Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊԱՐՏԵԻԴ

Ապրիլ 30,2002 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊԱՐՏԵԻԴ Մարդկության ողջ պատմության ընթացքում ամենադաժան եւ ամոթալի էջերից են ապարտեիդի տարբեր դրսեւորումները: «Ապարտ» (apart) թարգմանաբար անգլերենից նշանակում է բաժանել, տարանջատել եւ համապատասխանաբար «ապարտեիդ» նշանակում է մարդկանց տարանջատում, բաժանում որոշակի հատկանիշներից ելնելով, որի արդյունքում իշխանության լծակներին տիրապետող հասարակության մասը դիսկրիմինացիոն, սահմանափակող գործողություններ է կիրառում առանձնացված մասի հանդեպ: Հայաստանի Հանրապետությունը խոսքով հռչակել է մարդու իրավունքների գերակայությունը եւ պաշտպանվածությունը, սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր, հստակ կարելի է բնութագրել որպես ապարտեիդի դրսեւորում՝ հասարակությունը բաժանված կամ տարանջատված է որոշակի չափանիշներից ելնելով: Այդ չափանիշները շրջանառության մեջ են դրվել իշխանությունների կողմից 1998-ից ի վեր եւ ողջ պաշտոնական քարոզչական մեքենան արդեն չորս տարի զբաղված է այդ ուղղությամբ ուղեղների լվացումով: Հատկանիշը, որով հասարակության մեջ առանձնացվեց մի խումբ՝ դա այսպես կոչված «նախկիններն» են: Եվ ինչը շատ կարեւոր է ապարտեիդի բնորոշման տեսանկյունից, այդ տարանջատված խմբում իշխանավորները չեն դիտում մարդկանց որպես անհատականություններ՝ ողջ խումբը ընդունվում է որպես մեկ միավոր: Հակառակ դեպքում, եթե յուրաքանչյուր մարդ գնահատվում է որպես անհատականություն, գործ ունենք ազատ քաղաքացիական հասարակության հետ: Մեզ մոտ քաղաքական, գիտական, բիզնեսի, ստեղծագործական կարողություններ ունեցող մարդկանց մի ստվար հատված պիտակավորվել է իշխանությունների կողմից «նախկիններ» անվանմամբ, որոնց ողջ պետական քարոզչությունը փորձում է ներկայացնել լավագույն դեպքում որպես երկրորդ տեսակի մարդիկ, իսկ ծայրահեղ գնահատականներով՝ որպես հասարակության թափոններ, նույնպես, ինչպես, Հիտլերի ժամանակ՝ հրեաները, դար առաջ Ամերիկայում՝ նեգրերը կամ գունավորները: Եվ եթե վերջին երկու դեպքում հատկանիշները հստակ են եւ անփոփոխ՝ մարդը չի կարող փոխել իր մաշկի գույնը եւ դիմագծերը, ապա «նախկինների» դեպքում հատկանիշները թվում են շատ անորոշ եւ լղոզված: Բայց դա միայն առաջին հայացքից է այդպես: Իրոք, այսօր կարող ենք տեսնել նախկինների շարքից դուրս եկած բազմաթիվ մարդկանց, որոնք սերտորեն համագործակցում են այսօրվա իշխանությունների հետ՝ զբաղեցնելով քաղաքական եւ տնտեսական տարբեր պաշտոններ: Միաժամանակ գործիչներ, որոնք երբեք չեն եղել նախկին քաղաքական էլիտայում, իշխանություններն այսօր փորձում են պիտակավորել եւ հասարակության աչքերում ներկայացնել «նախկինների» բանակում: Ուրեմն, կարելի է եզրակացնել, որ տարանջատման չափանիշը ոչ միայն եւ ոչ այդքան մինչեւ 1998թ. իշխանության մեջ լինելն է: Էլի կրկնեմ՝ շատերն այդ իշխանությունից դարձել են այսօրվա իշխանության անբաժանելի մասը: Չափանիշը այլ է՝ «նախկինների» շարքին են դասվում այն բոլորը, ովքեր ունեն ինքնուրույն, իշխանություններից տարբեր մտածելակերպ: Իսկ որ շարքային քաղաքացու համար տպավորիչ եւ համոզիչ լինի հասարակության բաժանումը երկու մասի, «նախկինների» շարքին են դասվում նաեւ հանցագործներ, որոնք եղել են, կան եւ կլինեն ցանկացած իշխանության օրոք: Սա է այսօրվա հայկական ապարտեիդի նկարագիրը, որը դրսեւորվում է «նախկիններ» պիտակը կրողների համար մարդու իրավունքների որոշակի սահամանափակումներ ստեղծելու մեջ: Եվ «Ա1+» հեռուստաընկերության բացակայությունը եթերից՝ սրա լավագույն ապացույցներից է: «Բաժանիր՝ որ տիրես» կարգախոսը, որը ես համարում եմ ապարտեիդի կարգախոս, կյանքի է կոչել ներկայիս վարչախումբը, որի համար սեփական իշխանության վերարտադրությունը ավելի կարեւոր նպատակ է, քան ազգի միասնությունը: Սա է ամենավտանգավորը, որ այսօր ունենք մեր հասարակությունում: Եթե մենք գտնենք մեր մեջ այնքան ուժ եւ իմաստնություն, որ դիմակայենք այդ վտանգին, ապա հաստատ համոզված կլինենք, որ մի օր չենք ծնի մեր հասարակությունում նոր «նախկիններ», սրանից բխող բոլոր հետեւանքներով: ՎԼԱԴԻՄԻՐ ԱԼԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930