Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ» ԲԱՆԱՎԵՃ

Հոկտեմբեր 31,2003 00:00

«ՉԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ» ԲԱՆԱՎԵՃ Դատավոր Սարո Արամյանը դատարան չի թողնում փաստաբան Հովիկ Արսենյանին Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատավոր Սարո Արամյանի եւ Փաստաբանների միջազգային միության միջեւ այսօր առկա հեռակա բանավեճի առիթ էր հանդիսացել այն, որ դատարանին հասցեագրված պաշտպան Հ.Արսենյանի՝ փաստաբանի արտոնագրի օրինական լինելու մասին Միության գրությունը դատավորը ավելի քան մեկ ամիս հրաժարվում է ընդունել: Նա հայտարարել էր, թե այն անգրագետ եւ պատշաճ կերպով չի ձեւակերպված: Ի վերջո, գրությունը նա որակել էր՝ որպես դատարանին ուղղված վիրավորանք: «Դատավոր Ս.Արամյանն արդեն չորրորդ նիստն է՝ ուղղակի վիրավորանք է հասցնում Փաստաբանների միջազգային միությանը, մեր միության կոլեգիայի կայացրած որոշմանը: Մենք համբերատարությամբ սպասում ենք, որ նա մեր գրության մասին դատարանում ասած իր բանավոր խոսքը պատշաճ կերպով գրավոր ձեւակերպի եւ դիմի մեզ, եթե, իհարկե, Միության իրականացրած գրագրության կամ կոլեգիայի կայացրած որոշման առնչությամբ խնդիրներ կան, որպեսզի մենք էլ հասկանանք, թե դատարանի պահանջն ինչում է կայանում: Առ այսօր մենք նման գրություն դատավորից չենք ստացել: Մենք դատավորի բանավոր հայտարարություններին ծանոթանում ենք միայն լրատվամիջոցներից: Չկա դատարանի որոշում, դատավորի պահանջի իրավական ձեւակերպում: Ս.Արամյանը դատարանը վերածել է անձնական մտքերն արտահայտելու վայրի՝ օգտագործելով դատավորի իր կարգավիճակը»,- երեկ «Առավոտին» ասաց Միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Նա վստահեցրեց, թե Միությունը նպատակ չի ունեցել եւ չի վիրավորել դատարանին. «Այդ ձեւակերպումը դատավոր Արամյանինն է, նրա անձնական կարծիքը, որը մենք չենք կիսում»: Անդրադառնալով Միությանն ուղղված դատավորի բանավոր հայտարարություններին, որոնք պարբերաբար հնչում են դատարանում, երբ ամբաստանյալ Ա.Սարգսյանը կամ նրա պաշտպանները միջնորդում են Հ.Արսենյանին դատարան վերադարձնել, Տ.Տեր-Եսայանը նկատեց, թե իրենք դատարանին ուղղած 2-3 պատշաճ ձեւակերպված գրություններով բավարարել են դատավորի նույնիսկ բանավոր պահանջը՝ տրամադրել Միության կոլեգիայի որոշումը եւ այլն՝ հաշվի չառնելով, որ դատավորի գրավոր միջնորդության մեջ նման ձեւակերպումներ չեն եղել: Նրա ու նաեւ Միության փաստաբան Ժորա Խաչատրյանի գնահատմամբ, «դատավորն իր վարքագծով ինքն է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորում»: Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք ստացված գրությունները չընդունելու մեջ պաշտպանին դատավարությունից մեկուսացնելու միտում կա, Տ.Տեր-Եսայանն արձանագրեց. «Փաստաբանին դատական պրոցեսից մեկուսացնելը ինքնանպատակ չէ: Դա պետք է հստակ ձեւակերպված լինի. դա էլ է օրենքի պահանջ: Պետք էր որոշել՝ մարդը փաստաբանի օրինական արտոնագիր ունե՞ր, թե՞ չէ: Մենք ասել ենք, որ Հ.Արսենյանը այդպիսի արտոնագիր ունի եւ փաստաբան է: Ուրեմն՝ նա պետք է զբաղվի իր գործով, իսկ դատավոր-փաստաբան վեճը չպետք է անդրադառնա վստահորդի շահերի արդյունավետ պաշտպանության, նրա իրավունքների վրա»: Միության նախագահի ասելով, դատավորի կամայական գործողություններին իրենք միանշանակորեն կպատասխանեն. «Միության ղեկավար մարմինը կանդրադառնա դատավորի պահվածքին եւ ադեկվատ պատասխան կտա՝ արդեն իրավական հարթության մեջ եւ օրենքով սահմանված կարգով»: Քանի որ դատավոր-փաստաբաններ բանավեճը սկիզբ է առել դատավորի կողմից փաստաբանների իրավական գրագիտության եւ պատշաճության շուրջ դատողություններ անելուց, հարկ ենք համարում վերհիշել «չարտոնված» հանրահավաքների եւ երթերի մասնակցածների վերաբերյալ ոչ վաղ անցյալում դատավոր Ս.Արամյանի կայացրած այն վճիռները, որոնք արձակվել էին պատշաճության սահմանը խախտելով՝ հենց դատավորի աշխատասենյակում: Այն ժամանակ դատավոր Սարո Արամյանն իր կայացրած վարչական պատասխանատվության ենթարկելու մասին մի քանի տասնյակ որոշումներում ժամանակին «պարզել» էր, որ դատվող այսինչ կամ այնինչ քաղաքացին կազմակերպել եւ մասնակցել է 2002-ի մայիսի 14-ի «չարտոնագրված երթին»: Իսկ այդպիսի «չարտոնագրված» քաղաքացիներից մեկին՝ Լեւոն Գալստյանին, նա ենթարկել էր նույնիսկ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով չնախատեսված վարչական տուգանքի՝ 3000 դրամի չափով, երբ տուգանքի առավելագույն չափը օրենքով 1500 դրամ է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031