Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Նոր ժամանակները» վերադարձան Ռուսաստանից

Հոկտեմբեր 31,2003 00:00

«Նոր ժամանակները» վերադարձան Ռուսաստանից ՄԱԱ-ի հյուր, «Նոր ժամանակներ» ձեւավորվող քաղաքական ուժի առաջնորդ Արամ Կարապետյանը լրագրողների հետ կանխատեսումներով առատ զրույց ունեցավ։ Նախ՝ ՌԴ-ում ընթացող «օլիգարխաորսության» ֆոնի վրա Ա. Կարապետյանի կանխատեսմամբ, Հայաստանում եւս քաղաքական դաշտից օլիգարխների դուրսմղման գործընթաց է սկսվելու։ Նրա տեղեկություններով, իշխանություններն առայժմ բանակցությունների միջոցով են փորձում դա անել, բայց եթե չհաջողվի՝ «բավականին կոպիտ մեթոդներ են կիրառվելու»։ Նոր ժամանակների բերողը դա նորմալ է համարում, որովհետեւ գտնում է, որ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի՝ օլիգարխներն այլեւս անելիք չունեն։ Նա նաեւ ցավում է, որ «օլիգարխները կընտրվեն ու դուրս կմղվեն կոնյունկտուրային համապատասխան», ինչը անկայուն իրավիճակի կհանգեցնի։ Արդյունքում, անգամ ըստ Ա. Կարապետյանի, կստեղծվի օլիգարխական քաղաքական ուժ, որը կփորձի դիմագրավել սույն գործընթացներին։ «Եկել են ժամանակները ավելի խելքով, քան հունարով աշխատելու»,- հայտարարեց Ա. Կարապետյանը։ Ա. Կարապետյանն առհասարակ գտնում է, որ 21-րդ դարում ռուսամետ, արեւմտամետ եւ այլամետ գաղափարները դուրս կգան ու կսկսվի կոմպլեմենտար գործիչների շրջանը։ Իսկ իր եւ ռուսաստանահայ մյուս գործիչների տարբերությունը համարում է այն, որ «նրանք Ռուսաստանի քաղաքացիներ էին եւ որեւէ իրավունք չունեին Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու»։ Արամ Կարապետյանի հաջորդ կանխատեսմամբ, 2005 թվ.-ից կժողովրդավարանանք, քանզի «իշխանության եւ ընդդիմության նորմալ մասը շահագրգիռ կլինի, որ սկսած թաղապետերից նորմալ մարդիկ ընտրվեն»։ Իսկ մինչ այդ, կոալիցիոն հակասությունները, ըստ Ա. Կարապետյանի, այնքան կխորանան, որ կոալիցիոն եւ ընդդիմադիր առանձին գործիչների «տանդեմներ» կստեղծվեն։ Բնականաբար, «հնարավոր է այսօրվա նախագահի լիազորությունների ժամկետից շուտ վայր դնել»։ Իսկ իշխանությունը «իր շրջապատից իրավահաջորդին կհանձնի»։ Ընդ որում, այս իշխանափոխությունը պարոն Կարապետյանի վկայությամբ, «արտաքին պրոցեսների այնպիսի ազդեցությամբ» կլինի, որ «ծիծաղելի չի լինի»։ Իսկ կուսակցության ստեղծումը Ա. Կարապետյանը հիմնավորեց ժողովրդական լայն զանգվածների պահանջով. «Մարդկանց քանակն ու հոսքն այնքան մեծ է, որ մի տեսք պետք է տայինք։ Կուսակցությունից բացի, ես այլ ձեւ չգիտեմ»։ Իսկ կուսակցության «Նոր ժամանակներ» անվանմանը, որը սկզբնական կառույցների կամքի արտահայտությունն է, պարոն Կարապետյանը լրջացնելու միտումով «պետություն եւ առաջընթաց» կարգախոսն է ամրագրել։ Իսկ կուսակցության ամենածանոթ դեմքերը նախկին դաշնակցականներն են լինելու։ Նրանք, ըստ Ա. Կարապետյանի, դաշնակցությունից հեռացվել են գաղափարական հիմքով եւ եթե «98-ին չլիներ ՀՅԴ-ի կոնյունկտուրայի մեջ մտնելը ես այժմ էլ ՀՅԴ անդամ կլինեի»,- ասաց նոր ազատական ժամանակների ձգտող նախկին դաշնակցականը։ Ինչ վերաբերում է կուսակցության ֆինանսներին, որոշ օլիգարխներ, որոնց անունները չհրապարակվեցին՝ «մեզ համոզում են համագործակցել»։ Ըստ ամենայնի, «Նոր ժամանակները» թանկ «կհամագործակցի»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031