Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐԱՄԱՊԱՆԱԿՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՔՍԱԿՆԵՐԸ

Մարտ 29,2003 00:00

ԴՐԱՄԱՊԱՆԱԿՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՔՍԱԿՆԵՐԸ Երեկ ՀՀ ԿԲ էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետ Գեւորգ Թումանյանն ասուլիս էր հրավիրել, որպեսզի ԿԲ-ի որոշումը հանրությանը բախշի։ Ըստ այդմ, 2003թ. մարտի 31-ից շրջանառության մեջ են դրվելու 50, 100, 200 եւ 500 դրամ անվանական արժեքներով 2003թ. նմուշի մետաղադրամներ։ Այդ անվանական արժեքով թղթադրամները, որոնց սերնդափոխությանն են կոչված սույն մետաղադրամները, ինչպես նաեւ 10 եւ 25-անոց թղթադրամները մեր երկրի տարածքում կշարունակեն համարվել օրինական վճարամիջոց մինչեւ 2004թ. ապրիլի 1-ը։ Այնուհետեւ, մեկ տարվա ընթացքում, 2004-ի ապրիլի 1-ից մինչեւ 2005-ի ապրիլի 1-ը՝ 10, 25, 50, 100, 200 դրամանոց թղթադրամները կարող են փոխանակվել բանկերում՝ առանց գումարային, ծավալային փոփոխությունների։ Իսկ 2005-ի ապրիլի 1-ից հետո սույն թղթադրամները կարող են փոխանակվել միայն ՀՀ ԿԲ-ում կամ ԿԲ-ի կողմից լիազորված բանկերում։ Ինչ վերաբերում է 1993թ. (հին) 50 եւ 100 դրամանոցներին, ապա դրանք մինչեւ տարեվերջ դուրս կգան շրջանառությունից, քանզի 98թ. ԿԲ-ի որոշմամբ, դրանք, այսպես ասած, ուժի մեջ էին հինգ տարի։ Ներդրվող 500 դրամանոց մետաղադրամը թղթադրամին չի «խփում»։ Նրանք «կքայլեն» ձեռք-ձեռքի՝ մինչեւ թղթադրամների եղած պաշարների սպառումը եւ մաշվելը։ Նոր մետաղադրամների դիզայնը նույն սկզբունքով է՝ հայկական զարդանախշեր։ Նրանք միմյանցից տարբերվում են չափերով, կշռով եւ գույներով։ 500 դրամանոցը կազմված է երկմետաղից՝ մեկ եւ երկու եվրոյանոցների օրինակով։ Իսկ ըստ Գ. Թումանյանի՝ դա «լրացուցիչ եւ հուսալի պաշտպանական հատկանիշ է»։ Մեր նոր մետաղադրամները լեհական արտադրության են՝ արտադրված են Լեհաստանի դրամահատարաններում։ Լեհերն այդ պատվին արժանացել են մրցույթի արդյունքում։ Թղթադրամները մետաղադրամներով փոխարինելու խնայողությունների կոնկրետ թվեր բանախոսը դժվարացավ ներկայացնել, մինչդեռ «ակնհայտ» համարեց «տնտեսական էֆեկտը»՝ նկատի ունենալով վերջիններիս երկարակեցությունը։ Այսքանով, մոտ ապագայի համար, մետաղադրամների արտադրության շղթան կփակվի։ Սակայն չի բացառվում հոբելյանական մետաղադրամների թողարկում, որոնք եւս կլինեն շրջանառու դրամամիջոց։ 100 դրամանոցի սերնդափոխության ճակատագիրը կորոշի երկու գործոն։ Նախ՝ փողի արժեզրկման տեմպերը, ապա՝ բնակչության կենսամակարդակի բարձրացումը։ Արձանագրված «տնտեսական աճից» նախանձելի լավատեսությամբ վարակված ԿԲ-ի վարչության պետը համոզված է, որ «եթե անցյալ տարի արձանագրված զարգացման տեմպերը 4-5 տարի եւս պահպանվեն», ապա՝ «լոխ լավ» կլինի։ Իսկ մինչ այդ, մինչեւ տարեվերջ, կունենանք նաեւ 10 հազար դրամանոց թղթադրամ՝ Ավ. Իսահակյանի նկարով։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել