Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՉԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

Սեպտեմբեր 28,2002 00:00

ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՉԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Այսօր Հայաստանի փաստաբանների միության անդամ Ժուդեքս Շաքարյանը կմեկնի Ֆրանսիա, ուր ժամանակավոր (1,5 տարի) բնակվում է նա «Մարտի 22» քրգործի դատաքննությունն ավարտվելուց հետո։ – Ինչպե՞ս եղավ, որ «հիշեցիք» մեզ եւ նորից Հայաստանում եք,- հարցով դիմեցինք նրան։ – Խնդրել էի (օգոստոսի 6-ին) տեսակցել Սամվել Բաբայանին, քանի որ ունեմ նոր պայմանագիր նրա ընտանիքի հետ կնքած։ Ազգային եւ միջազգային դատարանում գործը վերանայելու համար հարկավոր էր իմ պաշտպանյալի համաձայնությունը ստանալ եւ մարտավարությունն ընտրել։ Ոչ մի պետության մեջ չկա նման արգելք, որ դատապաշտպանին (մանավանդ իմ պաշտպանության իրավունքը ճանաչվել էր դատարանի կողմից) չթույլատրեն տեսակցել իր պաշտպանյալի հետ։ Նախկին խորհրդային օրենսդրությամբ (ինչը որ գրվում է եւ այսօր) քաղաքացիների դիմում-գանգատներին 15 օրվա ընթացքում պարտավոր էին պատասխանել։ Եթե առանձին ուսումնասիրության հարց ծագեր՝ կապված լրացուցիչ փաստաթղթերի ձեռքբերման, քննության հետ, ծայրահեղ ժամկետը մեկ ամիս էր։ Բոլոր այդ ժամկետները լրացել են եւ ինձ որպես քաղաքացի էլ չեն պատասխանել. թույլատրո՞ւմ են, թե՞ ոչ։ Չթույլատրելու իրավունքը նրանք չունեին։ Ես դիմումում գրել էի, որ նկատի ունենան Ղարաբաղ գնալու տարածությունն ու ժամանակը, նախապես հայտնելով՝ ո՞ր օրը, ե՞րբ։ Թողել եմ հեռախոսահամարս եւ հասցես։ Ոչ մի պատասխան չեն տվել։ Պատասխան չլինելը նույնն է, որ ինձ մերժել են։ Արհեստական եղանակով մերժվել է իմ պաշտպանական իրավունքը։ Բայց չէ՞ որ միջազգային օրենսդրությամբ, միջազգային ակտերով յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի իր նկատմամբ կայացված դատավճիռը բողոքարկելու վերադաս դատական ատյաններին։ Եվրոպական դատարանը, ըստ էության, մեր վերադաս դատարանն է։ Հիմա դատապարտյալը, որը դիմելու է ԵԴ, պետք է ընտրի իր մարտավարությունը։ Քանի որ Ս. Բաբայանը չի կարող գալ ինձ տեսնել, ես էի գնում նրան տեսնելու։ – Անակնկա՞լ էր չպատասխանելը։ – Չէի սպասում։ – Մերժման հիմքում կարո՞ղ էր դեր խաղալ այն հանգամանքը, որ դուք տվյալ դեպքում Ֆրանսիայի քաղաքացի եք։ – Ես այսօր էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ Ֆրանսիայում բնակվելու իրավունք եմ ձեռք բերել, ինչպես Ցվետանան, որը լինելով Բուլղարիայի քաղաքացի, Հայաստանում բնակվելու կարգավիճակ է ձեռք բերել։ Իմ քաղաքացիությունը չի փոխվել, ոչ մի հանգամանք չի փոխվել։ Եթե նույնիսկ այլ երկրի քաղաքացի էլ լինեի, դա չէր կարող արգելք հանդիսանալ տվյալ երկրում պաշտպանություն իրականացնելու։ ՌԴ փաստաբան Օլեգ Յունոշեւը «27»-ի գործով չի՞ մասնակցում… Մարդն ազատ է ընտրելու իր պաշտպանությունը ցանկացած եղանակով։ – Պարոն Շաքարյան, հայ փաստաբաններից դուք միակն եք (մեր տեղեկությամբ), որ գտնվում եք այսօր արտերկրում։ Զբաղվո՞ւմ եք փաստաբանական գործունեությամբ եւ որքանո՞վ եք մոտ կանգնած Ֆրանսիայի փաստաբանական դպրոցին։ – Ֆրանսիացի ծանոթ փաստաբաններ կան։ Այդ ծանոթությունը ստեղծվել է Ս. Բաբայանի գործով, հետագա քայլերի համար։ Ես դեռ ՀՀ փաստաբանների միության անդամ եմ, վճարումները կատարվում են նորմալ։ Ուղղակի չեմ աշխատում։ Ս. Բաբայանի գործից հետո ոչ մի գործ չեմ վերցրել եւ նպատակ էլ չունեմ այլեւս փաստաբանական գործունեություն ծավալելու։ – Նկատի ունենալով այն, որ դուք իրավաբանական աշխարհին ծանոթ էիք նաեւ ձեր հրապարակումներով («Առավոտում» բազմիցս տպագրված), չեմ կարող չհարցնել՝ գրո՞ւմ եք։ – Աշխատել չեմ կարողանում, որովհետեւ լեզվի խնդիրը կա։ Չեմ գրում, թեեւ մտածում եմ մի գրքի վրա, որի գաղտնիքը թույլ տվեք բացել առաջիկայում։ – «Առավոտը» հասնո՞ւմ է Ֆրանսիա։ – Ոչ։ Թերթերի տեսությանը ծանոթանում եմ «Ազատություն» ռադիոկայան լսելով։ Զրուցեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30