Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՎ ԶԻՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հուլիս 27,2002 00:00

ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՎ ԶԻՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Աղքատ-հպարտ ժողովրդական խոսքի մեջ մեր նախնիները միանշանակ երկակի իմաստ են դրել. աղքատությունը կարելի է հաղթահարել, եթե կորած չէ հպարտությունը։ Այս օրերին, երբ Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ պարտքի մարման գործընթացը մտել է ավարտական փուլ, արժե մեկ անգամ էլ անդրադառնալ ռուսական կողմին փոխանցվող արտադրական հզորությունների գնին։ Երբ 2 տարի առաջ պարտքը մարելու դիմաց Հրազդանի ՊՇԷԿ-ը իր տնօրինությանը հանձնելու առաջարկ էր արել հանրահայտ Անատոլի Չուբայսը, տեսակետ հայտնեցինք, որ պարտքը կազմում է ջերմաէլեկտրակայանի նախագծային արժեքի հազիվ 10%-ը։ Այս թիվը ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունում տարօրինակ համարեցին։ Լրագրողիս հետ «ռազբորկայի» ընթացքում բավական եղավ հիշեցնել նախարար Կ. Գալուստյանի 1կվտ/ժամ հզորության կառուցման համար ՀՀ-ում անհրաժեշտ գումարի չափը, եւ տարօրինակությունը հաղթահարվեց։ Անշուշտ, համաշխարհային գործընթացնե րում կան փաստեր, երբ անգամ միլիարդ դոլարներ արժեցող ձեռնարկությունները կառավարման տրվել են երեւակայական գնով՝ 1 ցենտով։ Արդյոք սա համանման դե՞պք է, երբ մենք պարտավոր ենք ՌԴ իշխանությանը երախտագիտություն հայտնել մոտ 100 մլն դոլարի պարտքը զիջելու համար։ Ժամանակն անշուշտ կտա այս գործընթացի գնահատականը, սակայն այսօր չի խանգարի հարցնել. նույն Ի. Կլեբանովը ՌԴ-ում շահագործվող շուրջ մեկ տասնյակ Հրազդանի ՊՇԷԿ-ի նման ՋԷԿ-երից գեթ մեկը 1 մրլդ դոլարով կվաճառի՞ արդյոք, ասենք, Գերմանիային։ 100 մլն դոլարը ՀՀ բյուջեի ամբողջ 25%-ն է կազմում, 1 մլրդ դոլարը՝ Գերմանիայի բյուջեի 0,1 տոկոսը. ասել է թե՝ աշխարհի ցանկացած կետում նման մի հզորություն ունենալու համար կարելի է բյուջեի այդ մասը անվարան ծախսել։ Բայց նախ հարկավոր է ՌԴ-ում ՋԷԿ վաճառող գտնել, թեեւ երկիրը մեզնից պակաս պարտքերի տակ չէ։ Երբ սույն թվաբանությունը ներկայացվեց միջին օղակի մի պաշտոնյայի, պատասխանը տեղնուտեղը քաղաքականացվեց. իսկ եթե Կլեբանովը նյարդայնանա ու պարտքը պահանջի՞։ Պատասխանը պետք է որ միանշանակ լինի. պարտքը կուտակած կառավարությունների իրավահաջորդ այսօրվա իշխանությունը թող բարի լինի փնտրել, գտնել ու պատասխան պահանջել այն ստեղծողներից։ Ահա այս է, որ չի արվում. հանկարծ ու պարզվի, որ պարտք առաջացել է նաեւ 1997-ին։ Մեղքի ցանկացած մասնաբաժնի մասին ակնարկն անթույլատրելի է, քանզի այդպիսին է օրվա պահանջը։ Արդյունքում. միջկառավարական հանձնաժողովի համանախագահը ժպտերես ստորագրում է փաստաթուղթը։ Անշուշտ, հայտնի իրողություն է, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, սակայն ինչու է այս պարագայում էլ ամեն ինչ ներկայացվում ռուս-հայկական բարեկամության շրջանակում։ Չէ՞ որ դրանից մերոնք կարծես սիրաշահվում են, երբ զգաստանալ է պետք։ Ընդամենը 6-7 տարի առաջ, երբ ՀՀ արտաքին պարտքը 350 մլն դոլար էր, ճապոնացիները «Մարս» գործարանի համար 1 մլրդ դոլար էին վճարում. ՀՀ հանրահայտ վարչապետը պա-հան-ջում էր 2 մլրդ դոլար։ 2002-ին պարտքը եռապատկվել է, նույնչափ նվազեցնելով պահանջելու իրավունքը։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել