Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԹԵՐԻ ՕՐԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է

Նոյեմբեր 30,2002 00:00

ԱՆԹԵՐԻ ՕՐԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է Ի տարբերություն ԶԼՄ-ների մասին օրենքի նախագծի, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագիծը բազմիցս քննարկվել է ոլորտի մասնագետների կողմից, եւ արդեն 6-րդ նախագիծը այժմ դրված է հրապարակային քննարկման: Եւ ինչպես ԿԳ բուհերի վարչության պետ Ռուբեն Գասպարյանն է նշում, նախագիծը քննարկման համար բաց է, եւ, ամենակարեւորը, առաջարկներ ընդունողների մոտ չկան ամբիցիաներ: Դեկտեմբերի 10-ից նախատեսվում է վերջնական ամփոփում՝ մինչ ԱԺ ներկայացնելը: Սակայն քննարկման աշխատանքներ նախատեսվում են նաեւ այդ ժամանակ: Նախագիծը երկու անգամ քննարկվել է Եվրախորհրդի փորձագետների հետ: Վերջիններիս կարծիքով, մեր օրենքը շատ ավելորդ մանրամասնություններ ունի, որ բուհական ինքնավարության շրջանում լուծվելիք խնդիրներ են, մանրամասնություններ, որ կարելի է կարգավորել նորմատիվային ակտերի տեսքով: Այսինքն՝ օրենքը պիտի միայն ուղղություն ցույց տա, որ ապահովում է առավել ճկունություն: Եվրոպական փորձագետները կողմնակից են նաեւ բուհերի ֆինանսական ինքնուրույնությանը, ազատությանը՝ պլանների, առարկայական-մասնագիտական ծրագրերի կազմման հարցում, ազատություններ դասախոսների ընտրության հարցում: Ըստ պարոն Գասպարյանի, օրենքում մեծ կարեւորություն պետք է տրվի ոչ պետական բուհին ընդհանուր դաշտ բերելը: Շտկման կարիք ունի նախագծի այն կետը, ըստ որի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունն ամբողջությամբ կամ նրա որեւէ մասնագիտությունը հավատարմագրումից զրկվելու դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ռեկտորը եւ շրջանավարտների պատրաստման որակի համար պատասխանատու պրոռեկտորներն ազատվում են իրենց պաշտոններից8230: «Ուրիշ հարց է, որ առաջ քաշվեն որակի վերահսկողության հարցեր, սակայն ռեկտորին ազատելը ինքնանպատակ չպետք է լինի, մանավանդ որ, նրա պաշտոնն ընտրովի է»: «Օրենքը կազմելիս պետք է առաջնորդվել ոչ միայն այսօրվա վիճակից ելնելով ու ամրագրելով միայն այն, ինչ այսօր կա, այլեւ հնարավորինս ճկուն դարձնենք, որպեսզի զարգացման հնարավորություն ստեղծվի: Սակայն կյանքը իրենն է անում, եւ անգամ մեր կրթության մասին օրենքում, ընդունումից հետո փոփոխություններ եղել են: Անթերի օրենք ստեղծելը գրեթե անհնարին է, եւ որքան էլ ճկուն լինի, 2-3 տարի փորձաշրջանից հետո փոփոխությունների կարիք զգացվում է»: Շտկումներ են պետք բուհերի ինքնավարության հարցում, այսինքն՝ վերից վար ինքնավարություն՝ եւ պետության կողմից, եւ բուհի ղեկավարության, եւ կառուցվածքային ստորաբաժանումներում: Այս օրենքը նախատեսում է նաեւ ինտեգրում միջազգային հանրությանը: Ինտեգրման շրջանակներում էլ անհրաժեշտ է յուրացնել այն փորձը, որ ընդունված է աշխարհի կողմից: «Գիտելիքների գնահատման եւ գիտելիքների որակի ապահովման խնդիրները պետք է որոշակի արտացոլում ունենան, թեկուզ կապված կրեդիտային համակարգի հետ, որովհետեւ, եթե ցանկանում ենք ինտեգրվել, ուսանողների փոխանակություն ապահովել, եթե որակի ճանաչման խնդիր ենք դնում որպես այդպիսին, եթե ցանկանում ենք, որ ուսանողը իր հավաքած միավորներով կարողանա հավակնել արտասահմանում սովորելու, հետեւաբար գիտելիքների գնահատման նոր համակարգի ներդրում պետք է որդեգրել»,- նշում է պրն Գասպարյանը: Այստեղ միաժամանակ խնդիր է դրվում անցնելու կրթության երկաստիճան համակարգի: Մինչեւ 2010թ. նախատեսված է այս գործընթացի ավարտ: Եվ անցումն էլ պետք է լինի աստիճանաբար, ըստ օրենքում նախատեսվող ճկունության, որովհետեւ «կրթությունը զգուշություն ու պահպանողականություն է սիրում եւ արմատական փոփոխություններ չի հանդուրժում»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել