Լրահոս
Օրվա լրահոսը

«Առլեքինների արքան»՝ Երեւանում

Սեպտեմբեր 28,2002 00:00

«Առլեքինների արքան»՝ Երեւանում «Առլեքին» միջազգային թատերական կորպորացիայի երեւանյան մասնաճյուղի շնորհանդեսն առանձնապես չէր հրապուրել ոչ թատերական, ոչ էլ լրատվական աշխարհին։ Գրողների միության կիսադատարկ դահլիճում տեղ էին զբաղեցրել հիմնականում «շնորհանդեսային» համերգի փոքրիկ մասնակիցները՝ իրենց ծնողների հետ։ Այնուամենայնիվ, ընդհանուր տրամադրությունը հանդիսավոր էր եւ դրա համար պատճառ կար։ Մոտ ապագայում Երեւանում կբացվի «Առլեքինի» դրամատիկական ակադեմիայի մասնաճյուղը, կստեղծվի նույնանուն թատրոն, կակտիվանա «հյուրախաղային» շարժը։ Մինչեւ շնորհանդեսը առանձնազրույց ունեցանք «Առլեքին» թատրոնի հիմնադիր եւ մինչ օրս գլխավոր ռեժիսոր Սերգեյ Մելքոնյանի հետ։ «Բավական է դիտենք սեւ-սպիտակ թատրոն, եկել է ժամանակը գունագեղ թատրոնի։ Մենք շատ տաղանդավոր երեխաներ ունենք եւ նրանցից սպասում եմ հիանալի թատերական խումբ»,- զրույցը բացեց ռեժիսորը։ Խմբի առաջին բեմելը ծրագրվում է 2 տարուց։ «Չեմ կարծում, որ դա կլինի ազգային թատրոն, իմ պատկերացրածը երկլեզու (հայերեն- ռուսերեն) եւ շատ ավելի լայն ասելիքով թատրոնն է»,- նշեց զրուցակիցս։ Սերգեյ Անդրեեւիչն իրեն համարում է «ռուսական» ռեժիսոր, թեպետ կրթվել է Հրաչյա Ղափլանյանի դասարանում։ Եվ իր թատրոնն էլ համարում է վախթանգովյան սկզբունքներին հավատարիմ եւ հետեւորդ։ «Առլեքին» երաժշտական-դրամատիկական թատրոնն արդեն 30 տարեկան է, սակայն առաջին բաց ներկայացումները տվել է գորբաչովյան դեմոկրատիայի հաստատումից հետո միայն։ Մինչ օրս չի ստացել նաեւ պետական կարգավիճակ, քանի որ, ըստ իրենց, միշտ ընդդիմացել են իշխանական տոտալիտարիզմին։ Բայց դա չի խանգարել «Առլեքինի» առաջընթացին։ Ժամանակի ընթացքում այն գտել է իր հանդիսատեսին, ստեղծել միջազգային կորպորացիա, որը մինչեւ Երեւան գալն արդեն հիմնել էր մասնաճյուղ Լոս Անջելեսում։ Սերգեյ Մելքոնյանը Մոսկվա է տեղափոխվել 1969 թվականին. կստեղծվե՞ր արդյոք «Առլեքինը», եթե մնար Երեւանում. «Հավանաբար՝ այո, թեպետ շատ ուրախ եմ, որ այստեղ չեմ մնացել, որովհետեւ Մոսկվան մեծ արվեստների մայրաքաղաք է,- ստացանք պատասխան, ավելին,- այստեղ թատրոնները մահանալու շեմին են։ Ես տեսել եմ բոլոր վերջին ներկայացումները, եւ կարծիքս այն է, որ մեր թատրոններն այսօր ժողովրդական թատրոնի մակարդակ ունեն։ Բայց այդպես չի եղել։ Թատերական մեր արվեստը երբեք չի եղել միայն մերը»։ Ի՞նչ ունի «Առլեքինը» Երեւանում՝ առայժմ միայն «օֆիս», թատրոն-ստուդիայի պարապմունքների համար պետք է վարձակալի շենք ու բեմ։ Իսկ ինչպե՞ս են ընդունել գործընկերները (ինչ-որ տեղ՝ նաեւ մրցակիցները) նոր թատրոնի հայտնությունը։ «Դեռ արձագանքներ չենք ստացել»,- եղավ պատասխանը։ Չենք ուզում մտածել, որ հրավիրված, բայց չեկած գործընկերների բացակայությունը շնորհանդեսին, ինչ-որ իմաստով արձագանք է նոր թատրոնի ստեղծմանը։ Այնուամենայնիվ, տխուր փաստ էր։ 30 տարին բոլորած եւ իր ինքնատիպ արվեստով արդեն ճանաչում գտած, ինչու չէ՝ նաեւ հայ մարդու օտար ափերում ստեղծած թատրոնն արժանի էր ավելի մեծ ուշադրության։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել