Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացասական» էմիգրացիա եւ լոկալ ինտեգրացիա

Մայիս 30,2003 00:00

«Բացասական» էմիգրացիա եւ լոկալ ինտեգրացիա Երեկ «Կոնգրես» հյուրանոցում աշխատանքներն սկսեց «Միգրացիա եւ ինտեգրացիա» թեմայով սեմինարը, որը ՀՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի եւ փախստականների վարչությունը կազմակերպել էր Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։ ԵԽ-ին Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկիրը հնարավորություն է ստացել միգրացիոն գործընթացների կարգավորման հարցերում եվրոպական երկրների փորձից օգտվելու եւ ստանալու համապատասխան տեխնիկական աջակցություն։ Սակայն դա նաեւ նշանակում է, որ երկիրը պարտավորություն է վերցնում այդ խնդիրները ենթարկել քաղաքակիրթ կարգավորման։ Անցյալ տարվանից Հայաստանը ներգրավվել է ԵԽ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող միգրացիոն աշխատանքներին։ Մասնավորապես, մեր փորձագետները մասնակցում են չորս թեմատիկ հանձնաժողովների աշխատանքներին։ Իսկ մարտին մեր երկիրը առաջին անգամ մասնակցեց Միգրացիայի եվրոպական կոմիտեի նիստին, եւ Հայաստանը ներկայացնող պատվիրակը՝ Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը ընտրվեց միջազգային այդ կառույցի ղեկավար մարմնի կազմում։ «Միգրացիա եւ ինտեգրացիա» սեմինարը անցկացվում է ԵԽ-Հայաստան համագործակցության շրջանակներում։ Նպատակն է Հայաստանի համապատասխան պաշտոնյաներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել եվրոպական մոտեցումներին եւ ստանդարտներին, որոնք կիրառվում են հատկապես ինտեգրացիոն հարցերում։ Գ. Եգանյանը ինտեգրացիայի հարցերը հատկապես կարեւորում է Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն, ըստ նրա, այսօր «իրականացնում է ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ ամբողջ աշխարհի մասշտաբով խոշորածավալ լոկալ ինտեգրման քաղաքականություն»։ Այն վերաբերում է մեր ազգաբնակչության 10%-ը կազմող փախստականների ինտեգրմանը։ Պրն Եգանյանն առանձնացրեց նաեւ սեմինարի ընթացքում Ռուսաստանի Դաշնության իմիգրացիոն օրենքի փոփոխություններին եւ վերջինիս գործողությանը ծանոթացնելը, որի համար հրավիրվել են մասնագետներ ՌԴ ներքին գործերի նախարարությունից։ «Ինչո՞ւ է սա կարեւոր,- ասաց Գ. Եգանյանը,- որովհետեւ բնակչության միգրացիոն տեղաշարժերի վեկտորը հիմնականում ուղղված է դեպի Ռուսաստան։ Հայաստանից մեկնածների մինչեւ 85%-ը որպես նշանակետ երկիր ընդունում է Ռուսաստանը։ Եվ շատ կարեւոր է, որ մինչեւ մեկնելը մարդիկ իմանան այն փոփոխությունները, որոնք կատարվել են Ռուսաստանի օրենսդրության մեջ»։ Միգրացիոն հոսքերի մասին վերլուծությունում վերջին 10-12 տարվա դինամիկայի ֆոնին առանձնանում է 2002թ. հետո ընկած ժամանակահատվածը։ Եթե մինչ այդ 1992-96թթ. միգրացիոն հոսքերը բնութագրվում են իբրեւ Հայաստանից զանգվածային էմիգրացիա, 1996-2001թթ.՝ ոչ զանգվածային (նվազող, հետո նաեւ՝ կայուն չափաքանակներով) էմիգրացիա, ապա 2002-ին գործ ունենք զրոյական-բացասական սալդոյի հետ, որը նշանակում է՝ մեկնողների եւ ժամանողների թվաքանակները գրեթե հավասարվել են։ Ըստ պրն Եգանյանի, այդ տենդենցն այս տարի պահպանվել է, թեեւ ընդհանուր օրինաչափությունները գնահատելու համար մեկ տարի չորս ամիսը կարճ ժամանակահատված է համարվում։ Իսկ օտարերկրացիների անլեգալ մուտքը Հայաստան հատուկենտ բնույթի է։ Դրանք հիմնականում այն քաղաքացիներն են, որոնք մեր իշխանություններին դիմել են ապաստանի հայցով, մերժում են ստացել եւ պետք է մեկնեն Հայաստանից։ Սակայն տեխնիկական եւ ֆինանսական սահմանափակումների պատճառով վերադարձի կազմակերպումը ձգձգվում է եւ նրանց որոշակի քանակ մնում է Հայաստանում։ Իսկ պետության միասնական քաղաքականությունը մշակվում է Հայաստանում օրինական կարգով մշտապես բնակվող օտարերկրացիների ինտեգրման ուղղությամբ։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել