Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԼԵԳԵՆԴԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է

Օգոստոս 30,2003 00:00

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԼԵԳԵՆԴԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է Լրացավ հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկի՝ Գրիգոր Համբարձումյանի ծննդյան 70-ամյակը Ավաղ, ներկայիս սերունդը չի տեսել Երեւանի «Սպարտակի» աջ պաշտպանի խաղը, որը թե մասնագետները, թե տարեց ֆուտբոլասերները գնահատում են մեկ բառով՝ անթերի։ Նրանց վկայությամբ, Գրիգոր Համբարձումյանի նման ֆուտբոլիստի առկայությունը ցանկացած թիմում կոլեկտիվի բոլոր անդամներին ինքնավստահություն էր ներշնչում, հավատ՝ սեփական ուժերին ու մեծ ոգեւորություն։ Գրիգոր Համբարձումյանը հայ առաջին ֆուտբոլիստներից է եղել, որին հրավիրել են ԽՍՀՄ հավաքական։ Նա այնտեղ նախապատրաստվում էր մասնակցելու Չիլիում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Սակայն մարզիչները վերջին պահին որոշեցին նրա փոխարեն տանել երրորդ դարպասապահին, բայց հետո զղջացին ու այդ մասին խոստովանեցին։ Մեր ֆուտբոլային հպարտություններից մեկը համարվող Գրիգոր Համբարձումյանն ակտիվ ֆուտբոլը դադարեցնելուց հետո հրաժեշտ չտվեց մարզաձեւին։ Նա նախ «Սպարտակից» վերադարձավ հայրենի Կապան, որտեղի «Լեռնագործը» նաեւ նրա բարձրակարգ խաղի շնորհիվ ուղիղ 40 տարի առաջ նվաճեց Հայաստանի գավաթը։ Արժանին մատուցելով Գրիգոր Համբարձումյանի՝ հայկական ֆուտբոլում ունեցած անգնահատելի ծառայություններին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծարման ցերեկույթ էր կազմակերպել իր նիստերի դահլիճում։ Հոբելյարին շնորհավորեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Համբարձումյանի թիմակիցներ, վետերաններ Սարգիս Հովիվյանը, Ռոբերտ Դալլաքյանը, Հակոբ Դուրգարյանը, «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը, ՀՖՖ լրատվական ծառայության ղեկավար Սուրեն Բաղդասարյանը, «Արարատ-73»-ի հարձակվող Նիկոլայ Ղազարյանը։ Ռուբեն Հայրապետյանը ափսոսանքով նշեց, որ ինքը չի տեսել Գրիգոր Համբարձումյանի խաղը, սակայն ծնողներից ու բարեկամներից միշտ լսել է ֆուտբոլիստի մասին։ Ըստ պրն Հայրապետյանի, ֆուտբոլի երախտավորներին պետք է պահել ուշադրության կենտրոնում, օգտվել նրանց փորձից ու գիտելիքներից, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստները սովորելու բան ունենան։ Ռ. Հայրապետյանը ֆեդերացիայի կողմից Գրիգոր Համբարձումյանին հանձնեց 500 դոլար։ «Բանանցի» նախագահը ակումբի կողմից հոբելյարին տվեց $100։ Մյուսներն էլ, բարեմաղթություններից բացի, հիշեցին անցյալը, խոսեցին ֆուտբոլի ներկայիս վիճակի, մեր ունեցած ձեռքբերումների ու հոգսերի մասին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել