Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՀԿՈՄԻ ԺՈՂՈՎՆ ԷԼ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ՉՓՐԿԵՑ

Հոկտեմբեր 31,2003 00:00

ԱՐՀԿՈՄԻ ԺՈՂՈՎՆ ԷԼ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ՉՓՐԿԵՑ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի կոլեկտիվի անդամների ահազանգով «Առավոտը» մասնակցեց նրանց արհմիութենական ժողովին։ Դերասաններից ոմանք պնդում էին, որ արդեն 9 տարի է՝ արհկոմի ժողովներ չեն եղել, հետեւաբար, կոլեկտիվը չի տեղեկացել, թե ուր են գնում իրենց անդամավճարները։ Ըստ մի խումբ դերասանների, արհմիությունները չեն կարողանում պաշտպանել աշխատողների շահերը, ոմանք էլ պնդում էին, որ արհկոմը ժամանակավրեպ կառույց է։ Պարոնյան թատրոնի արհկոմի նախագահ Լենա Վարժապետյանը մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչքան գումար է հավաքվել 9 տարվա ընթացքում, ինչպիսի հումանիտար օգնություններ են ստացվել, բաշխվել եւ այլն։ Ըստ ներկայացված հաշվետվության, հիմնականում ուշադրության էր արժանացել տեխնիկական կազմը։ Թատրոնին նաեւ այլ տեսակի օգնություններ են ցուցաբերվել. 1999թ. մշակույթի նախարարության կողմից հատկացված ատամի խոզանակները, 1996-ին ՀՕՖ-ից ստացված լոբին, կարագը, ոսպը, պրեմիերաների առիթով գնված ծաղկեփնջերը, ֆուրշեթները եւ կանանց տոնի առթիվ բաշխված զուգագուլպաները։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, ի հակառակ դահլիճի դժգոհության, փաստեց, որ անընդհատ ժողով անելու կարիք չկա, որովհետեւ միշտ էլ հավաքվել են՝ առանց «անունը արհմիութենական ժողով դնելու»։ Նա խնդրեց, որ դժգոհները ելույթ ունենան եւ քննադատություն հնչեցնեն։ Սվետլանա Գրիգորյանն, օրինակ, խղճաց իրենց «փոքրիկ արհմիությանը», որ չի կարողանում կոլեկտիվին սատար կանգնել, հետո էլ ավելացրեց, որ ինքն այսքան տարիների ընթացքում որեւէ օգնությունից չի օգտվել։ «Էդ լավ է, որ Ժակ Երվանդովիչ Ենգիբարյանն ընկել է ու օգնություն է ստացել։ Մենք էլ ընկնե՞նք, որ օգնություն տան»,- նեղացավ դերասանուհին։ Մի ուրիշն էլ դժգոհեց, որ չի ուզում արհմիությանը անդամավճար թողնել. «Թող գոնե տարին մեկ անգամ մեզ հանգստյան տան պուտյովկա տան»։ Դերասանուհու խոսքի վրա Երվանդ Ղազանչյանն ասաց. «Արդեն քանի տարի է մեզ ուղեգրեր չեն տրամադրվում։ Նման բան ընդամենը մեկ անգամ է եղել, այն էլ Կարպ Խաչվանքյանի համար»։ Մերի Շահբազյանը բողոքեց քիչ դերեր ունենալուց։ Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը կատակեց, որ Մ. Շահբազյանին քիչ դերեր են վստահում, որպեսզի մյուսները չմտածեն, թե իր բարեկամն է։ Ե. Ղազանչյանը դարձյալ միջամտեց. «Մերի ջան, դու գիտե՞ս, որ Մետաքսյա Սիմոնյանի նման դերասանուհին վերջին 8 տարիների ընթացքում բեմ չի դուրս եկել։ Բայց էդտեղ դիտավորություն չկար։ Խեղճ Մետաքսյա՞ն էլ բողոքեր։ Դժբախտաբար, առաջվա նման զուգահեռ ներկայացումներ չենք կարող պատրաստել, որ բոլոր դերասաններին ընդգրկենք՝ ֆինանսի խնդիր է։ Ամեն ինչ էլ չենք կարող խաղալ՝ ամոթ է, 60 տարվա թատրոն ենք, այն էլ քաղաքի կենտրոնում»։ Նա կոչ արեց չշահարկել «արհմիություն» եւ «աշխատավորի շահ» արտահայտությունները։ «Հիմա կա պետության շահ, որը պահանջում է երիտասարդներին տեղ տալ։ Այդ պատճառով էլ հունվարին 10-15 հոգու հետ չենք կնքելու պայմանագիր»,- զգուշացրեց թատրոնի գեղղեկավարը։ Դերասանները դժգոհեցին իրենց ցածր աշխատավարձերից։ «Կառավարության որոշմամբ, բոլորի աշխատավարձերը բարձրացել են, մերն իջել է»,- բողոքեց Ժասմեն Ասրյանը։ Թատրոնի տնօրեն Կ. Շահբազյանը ստիպված եղավ բացատրել, որ իրենք պետությունից աշխատավարձ չեն ստանում, այլ տրվում է սուբսիդիալ ֆինանսավորում։ Բորիս Պեպանյանին հատկապես զայրացնում էր այն, որ իր գործընկերները «տգետ են, օրենք չգիտեն», դրա համար էլ չեն կարողանում իրենց պաշտպանել։ Նա նեղացավ նաեւ գործընկերների պասիվությունից. «Ամոթ ձեզ, բա էդ ինչո՞ւ եք կուլիսներում բողոքում, ասում եք՝ օգնություն չենք ստացել, մեր վիճակը լավ չի»։ Իսկ ողջ շիլաշփոթի մեղավորը, ըստ նրա, իրենց կենտրոնն է՝ մշակույթի աշխատողների արհմիութենական կոմիտեն, որը «պարտավոր էր 9 տարվա մեջ գոնե մեկ անգամ հիշել, թե ինչու է փողն անցել թատրոնի տնօրինության տակ, ոչ մեկը չի հրավիրվել որեւէ ժողովի, կենտրոնը պարտավոր էր պահանջել, որ մեր արհկոմը հաշվետու լինի»։ Ժողովի տրամաբանական ելքը հետեւյալն էր. արհկոմի աշխատանքը գնահատվեց բավարար, իսկ արհկոմի նախագահ Լենա Վարժապետյանը վերընտրվեց։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել