Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. ԿԱԶԻՄԻՐՈՎԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Հունիս 28,2003 00:00

Վ. ԿԱԶԻՄԻՐՈՎԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է Մոտ երկու ամիս առաջ հայաստանյան մամուլն ակտիվորեն քննարկում էր 1992-1996թթ. ղարաբաղյան կարգավորման գծով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը՝ «Նեզավիսիմայա գազետայում»: Ցավոք, ոչ բոլոր մեկնաբանություններն էին ճշգրիտ արտացոլում թե պրն Կազիմիրովի դիրքորոշումը եւ թե նրա գործունեությունը միջնորդական առաքելության ղեկավարի պաշտոնում: Դեսպան Կազիմիրովը դիմել է «Առավոտ» թերթին՝ ծանոթացնելու համար հայաստանյան ընթերցողին իր իրական մոտեցումներին: Դեսպանը, մասնավորապես, գրում է. «Կարո՞ղ էր արդյոք ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գծով Ռուսաստանի նախագահի լիազոր172ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղ կանչել թուրք խաղաղապահներին: Դա անհեթեթություն է: Մի՞թե Մոսկվան այդքան վատ գիտի Անդրկովկասի գործերը»: Պրն Կազիմիրովը նշում է, որ նման խնդիր չէր կարող քննարկել Թանսու Չիլլերի հետ, որին երբեք չի հանդիպել: Այնուհետեւ դեսպանն անդրադառնում է 1993 թվականի նոյեմբերի 20-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին, երբ անհայտ անձինք կրակ բացեցին ռուսաստանյան միջնորդների մեքենայի վրա: Պրն Կազիմիրովի ներկայացմամբ, Երեւանը տեղյակ էր միջնորդների ճանապարհի մասին, «բայց, հավանաբար, չէր զգուշացրել յուրայիններին սահմանի այն հատվածում, որով մենք անցնում էինք»: Հայաստանի որոշ շրջանակներին դուր չի գալիս, որ Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպումները Կազիմիրովը գնահատում է իբրեւ «բանակցություններ ազգային էգոիզմի դրոշի տակ»: Դեսպանը պարզաբանում է, թե ինչի մասին է խոսքը: «Երկու ժողովուրդներն ունեն շատ էական ընդհանուր շահեր, որոնք պահանջում են պատմական հաշտեցում եւ համապատասխան փոխզիջումներ: Սակայն այդ ընդհանրությունը բանակցությունների հիմք չի դարձել, այն համառորեն մոռացության է մատնվում: Ընդհակառակը՝ ոմանք արհեստականորեն սրում են երկու ժողովուրդների հակադրությունը: Ավելի ճի՞շտ չէ ասել դրա մասին, քան լռել»: Ինչ վերաբերում է կողմերի՝ փոխզիջումներին պատրաստակամությանը, ապա, ըստ պրն Կազիմիրովի, «կողմերից մեկը պնդում է, որ սպառել է զիջումների պաշարը, մյուսն, իբր, պատրաստ է փոխզիջումների, բայց՝ ոչ միակողմանի: Մի՞թե սա կեղծ փակուղի չէ: Փոխադարձ զիջումներ պարտադիր պետք է արվեն ոչ մեկ անգամ, եւ որքան շուտ՝ այնքան լավ: Միայն թե դրանք համապատասխանեն ժողովուրդների արմատական շահերին եւ հաշվեկշռված լինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել