է եղել կատարվածին։ Որեւէ հուզական երանգ չի դրսեւորվել (պատմածից) այն ժամանակ, երբ նկարագրում էր, թե ինչպես նստելով իրենց «ՌԱՖ» մեքենան, նրանք անգամ ուղեւորներ են հավաքել (գրդոնի են դուրս եկել) եւ գնացել Բանգլադեշ։ Ճանապարհին ընդհանրապես որեւէ խոսակցություն կարծես չի եղել կատարվածի մասին։ Սակայն սա կարող է հուշել մի բան. այս սառնասրտությունը դրսեւորո՞ւմն էր կատարված իրողության մասին նախապես իրազեկ լինելուն։ Երեկ Համլետ Ստեփանյանը վիրավորված տոնով կրկնում էր (երկու անգամ ցիտեց) քննիչի բառերը, երբ իրեն հարցրել էր. «Արա, տեռորի՞ստ ես»։ Նրա վրա ազդել էր իր նկատմամբ կիրառված ծեծը եւ վախի զգացում էր ապրել։ «Այդ վախը բավարար էր, որպեսզի ինչ բերեին՝ ստորագրեի»։ Այսինքն, վախի զգացում մեկ այլ վայրում ապրողը չէր կարող որեւէ զգացում չապրել ԱԺ դարպասների մոտ եւ լսելով, որ խփել են պաշտպանության նախկին նախարարին (որի հրամանով, ի դեպ, ինքը պարգեւատրվել է), որեւէ էմոցիա չի շարժվել։ Ամբաստանյալը պայման դնելու պես հայտարարեց, որ չի պատասխանելու դատավարության մասնակիցներից որեւէ մեկի հարցերին։ Հավանաբար, իր չճանաչած խմբի անդամների փորձը (հարցերին չպատասխանելու) ուսանելի եղավ այդ առումով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930