Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ ԵՐԵՔ ՃԱԿԱՏՈՎ

Մարտ 29,2003 00:00

ՊԱՅՔԱՐ ԵՐԵՔ ՃԱԿԱՏՈՎ Ընդդեմ անսարք մեքենայի Հայտնի ֆիլմերից մեկում ազատազրկված փիլիսոփան ավելի հմտանալով մասնագիտության մեջ, եզրակացնում է. անսարք մեքենայի առանձնահատկությունն այն է, որ նա չգիտի, որ ինքը անսարք մեքենա է ու շարունակում է աշխատել: Ընդդիմությունը որքան էլ բարձրաձայնի ու ահազանգի, թե «տեսա՞ք ինչ եղավ, ինչ է լինում ու ինչ է լինելու», միեւնույն է՝ անսարք մեքենան շարունակելու է աշխատել: Ու բնավ էլ պատահական չէ, ավելին՝ սպասելի է ու միանգամայն տրամաբանական, որ անսարք մեքենան հիմնականում խոտան «արտադրանք» է տալիս: Եվրոպական չափանիշներին չհամապատասխանող ընտրությունների դեմ ընդվզողներին, եվրոպական չափանիշներին չհամապատասխանող հիմքերով ձերբակալվածներին արդեն հաշվում են տասնյակներով: Իսկ անսարք մեքենան շարունակում է աշխատել, անգամ չկասկածելով, որ ինքը անսարք է: Սահմանադրական դատարանի անդամների հարցերին ի պատասխան, ԿԸՀ ներկայացուցիչների լռությունը միայն բավական է ընտրությունների առաջին փուլի արդյունքները կասկածի տակ առնելու համար: Բայց անսարք մեքենան շարունակում է աշխատել: Ենթադրելի է, որ ՍԴ-ում Արտաշես Գեղամյանի հայցի քննարկումը անսարք մեքենայի եւս մեկ խոտան «արտադրանք» է. ՀՀ Սահամադրության 101-րդ հոդվածով ամրագրված է, որ ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը, իսկ առաջին փուլի տվյալները ընդամենը միջանկյալ արդյունք են եւ ոչ՝ վերջնական: Նպատակը երկրորդ՝ Ստեփան Դեմիրճյանի հայցի լսումը ձգձգելն է: Այս կերպ հնարավորինս երկարաձգվում է ընդդիմության մի քանի ճակատով «կռվելու» ժամկետը: Եվ քանի որ խոտան արտադրող մեքենան արդեն ի վիճակի չէ որակյալ արտադրանք տալ, ուստի, անսարք մեքենայի խոտաններից մեկն էլ ԱԺ ընտրություններն են լինելու, անկախ «Արդարության» ներկայությունից կամ բացակայությունից: Նույն անսարք մեքենան նաեւ ընդդիմություն կթողարկի, ավելի ստույգ արդեն թողարկել է՝ ԱԻՄ, որեւէ կոմկուս եւ այլն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ողջ Եվրոպան ԱՄՆ-ին խնդրում էր երկրորդ ճակատ բացել, որ գերմանական ֆաշիզմը «կիսված» ուժերով ժամ առաջ պարտվի: Հայրենական ընդդիմությունն, այսօր, «կռվում է» առնվազն երկու ճակատով. ձերբալակություններ, ԱԺ ընտրություններ: Եթե իհարկե «հաշիվ չի» ՍԴ-ում ընթացող միջոցառումը, որը, չգիտես ինչու, դատական նիստ էր անվանվում: Ինչքան էլ վեհ, բարձր ու ազնիվ լինի նպատակը, միեւնույն է, մեկից ավելի ճակատով կռվողների հաղթելու հավանականությունը ցավալիորեն փոքր է, հատկապես, երբ պայքարում ես անսարք մեքենայի դեմ ու չգիտես թե ինչ տեսակի ու ինչքան անորակ արտադրանք կտա: Հիշատակված փիլիսոփան, ցավոք, չի հասցնում կռահել, թե ինչպես պետք է ազատվել իր անսարքության մասին անգամ չենթադրող ու շարունակ աշխատող մեքենայից: Իսկ թագավորներն էլ միայն մանուկներից կարող են իմանալ, որ մերկ են: Տեսնես ե՞րբ կծնվի անդերսենյան մեր մանուկը, կամ կծնվի՞ երբեւէ: Կամ ինչպես կարձագանքի այդ երեւույթին անսարք մեքենան, եթե այսօր ձերբակալում է մանուկների ու դեռ չծնված երեխաների (հղի կանանց): Այսքանից հետո կհամարձակվի, արդյոք, ծնվել անդերսենյան մեր մանուկը: Իսկ անսարք մեքենան շարունակում է աշխատել, անգամ չենթադրելով, որ ոչ ինքը, ոչ էլ իր խոտան արտադրանքը ոչ ոքի պետք չեն: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ Հ. Գ. Մոտ 70 տարի առաջ մեկ այլ անսարք մեքենա 30 տարի շարունակ խոտան էր թողարկում՝ հազարավոր մարդկանց կյանքի գնով: Նրան «դուրս գրեց» իր իսկ շրջապատը: Մեր օրերում մի ուրիշ անսարք մեքենա իրեն ծնած-սնած ժողովրդի բարեկեցության ու կյանքի, բոլորից մերժված իրողության գնով խոտան է թողարկում: Այս անսարք մեքենան էլ «նորոգում» են օտար մասնագետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել