Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՈՒՄԸ ՄԵՐ ՄԻԱԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ Է

Հունվար 08,2003 00:00

Ընտրությունները ցանկացած երկրի քաղաքական կյանքում լուրջ իրադարձություն են, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է երկրի նախագահի ընտրություններին: Եվ այդ առումով Հայաստանը բացառություն չէ (եւ փառք Աստծո, որ բացառություն չէ): Ընդ որում, բացառություն չէ ոչ այն պատճառով, որ Հայաստանը փոքր երկիր է՝ քաղաքական եւ տնտեսական կյանքի բավականին համեստ տարողունակությամբ (հանգամանք, որն իր հետքն է թողնում քաղաքական գործընթացների որակի վրա):

Առաջիկա ընտրությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը պայմանավորված չէ նաեւ այն հանգամանքով, որ Հանրապետության նախագահի ընտրություններին ուղղակի հաջորդելու են ԱԺ ընտրությունները կամ այն հանգամանքով, որ առաջին անգամ հասարակությունը հնարավորություն է ստացել, ըստ էության, հաշված ամիսների ընթացքում լուրջ փոփոխությունների ենթարկել պետության բոլոր մակարդակների ընտրովի մարմինների անհատական կազմերը՝ միջամտելով քաղաքական զարգացումներում առողջ որակներ ձեւավորելու գործընթացին (որից, ցավոք, նա հաջողությամբ կխուսափի):

Ցավոք, մեզանում հանրապետության նախագահի ընտրությունների շուրջ հանրային հետաքրքրությունը, որը սպառնում է վերածվել հասարակական անառողջ կրքերի, պայմանավորված է ընտրազանգվածի ճնշող մասի մոտ, կարծրացման աստիճանի հասնող, մենթալ այն մտածողությամբ, որ ընտրել ՀՀ նախագահ՝ գործնականում նշանակում է ոչ այլ ինչ, քան ինչ-որ մեկին կարգել «Հանրապետության գլխավոր տնօրեն» (պատահական չէ, որ հանրապետության նախագահին հաճախ նույնացնում են Երկրի թագավորի հետ)` անվերապահ նրան վերագրելով ընդհուպ յուրաքանչյուրիս ճակատագիրը տնօրինելու իրավունքը, նրա բարեմասնությունների հետ կապելով ոչ միայն հանրության, շատ հաճախ անլուծելի, խնդիրների կարգավորումը, այլեւ մեր եւ մեր հարազատների առօրյա հաջողությունները:

Մինչդեռ կյանքը ցույց է տալիս, որ հանրային նման հոգեբանությունը հասարակությունը դարձնում է անդամալույծ՝ այն վերածելով նախաձեռնություններից զուրկ խնամառուների ու ֆիլանտրոպների մի զանգվածի: Ավելին, անիրականանալի հանրային սպասելիքներն ամեն անգամ հասարակության մեջ ծնունդ են տալիս հիասթափության եւ անվստահության մի նոր ալիքի, ավելի են խորացնում անջրպետը իշխանությունների ու ժողովրդի միջեւ՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Սակայն ոչ պակաս մտահոգիչ է նաեւ այն, որ հանրապետության նախագահի թեկնածուներից շատերը, եթե ոչ բոլորը, ինչպես նաեւ հիմնական քաղաքական ուժերը, հանրապետության բարձրագույն քաղաքական պաշտոնյային նույնպես տեսնում են Երկրի գլխավոր տնօրենի դերում (չնայած վերջերս թեկնածուներից շատերը սկսել են գիտակցել «փրկչի» դերում հանդես գալու գայթակղության ողջ վտանգն իրենց քաղաքական հետագայի համար եւ հրապարակավ խոստովանում են, որ իրենք փրկիչ չեն եւ պետք չէ իրենցից ակնկալել մեզանում առկա բոլոր հիվանդությունների բուժումը, բայց այդուհանդերձ շարունակում են մնալ այն համոզման, որ նախագահի ձեռքում են գտնվում մեր առօրյա խնդիրների լուծման բացառապես բոլոր բանալիները):

Ավելին, այդ պաշտոնի պատասխանատվությունների հանրային խեղված ընկալմանը պակաս չի օժանդակել նախկին ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածուներից շատերի քաղաքական պոպուլիզմին տուրք տալը, ընտրողներին դուր գալու նպատակով, հրապարակավ հայտարարած իրենց պատրաստակամությունը՝ իշխանության գալու դեպքում կարգավորել համարյա ամեն ինչ:

Մինչդեռ մենք չենք կարողանում հասկանալ, որ ժողովուրդը ոչ թե Երկրի «դիրեկտորի» կամ «կառավարչի» կարիք ունի (նա այլեւս կուշտ է բոլոր ժամանակների այդ «դիրեկտորներից», որոնք իր փոխարեն եւ իր անունից այս երկիրը միշտ կառավարել եւ վայելել են՝ ժողովրդին թողնելով միայն հոգսը), այլ կցանկանար այդ բարձրագույն պաշտոնում տեսնել այնպիսի մեկին, որն ավելի շուտ իր ժողովրդին կներկայանա որպես հանրային ազատ ընտանիքի «հայր»՝ մտահոգ ընդհանուրի հոգսերով, որն իրեն չի դասի իր ժողովրդից բարձր եւ կփորձի համախմբել ու նպատակամղել բոլորի ջանքերը, որի համար չեն լինի հարազատ եւ խորթ զավակներ եւ որին կանհանգստացնեն ընդհանուրի, այլ ոչ թե նրա մի փոքր մասի խնդիրները:

Միաժամանակ, պարզ է, որ նույնիսկ ամենաիդեալական նախագահը մեր բոլոր «դարդ ու ցավերի բալասանը» չի կարող դառնալ, եւ ոչ այն պատճառով, որ մեր դարդերն են շատ, այլ այն պատճառով, որ դրանց բուժման խնդրում իշխանության յուրաքանչյուր ինստիտուտ ունի Սահմանադրությամբ իրեն վերապահված պատասխանատվությունները, որոնց կատարման որակներով էլ պայմանավորված են մեր հանրային օրգանիզմի առողջացման տեմպերն ու հնարավորությունները: Ավելին, Սահմանադրությամբ մենք ընտրել ենք պետական կառավարման այնպիսի քաղաքական համակարգ, որում նախագահի բարի կամքն ու ցանկությունը բոլորովին բավարար չեն նրա բոլոր ծրագրերը կամ մտահղացումները կյանքի կոչելու համար, եթե անգամ դրանք ընտրողների կամքի արտահայտությունն են (դրա համար նախագահը պետք է ստանա նաեւ Ազգային ժողովի քաղաքական աջակցությունը):

Օրինակ, ինչպե՞ս կարող է հանրապետության նախագահը միայնակ պատասխանատու լինել հասարակության սոցիալական աջակցության կարիք ունեցող որեւէ խավի աշխատավարձի բարձրացման համար, առավել եւս բարձրացման կոնկրետ չափի համար, եթե այդ հարցում այլ մոտեցում ունենա ԱԺ քաղաքական մեծամասնությունը (որը կարող է եւ չլինել նախագահի հետ քաղաքական համաձայնության մեջ): Հետեւաբար, խուսափելու համար հանրության շրջանում շահերի վերը նկարագրված անպտուղ բախումից (այսինքն, այնպիսի սպասելիքների ձեւավորումից, որոնց իրականացումը պայմանավորված չէ միայն հանրապետության նախագահով), անհրաժեշտ է նախ` իմաստավորել, թե հանրային կյանքի համընթաց զարգացումն ապահովող խնդիրների ողջ հանրույթում ո՞րն է խնդիրների որակական այն խումբը, որոնց իրականացումը պարտավոր է ստանձնել ընտրվող նախագահը եւ, ըստ այդմ` ձեւավորել նրա գործունեությունից սեփական ակնկալիքները:

Այս հարցը կարեւոր է նաեւ նրանով, որ հաճախ ամենատարրական կենցաղային խնդիրներում անգամ մեր քաղաքացիները չեն զլանում պատասխանատվությունը վերագրել նախագահին (որոնց հետ վերջինս, որպես իշխանական ինստիտուտ, հաճախ առնչություններ էլ չունի) եւ այդ մանր-մունր խնդիրներով էլ փորձում են ձեւավորել իրենց, հետեւաբար եւ հանրության, կարծիքը նախագահի գործունեության վերաբերյալ (ի դեպ, հեշտացնելով նախագահի գործը եւ դժվարացնելով բոլորիս կյանքը), միաժամանակ` բացարձակապես կարեւորություն չտալով պետության զարգացման հեռանկարներին վերաբերող կարեւորագույն խնդիրներում նախագահի ուղղակի պատասխանատվությունների կատարման ընթացքին կամ դրա արդյունքներին:

Իրերի նման վիճակը հատուկ է պոստսովետական քաղաքական ողջ տարածքին եւ ավելի շուտ վկայում է մեր «քաղաքացու» քաղաքացիական կայացման մակարդակի, այլ ոչ թե հանրային կյանքում այս կամ այն պրոբլեմի առաջնահերթության մասին:

Այդուհանդերձ, ո՞րն է խնդիրների (ընթացիկ, թե հեռահար) այն համախումբը, որի իրականացման ուղղակի պատասխանատուն է Երկրի նախագահը եւ որոնց լուծման համար էլ մենք նրան ընտրում ենք հինգ տարով: Եթե փորձենք սեղմ բանաձեւել, ապա ակնհայտ է, որ հանրապետության նախագահին է վերապահված Երկրի կայուն, խաղաղ եւ առաջանցիկ զարգացումն ապահովելու առաջնահերթ պատասխանատվությունը: Հետեւաբար, որո՞նք են Հայաստանի՝ նման առաջընթացի ապահովման գլխավոր կռվանները:

Անկասկած, Հայաստանի առաջընթացը հիմնականում պայմանավորված է Երկրի ներքին կյանքի ինստիտուցիոնալ կազմակերպվածությամբ եւ միջազգային ասպարեզում նրա մրցունակությամբ (առաջին հերթին իր հարեւանների նկատմամբ): Այսինքն, մեր զարգացման հնարավորությունները հիմնականում պայմանավորված են մրցունակ ազգային տնտեսական համակարգ ձեւավորելու հանգամանքով, որը, սակավառեսուրս Հայաստանի պարագայում, ենթադրում է ոչ միայն ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու հավաքական կարողություն (ներքին կյանքի կազմակերպվածության անհրաժեշտ մակարդակ), այլեւ մեր կենսական հետաքրքրությունների ու շահերի իրացումն ապահովելու համար անհրաժեշտ քաղաքական ազդեցությունների աշխարհագրությունն ընդլայնելու ունակություն: Այլ կերպ ասած, մեր առաջանցիկ զարգացման հեռանկարը մեծապես պայմանավորված է Երկրի, այդ խնդրին համարժեք, աշխարհաքաղաքական պոտենցիալի ձեւավորմամբ եւ երկարաժամկետ հատվածում նրա իրացման մեր հավաքական մնայուն կարողությամբ:

Հետեւաբար, հանրապետության բոլոր ժամանակների նախագահների ամենագլխավոր պատասխանատվությունը պետք է լինի մեր աշխարհաքաղաքական պոտենցիալի ձեւավորմանը եւ իրացմանը հանրության ջանքերի նպատակամղումն ու արդյունավետ կազմակերպումը: Բայց դրա համար անհրաժեշտ է նախ` ճանաչել եւ ապա` իմաստավորել այն հիմնական գումարելիները, որոնց հանրագումարով պայմանավորված կլինի տարածաշրջանում մեր երկրի աշխարհաքաղաքական պոտենցիալը, ընդ որում` հատկապես նրա այն բաղադրիչները, որոնք կարող են հանդես գալ նաեւ մեր հանրային կյանքի այլ ոլորտների, այդ թվում` նաեւ աշխարհաքաղաքական պոտենցիալի մյուս բաղադրիչների համար` որպես ձեւավորող ու կառուցվածքաստեղծ:

Հասկանալի է, որ այդ պոտենցիալի այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են` մարդկային ռեսուրսները, բնական, ռեկրիացիոն եւ բիոպաշարները, տարանցիկ տրանսնացիոնալ նշանակության ենթակառուցվածքների առկայությունը (այսօրվա դրությամբ նրանք հիմնականում շրջանցում են Հայաստանը) մեր պարագայում չեն կարող ունենալ որեւէ էական նշանակություն: Աշխարհաքաղաքական պոտենցիալի այնպիսի կարեւորագույն բաղադրիչ, ինչպիսին երկրի աշխարհագրական դիրքն է (Հայաստանի պարագայում այն, որ նա գտնվում է Արեւելքը Արեւմուտքին կապող կարեւորագույն տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, սակայն առանց դեպի բաց ծով ելքի), տրված է «ի վերուստ», էական փոփոխությունների ենթակա չէ եւ մեր առաջընթացի վրա իր ազդեցությամբ, մեր հարեւանների համանուն հնարավորությունների համեմատ, կարող է որակվել որպես միջին կշռվածության գործոն:

Այս կոմպոնենտի ազդեցությունը Երկրի աշխարհաքաղաքական պոտենցիալի ձեւավորման խնդրում որակապես կփոխվի այն դեպքում, երբ հայաստանյան երկաթուղին եւ ավտոճանապարհները կդառնան միջպետական փոխադրումների տարածաշրջանային ենթակառուցվածքների համակարգի անբաժանելի օրգանական մասը, խնդիր, որն անմիջապես պայմանավորված է հարեւանների հետ մեր պրոբլեմներով: Ցանկացած երկրի կենսական շահերի պաշտպանության եւ քաղաքական ազդեցության աշխարհագրության ընդլայնման խնդրում առանձնահատուկ կարեւորություն ունի երկրի աշխարհաքաղաքական պոտենցիալի գլխավոր բաղադրիչներից մեկը՝ ռազմական պոտենցիալը: Սակայն Հայաստանի ռազմական հզորությունների բացառապես պաշտպանական ուղղվածությունը՝ մի կողմից, եւ տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու մեր ազդեցիկ հարեւանների ձգտումը՝ մյուս կողմից, հիմք են տալիս ենթադրել, որ մեր պարագայում այս գործոնն առավելագույն արդյունավետությամբ կարող է գործել որեւէ ռազմական ալյանսի շրջանակներում (այն, ինչն այսօր իրականացվում է), այդ թվում` նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ ընթացքում:

Հետեւաբար, սեփական կամ ազգային աշխարհաքաղաքական պոտենցիալի ձեւավորման խնդրում մեր ռազմական հզորության ազդեցությունը մեծապես պայմանավորված է մեր գործընկերների ռազմավարական շահերով եւ, մեծ հավանականությամբ, կարելի է պնդել, որ այն տվյալ դեպքում չի կարող հանդես գալ որպես ինքնուրույն գործոն: Ավելին, այս ոլորտը ռեսուրսներ խժռող ոլորտ է եւ տնտեսության այս հատվածում հզորությունների շարունակական ավելացումը երկարաժամկետ հատվածում բացասական է անդրադառնալու մեր տնտեսական առաջընթացի վրա, եւ աշխարհաքաղաքական պոտենցիալը ձեւավորող գործոնից այն կարող է վերածվել այդ պոտենցիալը մաշեցնող գործոնի:

Հետեւաբար, Հայաստանի մնայուն աշխարհաքաղաքական ազդեցությունների ձեւավորման խնդրում երկրի ռազմական պոտենցիալի ուղղակի մասնակցությունն ու դերակատարումը պայմանավորված չէ միայն մեզնով (այսինքն, այն կարող է վճռորոշ լինել կոնկրետ իրավիճակներում եւ կարճաժամկետ հատվածում միայն) եւ ներկայանում է ավելի շուտ որպես միջին կշռվածության գործոն:

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031