Լրահոս
Օրվա լրահոսը

Թղթե պլակատով՝ ընդդեմ պատերազմի

Նոյեմբեր 30,2002 00:00

Թղթե պլակատով՝ ընդդեմ պատերազմի Բազմաթիվ տղամարդիկ եւ տղաներ են մասնակցել «Կանայք՝ հանուն խաղաղության» խորագրով պլակատի մրցույթին։ Ժյուրիի կազմում եւս ընդգրկված են եղել միայն տղամարդիկ (Կարապետ Փաշյան, Մարտին Տոնոյան, Գագիկ Գեւորգյան եւ Խորեն Հակոբյան), ինչը մշակույթի փոխնախարար Ալիս Ադամյանը բացատրեց նրանով, որ հանրապետությունում կին պլակատիստներ չկան։ Հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 20-ը տեւած «Կանայք՝ հանուն խաղաղության» խորագրով մրցույթը կազմակերպվել է ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամի ՅՈՒՆԻՖԵՄ, մշակույթի նախարարության, «Հայ մտավորական կին» գիտամշակութային կազմակերպության աջակցությամբ՝ «Կանայք հանուն հակամարտությունների կարգավորման եւ խաղաղության հաստատման՝ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։ Միաժամանակ, նույնպիսի մրցույթներ են անցկացվել Վրաստանում եւ Ադրբեջանում, դարձյալ ՅՈՒՆԻՖԵՄ-ի նախաձեռնությամբ։ Հայաստանյան ժյուրին 120 աշխատանքներից ընտրել է լավագույնները, որոնք հետագայում կզետեղվեն ՅՈՒՆԻՖԵՄ-ի կողմից հրատարակվելիք օրացույցում։ Վրացի եւ ադրբեջանցի ստեղծագործողների՝ մրցանակների արժանացած աշխատանքները եւս տեղ կգտնեն արդեն ավանդաբար հրատարակվող նույն օրացույցում՝ մեր հայրենակիցների պլակատների կողքին։ Ա. Ադամյանը տեղեկացրեց, որ մրցույթը բաց է եղել բոլոր մասնակիցների համար՝ առանց մասնագիտական ու տարիքային սահմանափակումների, եւ հատկապես ողջունվել է ուսանողների մասնակցությունը։ Ի դեպ, ՅՈՒՆԻՖԵՄ-ը սահմանել է 4 մրցանակ. Գրան պրի՝ 300 դոլար, առաջին մրցանակ՝ 250 դոլար, 2-րդ մրցանակ՝ 200 դոլար, 3-րդ՝ 150 դոլար։ Թեեւ փոխնախարարը հայտարարեց, որ անցյալ տարվա համեմատությամբ 50 դոլարով մրցանակային ֆոնդն աճել է, սակայն իրականում այս տարվա հաղթողներին տրվելիք պարգեւները, փաստորեն, զգալիորեն փոքրացել են։ Բանն այն է, որ ժյուրիի որոշմամբ մրցանակները կիսվել են։ Գրան պրին շնորհվել է Կարապետ Աբրահամյանին՝ «Կանայք հանուն խաղաղության» եռապատկերի համար, 1-ին եւ 2-րդ մրցանակները կիսվել են երկու, իսկ 3-րդ մրցանակը՝ 3 հոգու միջեւ։ Հետաքրքիրն այն է, որ ժյուրին, որի կազմում են Նկարիչների միության անդամներ, մասնավորապես, միության քարտուղար Մարտին Տոնոյանը, 2-րդ մրցանակներից մեկը շնորհել է իրենց միության անդամին՝ Էդիկ Ամիրբեկյանին, իսկ 3-րդ մրցանակներից մեկը՝ նրա որդուն՝ Արմեն Ամիրբեկյանին։ Եղել են դժգոհություններ, թե ոչ՝ մասնակիցների կողմից ժյուրիի կողմնակալության վերաբերյալ, Ա. Ադամյանը դժվարացավ ասել։ Նախ ժամանակ չէր ունեցել այդ մասին տեղեկանալու, «կարգին չէր էլ դիտել բոլոր պլակատները», բացի այդ, վարչապետի զանգով ասուլիսն էլ ընդմիջվեց։ Ուստի նա խորհուրդ տվեց մրցույթի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները ստանալ ասուլիսին ներկա ժյուրիի անդամ Մ. Տոնոյանից։ «Կանայք հանուն խաղաղության» մրցույթի բոլոր մասնակիցների աշխատանքները դեկտեմբերի սկզբին կներկայացվեն ՄԱԿ-ի գրասենյակում բացվելիք ցուցահանդեսում, որտեղ էլ կհանձնվեն մրցանակները։ Այդ աշխատանքների նկատմամբ ՅՈՒՆԻՖԵՄ-ն իրեն է վերապահում դրանց՝ քարոզչական նպատակներով ազատ տնօրինման իրավունքը։ Ինչպես տեղեկացրեց Ա. Ադամյանը, մշակութային այս ակցիան նպատակ ունի կանանց եւս մասնակից դարձնել տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման եւ խաղաղության հաստատման գործընթացներին։ Տղամարդաշատ այս պլակատարշավի հիմնական խնդիրներն են նաեւ խաղաղության հանրամատչելի մոդելի կառուցմանը նպաստելը եւ խաղաղության հաստատման գործընթացում կանանց դերի վերաբերյալ հասարակական իրազեկության եւ կարծիքի բարձրացումը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930