Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պատերա՞զմ

Հոկտեմբեր 31,2003 00:00

Նոր պատերա՞զմ Գերմանական Der Spiegel պարբերականը սենսացիոն տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Իսրայելի կառավարությունը պատրաստ է ամենամոտ ապագայում կանխարգելիչ հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: Հղում կատարելով իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայության աղբյուրներին, թերթը գրում է, թե դրա համար նախատեսված է օգտագործել վեց F-16 մարտական ինքնաթիռներ, որոնք պետք է «միաժամանակ եւ ամբողջությամբ» ոչնչացնեն նախանաշված օբյեկտները: «Մոսսադի» փորձագետների գնահատումներով, այդ գործողության իրականացումը հեշտ չէ, սակայն՝ «տեխնիկապես հնարավոր»: Վերջին շրջանում Իրանի եւ ՄԱԳԱՏԵ-ի լարված հարաբերություններն ու դրանց կարգավորմանն ուղղված միջազգային քննարկումները կարծես սովորական են դարձել, բայց այն, որ մի կողմից Իրանի, մյուս կողմից Իսրայելի ու ԱՄՆ-ի «միջուկային» բանավեճը կարող է շեշտակիորեն վերաճել պատերազմի իրական սպառնալիքի, թերեւս շատ երկրների համար անակնկալ էր: Վերջին շիկացումն առավել եւս անսպասելի էր այն բանից հետո, երբ թվում էր, թե ԵՄ առաջատար երկրների ու Իրանի կառավարության միջեւ համաձայնություն է ձեռք բերվել միջազգային տեսուչների կողմից Իրանի միջուկային օբյեկտներում անարգել ստուգումներ անցկացնելու հնարավորության ընձեռման հարցում: Ավելի ուշ իսրայելցի փորձագետները հայտարարել էին, թե Թեհրանն այդպիսով ընդամենը ժամանակ է շահում եւ, վախենալով «ցավոտ բացահայտումներից», ամեն ինչ անում է առանց զգուշացման՝ ստուգումները բացառելու համար: Թել-Ավիվում նաեւ վստահ են, թե Իրանի միջուկային վեց օբյեկտներից առնվազն երեքի մասին միջազգային հանրությանը ոչինչ հայտնի չէ: Ինչպես եւ կարելի էր սպասել, Իսրայելի՝ Իրանին ուղղված դիվանագիտական «կրակոցներին» անմիջապես հետեւեց պաշտոնական Թեհրանի արձագանքը: Իրանի կառավարության լիազոր172ներկայացուցիչ Աբդուլա Ռամեզանզադեն հայտարարեց, թե «մենք սովոր ենք Իսրայելի նման հիմար ճարտասանությանը եւ անգամ հարկ չենք համարում պատասխանել դրան»: Սակայն վերջինս, այնուամենայնիվ, պատասխանել է, նշելով. «Իրանը պատրաստ է ողջ հզորությամբ հակազդել հարձակումներին»: Բարեբախտաբար, Իրան-Իսրայելական՝ առայժմ եթերային առճակատումը, գոնե երեկվա դրությամբ, կարծես մեղմանալու միտում ուներ: Իսրայելական Ha8217aretz թերթը գրում է, որ դեռեւս չճշտված տվյալներով, Իսրայելի կառավարությունը Թեհրանից «շրջանցիկ ճանապարհներով դիվանագիտական ազդանշան է» ստացել այն մասին, թե պատրաստ է խնդրո առարկայի շուրջ երկկողմ բանակցություններ սկսել: Ըստ պարբերականի, վարչապետ Շարոնն ու նրա գործակիցներն առայժմ խիստ թերահավատորեն են վերաբերվում ինչպես այդ փաստաթղթի անկեղծությանը, այնպես էլ առհասարակ Իրանի «շարունակաբար չբարեփոխվող» իշխանակարգին: Անկախ ամեն ինչից, առաջիկա օրերին այս հարցը, վստահաբար, միջազգային լայն արձագանքի կարժանանա: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել