Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ը եւ «ՆՏ»-ն մրցակիցներ են

Սեպտեմբեր 30,2003 00:00

«Ա1+»-ը եւ «ՆՏ»-ն մրցակիցներ են Նրանք մասնակցում են նույն՝ «ԱրմՆյուզի» զբաղեցրած կապուղու համար մրցույթին: Ներկայացված փաթեթները կքննարկվեն հոկտեմբերի 9-ին, իսկ արդյունքները պարզ կլինեն հոկտեմբերի 13-ին: Երեկ առանց մրցակիցների մրցող «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունը վերանվաճեց իր կապուղին: «Ա1+»-ը չմասնակցեց այդ մրցույթին այն հիմնավորմամբ, թե մինչեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից հստակ պատասխան չստանա նախորդ մրցույթին ներկայացված իր դիմումի մերժման հիմքերի մասին՝ չի մասնակցի որեւէ այլ մրցույթի: Այնուամենայնիվ՝ երեկ «Ա1+»-ը հայտեր ներկայացրեց ներկայումս «ԱրմՆյուզի» եւ «Ար»-ի զբաղեցրած կապուղիների համար հայտարարված մրցույթներին: Մեր հարցին, թե ինչու փոխեցին որոշումը, երբ դեռեւս որոշակի պատասխան չեն ստացել ՀՌԱՀ-ից՝ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց. «Փոքր-ինչ անսպասելի հայտարարվեցին այս երկու մրցույթները: Մենք ենթադրում էինք, թե մի երկու ամիս հետո կլինեն դրանք եւ այդ ընթացքում կլիներ դատավարությունը: Բայց քանի որ այս մրցույթները եթեր վերադառնալու մեր վերջին հնարավորություններից էին՝ ստիպված էինք նորից մասնակցել»: Ի դեպ, սա նախավերջին հնարավորությունն է՝ վերջինը դեկտեմբերին «Արթ-13»-ի համար հայտարարվելիք մրցույթն է: «Նոյյան տապանի» տնօրեն Տիգրան Հարությունյանը հայտնեց, թե ներկայացրել են նույն փաթեթը, որը եւ ներկայացրել էին CNN-ի հետ մրցակցելիս: Այն ՀՌԱՀ-ն արդեն իսկ արժանացրել է 21 միավորի եւ մեր հարցին, թե մտավախություն չունի՞, որ գնահատականն այս դեպքում էլ նույնը կլինի՝ պրն Հարությունյանը պատասխանեց. «Մտավախություն, իհարկե, ունենք: Բայց կարծում եմ, որ մեր փաթեթը բավական լավն է եւ արժանի է ավելի բարձր գնահատականի»: «ՆՏ»-ն էլ էր նախորդ մրցույթից հետո ապարդյուն փորձել ՀՌԱՀ-ից ստանալ իրենց դիմումի մերժման հիմքերը. «Մենք պաշտոնապես դիմեցինք՝ բացատրություններ խնդրելով գնահատականների վերաբերյալ: Բայց փաստորեն չստացանք ըստ էության պատասխան: Նամակում մեր հարցին, թե ո՞ր դրույթներով էր «ՆՏ»-ի փաթեթը զիջում մրցակցին՝ պարզապես պատասխանեցին, թե ՀՌԱՀ-ն իրավունք ուներ դեցիմետրային տիրույթի 1/5-ի չզբաղեցված լինելու դեպքում գերապատվությունը տալ վերահեռարձակմանը: Այսքանը»: «Ա1+»-ն այս մրցույթներին ներկայացրել է նոր առաջարկներ. «Երկու փաթեթներն էլ ուժեղացված են եւ հաշվի ենք առել այն բոլոր, նույնիսկ հակասական հայտարարությունները, որոնք նախորդ մրցույթներում մեր պարտվելու կապակցությամբ արել էր ՀՌԱՀ նախագահը: Նա մեկ ասում էր, թե ֆինանսապես ենք թույլ եւ վստահություն չենք ներշնչում (ներկայացրել ենք վստահություն ներշնչելու համար բավարար փաստաթղթեր) մեկ էլ՝ թե տեխնիկապես ենք թույլ: Մենք առաջարկում ենք պրն Ամալյանին մի սենյակ հատկացնել, որտեղ կներկայացնենք մեր տեխնիկական միջոցները, որ հանձնաժողովի բոլոր անդամները գնան եւ շոշափեն դրանք՝ ինչպես իր տեխնիկայի պարագայում առաջարկում էր «Արմենիան»: «Ար»-ի կապուղու համար այլ ծրագիր ենք ներկայացրել, «ԵվրոՆյուզի» համար՝ մեկ ուրիշը: Բացի այդ՝ մեր ուղղվածությունը համընկնում է լրատվական ուղղվածությանը, որ «ԵվրոՆյուզի» կապուղու համար որոշել է ՀՌԱՀ-ը»: «Ար»-ը մետրային ալիք է՝ արդյոք «Ա1+»-ն ունի՞ այդ հնարավորությունները, որ հաղթելու պարագայում կարողանա հեռարձակվել ողջ հանրապետությունում: Այս հարցին պրն Մովսեսյանը դրական պատասխանեց եւ հավելեց. «Բայց «Ար»-ը ողջ հանրապետությունում չի գործում, այլ միայն այն տարածքում, որում տարածվում էին նաեւ «Ա1+»-ի հաղորդումները՝ Երեւան եւ Արարատյան դաշտավայր»: Իսկ «ՆՏ»-ի տնօրենն «Ար»-ի կապուղու մրցույթին չմասնակցելը պատճառաբանեց այդ իրողությամբ, որ դա մետրային ալիք է: Մեր խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ այս անգամ «ՆՏ»-ի հետ դառնում են մրցակիցներ՝ «Ա1+»-ի նախագահն ասաց. «Կարելի էր կանխատեսել սա: Բոլոր մրցույթների ընթացքում էլ պրն Ամալյանը եւ նրա թիմն աշխատում էին իրար դեմ հանել մեզ: Բայց ես խնդիր չունեմ՝ ուժեղ թիմ եւ ծրագիր ունեմ եւ կմրցակցեմ ցանկացա՛ծ հեռուստաընկերության հետ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել