Լրահոս
Օրվա լրահոսը

Սա Իտալիա չէ

Հոկտեմբեր 31,2003 00:00

Սա Իտալիա չէ Ուստի «Ջրմուղ-կոյուղին» չի պատրաստվում փոխհատուցել մարդկանց առողջությանն ու գրպանին պատճառած վնասները: Չորս օր շարունակ ջրամբարներից մեկում տեղի ունեցած վթարի պատճառով Երեւանի Արաբկիր համայնքի, ինչպես նաեւ Կենտրոնի մի հատվածի բնակիչները թարմ ջրի փոխարեն սպառում էին շշալցված աղբյուրի ջուր։ Արաբկիր համայնքում կողք-կողքի տեղակայված մի քանի խանութներում հարցումներից պարզեցիք, որ այդ օրերին շշերով ջրի վաճառքը գրեթե զրոյականից հասել է օրական մոտ 1500 լիտրի։ Պարզ է, որ այս վթարը պահեստներում մնացած ջրի սպառման նպատակով կազմակերպված «դիվերսիա» չէր, ինչպես «ժողովրդական ֆոլկլորն» է պնդում։ Խոսքը վթարի «ենթարկված» բնակիչների գրպանի մասին է։ Մասնագիտական հաշվարկով, յուրաքանչյուր մարդ օրական ծախսում է 3 լիտր խմելու ջուր։ Երեւանի խանութներում մեկ լիտր շշալցված աղբյուրի ջուրը վաճառվում է միջինը 100 դրամով։ Այսպիսով, յուրաքանչյուր բնակիչ վթարի օրերին չնախատեսված ծախսել է ամենաքիչը 1000 դրամ։ Ընտանիքի անդամների հաշվարկով, այդ թիվն առավել շոշափելի է դառնում։ Ո՞վ պետք է այն հատուցի։ Արտասահմանում, օրինակ, «ջրային» վթարի դեպքում «ցիստեռններով» թարմ ջուր են մատակարարում։ Երեկ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե նման ձեւով բնակչությանը ջուր հասցնելը որեւէ դեպքի համար կանոնակարգով նախատեսվո՞ւմ է։ «Եթե անգամ ինչ-որ բան էլ նախատեսվում է, ապա ցիստեռնով ջուր մատակարարելը՝ դժվար թե»,- պատասխանից բացի, Մ. Սարգսյանը նաեւ խորհուրդ տվեց արտերկրի օրինակը չբերել, քանի որ «այնտեղ ջրամատակարարման վճարը բարձր է, մեզ մոտ՝ ցածր, իսկ չի կարող սպասարկումը լինել էժան ու միաժամանակ՝ լավ»։ Ասենք, որ ջրօգտագործողների հետ կնքած պայմանագրում ընկերությունը պարտավորվում է ապահովել ամենօրյա ջրամատակարարում (ա կետ) եւ իր սպասարկման սահմանագծում պահպանել ջրի որակն՝ ըստ գործող ստանդարտների (բ կետ)։ Իսկ համակարգում տեղի ունեցած վթարների մասին ընկերությունը պարտավորվում է ԶԼՄ-ներով տեղեկացնել բաժանորդներին եւ վերացնել դրանք (գ կետ)։ Արաբկիր համայնքի բնակիչների մի մասը ջրի վնասակարության մասին տեղեկացված է եղել հենց վթարի օրը՝ հոկտեմբերի 26-ի հետկեսօրին, բայց ոչ թե ԶԼՄ-ներով, այլ՝ «սեփական մաշկի վրա»։ Իսկ «Ջրմուղ-կոյուղին» զգուշացումն իր բաժանորդներին է հասցրել գրեթե 24 ժամ անց։ Այժմ անդրադառնանք պայմանագրով ամրագրված ընկերության կրելիք պատասխանատվությանը, ինչի մասին նշվում է 1-ին կետով. «Սույն պայմանագրի պարտավորությունները չկատարած կողմը պարտավոր է մյուս կողմին հատուցել պատճառված վնասը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Ընկերությունն այս պարագայում խախտել է իր ստանձնած պարտավորությունների երկու կարեւոր՝ ա) եւ բ) կետերը. չի պահպանել ջրի որակը, իսկ մատակարարած ջուրն էլ, թեպետ չի ընդհատվել, բայց նույնն է, թե՝ չի մատակարարվել, որովհետեւ օգտագործման համար պիտանի չի եղել։ Խառնուրդ ջրի հետեւանքով արձանագրված հիվանդության դեպքերն ու բնակիչներին հասցված նյութական վնասը միասին հիմք են ստեղծում ընկերությունից փոխհատուցում պահանջել։ Ցանկացած նորմալ երկրում այս հարցը նույնիսկ վեճի առարկա չէր դառնա։ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը կառավարող իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությունը, ասում են, մինչեւ այստեղ գալը, հենց նորմալ երկրներում է կառավարման փորձ ձեռք բերել։ Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել