Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԼՐԱՏՎԱԿԱՆ ՔԱՂՑԸ ՉԻ ՀԱԳԵՑՎՈՒՄ

Ապրիլ 30,2003 00:00

ԼՐԱՏՎԱԿԱՆ ՔԱՂՑԸ ՉԻ ՀԱԳԵՑՎՈՒՄ Բոլոր երկրներում անցկացվում են ուսումնասիրություններ, որոնք նպատակ ունեն պարզելու այս կամ այն հեռուստաալիքի լսարանը։ Երեւանում հետաքրքիր արդյունքներ է գրանցել «Խորհուրդ» մարքեթինգային-խորհրդատվական ընկերությունը։ Ընկերության աշխատակիցներն արդեն մշակված համակարգչային ծրագրով ընտրել են պատահական հեռախոսահամարներ ու զանգահարել քաղաքացիներին։ Նրանց ընդամենը մեկ հարց է տրվել՝ «Ո՞ր հեռուստաալիքն եք դիտում»։ Կիրառվել է նաեւ օրագրային ուսումնասիրությունների մեթոդը, երբ հեռուստադիտողից պահանջվում է նշել, թե 15 րոպեների ընթացքում ինչ ալիք են նրանք նայում։ Երկու շաբաթվա ընթացքում եղել է 14 հազար հեռախոսազանգ, հարցումներն իրականացվել են առավոտյան 10-ից մինչեւ երեկոյան 11-ը։ Արդյունավետ է ճանաչվել ընդամենը 4600 պատասխան, հարցման պահին անջատված են եղել 2800-ի հեռուստացույցները։ Ըստ ուսումնասիրության արդյունքների, Երեւանում ամենադիտվողը Հանրային հեռուստատեսությունն է (15%)։ Հարցվածների 13%-ը ավելի հաճախ դիտում է «Արմենիա», իսկ 12%-ը՝ OPT ալիքները։ Հաջորդ հորիզոնականները զբաղեցնում են «Պրոմեթեւսը», «ԱԼՄ»-ն, «Մուզ TV»-ն եւ մյուսները։ Ամենավերջին տեղում են CNN-ն ու Թուրքիան՝ պայմանավորված լեզվական խնդիրներով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էապես փոխվում է հեռուստաալիքների լսարանը ոչ աշխատանքային օրերին։ Շաբաթ օրերին «Արմենիայի» ու Հ1-ի լսարանները մոտավորապես նույնանում են։ Հանգստյան օրերին ավելանում է OPT դիտողների թիվը։ Ըստ խորհրդատվական-մարքեթինգային ընկերության ղեկավար Աղասի Ենոքյանի, Հանրային հեռուստատեսության հիմնական լսարանը հավաքվում է «Հայլուրի» ու հեռուստասերիալների, իսկ «Արմենիայինը»՝ ժամանցային-զվարճալի հաղորդումների ժամանակ։ OPT ավելի շատ են դիտում երեկոյան ժամերին, երբ ցուցադրվում են հեռուստալրատվական հաղորդումներ։ Ա. Ենոքյանի կարծիքով. «Հայ հեռուստադիտողը շարունակում է հետեւել ռուսական հեռուստաալիքներով տրվող լրատվությանը, քանի որ հայկական լրատվությունը դեռեւս չի հագեցնում ռուսական կամ միջազգային լրատվության հանդեպ քաղցը»։ Ուսումնասիրվել են նաեւ «մեռյալ» ժամեր։ Այդպիսին է համարվում ժամը 14-18-ն ընկած հատվածը, երբ մարդիկ եթե նույնիսկ տանն են, հեռուստացույց չեն միացնում իրենց համար հետաքրքիր հաղորդումներ չլինելու պատճառով։ Ա. Ենոքյանը փաստում է, որ բավականին նորամուծություններ են գրանցվել վերջին տարիներին. «Օրինակ, «Մուզ TV»-ն, «HTB- 5»-ը, «Հայրենիքը» սահուն կերպով «մտել» են Հայաստանի հեռուստալսարան եւ կարողանում են հավաքել մեծ դաշտ։ Իսկ Եվրոնյուսի լսարանը գնալով կրճատվում է, մինչդեռ այն ավելի մեծ էր իրաքյան իրադարձությունների ժամանակ»։ Ա. Ենոքյանը նաեւ կարծում է, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հեռուստաընկերությունների վարկանիշի վերաբերյալ հստակ հաշվարկներ անելը առայժմ վաղաժամ է, քանի որ մշակման մեթոդիկայի առումով դեռեւս անելիքներ ունեն։ Սակայն նման ուսումնասիրությունները հավակնում են լինել այն ուղենիշը, որը թույլ կտա ծանոթանալու երեւանցի հեռուստադիտողի հետաքրքրությունների շրջանակին ու նախասիրություններին։ Ըստ Ա. Ենոքյանի, հայկական հեռուստաալիքները դեռեւս զգալիորեն զիջում են ռուսականներին՝ հաղորդումների որակով, իսկ մեր լրատվական հաղորդումները ավելի շատ քարոզչություն են հիշեցնում, քան լրատվություն։ Փոխարենը հեռուստադիտողն է ավելի դինամիկ դարձել, որը պայմանավորված է հեռակառավարվող հեռուստացույցների քանակի ավելացմամբ. «Ալիքի հանդեպ հավատարմությունն այսպիսով ընկել է, որովհետեւ հեռուստադիտողը շարունակ նոր ալիքներ ու հետաքրքիր հաղորդումներ է որոնում»։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930