Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսովան ինչպես դարձավ Ավանեսովա

Նոյեմբեր 30,2002 00:00

Ավետիսովան ինչպես դարձավ Ավանեսովա «Առաջին իսկ հնարավորություն» կոչվածը բաց են թողել Ուկրաինայի առեւտրի նախկին փոխնախարար Վալենտինա Ավետիսովան ունի բավականին մեծ լծակներ իր հարցերը լուծելու առումով։ Երեկ նա հերթական մարդասիրական օգնությունը տարավ Գերմանիա, իբրեւ ՄԱԿ-ի արտերկրի ներկայացուցիչ եւ մեզ հանձնեց փաստաթղթերի տրցակ, որը պերճախոս կարող է լինել նրա հետ Հայաստանում պատահածը ներկայացնելու առումով։ 2000թ. Վալենտինա Ավետիսովան ցանկացավ գնել մի բնակարան, որը գտնվում էր Քոչարի փողոցում եւ պատկանում էր ոմն Համլետ Շամշյանի։ Վերջինիս նա տվեց 10.500 ԱՄՆ դոլար կանխավճար գումար (տան դիմաց առաջարկվող գինը մոտ 35 հազար դոլար էր գնահատվել)։ Հետագայում, Վ. Ավետիսովան հրաժարվեց բնակարանը գնելուց, ինչի արդյունքում էլ Հ. Շամշյանը նրան վերադարձրեց 550 դոլարը, հետեւաբար, պարտք մնալով 9950 դոլար։ Վ. Ավետիսովան դիմում է Արաբկիրի ՆԳ բաժին, ապա նույն համայնքի դատախազություն՝ քրգործ հարուցելու պահանջով, քանի որ Շամշյանը համառորեն հրաժարվում է մնացած գումարը վերադարձնել։ Պատճառաբանությունն էլ պարզունակ էր. «Ավետիսովայի գումարից ինքն իր հերթին կանխավճար է տվել մեկ այլ վայրում բնակարան գնելու նպատակով»։ Չգիտես ինչ հաշվարկով, Շամշյանի կարծիքով, ինքը «Ավետիսովայի պատճառով տուժել էր 7000 դոլար»։ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն հրավիրվելով, Շամշյանը բացատրություն էր տվել, որտեղ գրել էր. «Վ. Ավետիսովային խաբելու նպատակ չի ունեցել, չի հրաժարվել նրա պարտքը վերադարձնելուց եւ պարտավորվել է առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձնել այն»։ Հայ իրավաբանության պատմությունը չգիտի եւ նոր քրօրենսգիրքն էլ (առաջիկայում նախատեսվող փոփոխություններով) չի կարող պատասխանել, թե, օրինակ, «առաջին իսկ հնարավորության դեպք» ե՞րբ կարելի է համարել, 21-րդ դարի վերջո՞ւմ, 50 տարի ա՞նց, կամ Շամշյանի համար առաջին հնարավորության դեպքն արդյոք չի՞ բաց թողնվել եւ, օրինակի համար, անհրաժեշտություն չի՞ ծագել նոր պարտավորագիր գրելու մասին։ Մասնավորապես, հետեւյալ բովանդակության. «Պարտավորվում եմ Ավետիսովայի պարտքը վերադարձնել երկրորդ իսկ հնարավորության դեպքում»։ Ինչո՞ւ եմ պնդում, որ «առաջին իսկ հնարավորություն» կոչվածը բաց է թողնվել, որովհետեւ դատախազությունում նա արդեն ասել է, որ խաբելու նպատակ չունի եւ չի հրաժարվում վերադարձնել «քցած» գումարը։ «Գնահատելով» դատախազությունում առկա «նյութերը», Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Հ. Սիմոնյանը՝ մերժելով քրգործի հարուցումը (Շամշյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ), նաեւ «հիմնավորել» էր, որ «Հ. Շամշյանը Վ. Ավետիսովային խաբելու, խարդախությամբ նրա գումարներին տիրանալու նպատակ չի ունեցել» եւ որ նրանց միջեւ առաջացած վեճն էլ ենթակա է լուծման դատական կարգով։ Վ. Ավետիսովան դիմում է հանրապետության գլխավոր դատախազին՝ գործը Երեւանի դատախազությունում ընթացք տալու խնդրանքով։ Գործին դարձյալ հանգրվանում է նույն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում, այս անգամ դատախազի մեկ այլ օգնականի՝ Ն. Հովհաննիսյանի մոտ։ Օգոստոսի 8-ին նա էլ կայացնում է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին, քանի որ Շամշյանի «քցման արարքում» հանցակազմ չգտնվեց։ Երկրորդ «քննությամբ» էլ հիմնավորվել էր, որ Հ. Շամշյանը պարտք վերցնելով հանդերձ, «տուժել է 4000 դոլար» (1-ին քննության 7000-ի փոխարեն)։ Անհասկանալի է, որ այս որոշման մեջ դատախազի օգնականը համառորեն դիմումատուի ազգանունը սխալ է գրել, Ավետիսովային «Ավանեսովա» անվանելով։ Իսկ գուցե նա ա՞յլ քաղաքացու «դիմումի ուսումնասիրությամբ նախապատրաստված նյութն է» մերժել։ Հը՞։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930