Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ «mercie» փորձագետներին

Ապրիլ 30,2003 00:00

Մեծ «mercie» փորձագետներին Երեկ մամլո ասուլիս հրավիրած մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի հյուրերն էին՝ Եվրախորհրդի մշակույթի կոմիտեի փորձագետներ Թերի Սանդելը, Ժան Պետոն, Դոլինա Բոդեան։ Փորձագետների Հայաստան ժամանելու նպատակն էր ստուգել, թե 2000թ. հետո (երբ Հայաստանն իր առաջին ազգային զեկույցը ներկայացրեց Եվրախորհրդին) ինչ զարգացում է ապրել մեր երկրում մշակութային քաղաքականությունը։ «Մեզ համար անչափ կարեւոր է իրականացնել մշակութային գործունեության անսահմանափակ ազատություն»,- նշեց մշակույթի նախարարը, շնորհակալություն հայտնելով փորձագետներին, որ օգնել են Հայաստանում այնպիսի մշակութային քաղաքականություն իրականացնել, որը համապատասխանում է Եվրախորհրդի մշակութային կոմիտեի սահմանած ստանդարտներին։ Եվրախորհրդի փորձագետներն էլ արտահայտեցին իրենց նկատառումները հայաստանյան մշակույթի ձեռքբերումների մասին։ Նրանք նշեցին, որ շարունակելու են 2000թ. սկսած համատեղ աշխատանքը, որպեսզի կարողանան «պատկերացնել, հասկանալ առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի մշակութային հիմնական կետերի տենդենցները»։ Նշվեց նաեւ, որ մեր իշխանությունների արժանիքների (հատկապես որ՝ չմանրամասնեցին) շնորհիվ վերջապես օրենսդրական դաշտի շրջանակներն էլ են գծվել։ Արտասահմանյան փորձագետները խորհուրդ տվեցին մշակույթի նախարարության աշխատակիցներին շարունակել կառուցվածքային բարեփոխումների արդեն սկսած ծրագիրը, հնարավորինս փոխկապակցելով մշակույթն ու կրթությունը։ Նրանք կարեւորեցին մշակույթի ոլորտում Հայաստանի համագործակցությունը Ադրբեջանի, Վրաստանի եւ Իրանի հետ։ Բոլոր խորհուրդները լսելուց հետո Ռ. Շառոյանը «մեծ mercie» հայտնեց փորձագետներին։ Վերջիններիս խորհուրդ տվեցին նաեւ մեր սփյուռքահայ եղբայրներին, որոնց առաջարկվեց ներդրումներ անել մշակույթի բնագավառում։ Ի դեպ, արտասահմանյան փորձագետները շարունակ շեշտում էին, որ եկել են Հայաստանին օգնելու ու փորձելու են աջակցել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ համատեղ հաղթահարելու անցումային շրջանի դժվարությունները։ Պարզվեց, որ փորձագետները նաեւ մեծ ցանկություն ունեն կրթելու մեր երկրի վարչական աշխատողներին. «Մշակույթը առարկա չէ, որը դնում են վառարանի վրա։ Այն պետք է զարգացնել ու լավ հասկանալ»։ Նրանք վստահ են, որ աշխատանքը դեռ ավարտված չէ. «Տունը կառուցել են, բայց դեռ կահույք էլ պիտի գնեն»։ Լրագրողներից մեկի այն հարցին, տեղյա՞կ են, արդյոք, Ջուղայի խաչքարերի պղծման փաստերին, Եվրախորհրդի պատվիրակներն ընդամենն «այո» պատասխանեցին, իսկ շփոթմունքը թաքցնելու համար սկսեցին ծիծաղել։ Նրանց օգնության հասավ փոխնախարար Կ. Արիստակեսյանը, ասելով, որ Ջուղայի խաչքարերով զբաղվելը չի մտնում Եվրախորհրդի փորձագետների իրավասությունների մեջ։ Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել