Հայաստանի խորհրդարանը, մեղմ ասած, մեր ամենահեղինակավոր պետական կառույցներից չէ՝ սրա հետ, հավանաբար, ոչ ոք չի վիճի: Պատճառները բազմապիսի են: Դրանցից մեկը ԱԺ-ի գործառույթների երկվությունն է: Մի կողմից՝ խորհրդարանը պետք է հիմնականում մշակի երկրի օրենսդրությունը. այդ աշխատանքը կարող են կատարել միայն օրենսդրության մեջ խորացած մարդիկ՝ անկախ իրենց հիմնական մասնագիտությունից: Մյուս կողմից՝ տեսականորեն ճիշտ է նշվում, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է եւ այնտեղ պետք է բանավիճեն ընտրողների վստահությունը ստացած կուսակցությունները: Դասական ժողովրդավարության պայմաններում այդ երկվությունը հաղթահարվում է հետեւյալ կերպ. քաղաքացիների մի մասը ձայն է տալիս, ասենք, ազատական ուղղվածության կուսակցություններին, մյուսը՝ սոցիալիստներին (դիտմամբ ներկայացնում ենք փոքր-ինչ պարզեցված տարբերակը), եւ խորհրդարանում օրենսդրություն մշակելիս «բալանսի են բերվում» քաղաքացիների տարբեր խմբերի շահերը:
Ավելորդ է նշել, որ Հայաստանի խորհրդարանը չափազանց հեռու է ներկայացված սխեմայից: Նախ՝ սկսած 1995 թվականից մեր Ազգային ժողովը ոչ մի օրենսդրություն էլ չի մշակում, այլ միայն «դակում է» գործադիրի ուղարկած տեքստերը (որովհետեւ ճնշող մեծամասնություն են կազմում գործադիրի «դաբրոյով» անցած պատգամավորները): Երկրորդ՝ ներկայիս խորհրդարանի ուժերը որեւէ գաղափարախոսություն չեն ներկայացնում եւ, հետեւաբար, գաղափարական խնդիրների շուրջ չեն կարող բանավիճել: Երրորդ՝ այս Ազգային ժողովը սարսափելի հեռու է ժողովրդից, քանի որ ընդդիմությունն այնտեղ զուտ խորհրդանշական ներկայություն ունի:
Այսքանից հետո ասել, թե խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-ի հասցնելով՝ ԱԺ-ի արդյունավետությունը կբարձրանա, կնշանակի պարզապես ծաղրի ենթարկել ողջ հասարակությանը: Հասկանալի է, որ դա արվում է, որպեսզի կոալիցիոն բոլոր կուսակցություններն իրենց լավ զգան, հպարտանան, որ խորհրդարանում պաշտոններ ունեն, ստանան չինովնիկներին հասանելի բոլոր հաճույքները: Բայց զուտ գործնական առումով այդ «կոալիցիոն պայմանավորվածությունները» որեւէ իմաստ չունեն: Ֆիկտիվ խորհրդարանում ֆիկտիվ պաշտոններ բաժանելը նման է ինքնանպատակ մի խաղի, ընդ որում՝ հարկատուների հաշվին, որովհետեւ նոր առանձնասենյակները, քարտուղարուհիները եւ ծառայողական մեքենաները սպասարկվելու են, բնականաբար, բյուջեի հաշվից:
Իսկ գործնականում, մեր խորհրդարանում այդքան պատգամավորներ չկան, որոնք իրենց մտավոր մակարդակով կարողանան աշխատել 12 մշտական հանձնաժողովներում, ուստի դրանց արդյունավետությունը զրոյական է լինելու:
ԱՌԱՎՈՏ
Քննարկելու համար դուք պետք է գրանցված լինեք. ՄուտքԳրանցվել
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի եւ Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի դատը, որը պարբերաբար վերածվում է ֆարսի: Երեկ գործի քննությունը հետաձգվեց մինչեւ վաղը, սակայն հիսուն գյումրեցիներ, այդ թվում՝ քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը հենց դատարանի դահլիճում նախազգուշական հացադուլ հայտարարեցին: Կարդացեք
«Ազատություն քաղբանտարկյալներին եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւի լիարժեք կատարում»՝ սրանք այն պահանջներն են, որ ՀՀ իշխանություններին ներկայացնում են երեկ կեսօրից Եռաբլուրում անժամկետ հացադուլի նստած 9 ազատամարտիկները: «Մենք գտնում ենք, որ կալանավորվածներին անօրինական են պահում բանտերում՝ իրենց քաղաքական հայացքների համար: Մենք ուզում ենք, որ լիարժեք վերականգնվեն խաղաղ հանրահավաքներ անցկացնելու մեր՝ ՀՀ քաղաքացիներիս իրավունքները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արտակ Այվազյանը: Մեր դիտարկմանը, որ իշխանություններին չի հուզում այս ծայրահեղ միջոցը, քանի որ այս երեք ամիսների ընթացքում բազում նման դեպքեր ազդեցություն չգործեցին նրանց վրա, մեր զրուցակիցն ասաց. «Ինչքան էլ անտարբերություն դրսեւորեն, միեւնույն է՝ պետք է շարունակենք պայքարը: Նրանք երկար չեն կարող դիմանալ, վաղ թե ուշ ինչ-որ քայլ պետք է անեն: Եթե միտումնավոր են անտարբերություն դրսեւորում, միեւնույն է՝ ստիպված են լինելու հաշվի նստել իրողությունների հետ»:
Երեկոյան հացադուլավորներին այցելել էին Հյուսիսային պողոտայի զբոսանքների մշտական մասնակիցները: Մեր այցելության պահին այնտեղ էին նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՆԺԿ վարչության անդամ, նախկին հացադուլավոր Հրաչյա Սարգսյանը: Եռաբլուրում հնչում էին ռազմահայրենասիրական երգեր, «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսները: Հատկապես տպավորիչ էր մի խումբ դպրոցականների պահվածքը, ովքեր «մենք ձեզ հետ ենք» բղավոցներով պտտվում էին հացադուլավորների շուրջը: Հավաքվածներին հսկում էր 4-5 ոստիկան:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վկան «սկլերո՞զ» ուներ
Երեկ Շիրակի մարզի վարչական դատարանում դատավոր Էդուարդ Նահապետյանի նախագահությամբ շարունակվեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի դեմ Գյումրիի ոստիկանության ներկայացրած վարչական հայցի քննությունը: Հիշեցնենք, որ Լեւոն Բարսեղյանին մեղադրում են մարտի 2-ին Գյումրիի Թատերական հրապարկում հանրահավաքի կոչ անելու ու ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու մեջ: Թեեւ նախորդ դատական նիստերին Լեւոն Բարսեղյանը արդեն իսկ ապացուցել էր իր անմեղ լինելը, այդուհանդերձ որպես վկա ընդգրկել էին նաեւ դեպքի վայրում եղած մի քաղաքացու: Այդ օրը Գյումրիի Թատերական հրապարակի մերձակայքում գտնվող հարյուրավոր մարդկանցից որպես վկա ընտրել էին Սամվել Հովսեփյանին՝ Գյումրիի ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահին: Թեեւ վկան պնդում էր, որ առանձնապես ոչինչ չի եղել «ոչ էս կողմից, ոչ էլ էն»՝ նկատի ունենալով ոստիկանությանն ու Լեւոն Բարսեղյանին, սակայն երբ հարցերն իրեն դուր չէին գալիս, ձեւացնում էր, թե «սկլերոզ» ունի ու պատասխանները լավ չի հիշում: Լեւոն Բարսեղյանը հարկադրված հետաքրքրվեց. «Սկլերոզ ունենալը Ձե՞ր տպավորությունն է, թե՞ բժիշկն է դիագնոզել»: «Չէ, ես եմ զգում»,- ասաց վկան, պնդելով, որ չի հիշում անգամ քննող քննիչին: Ամփոփիչ ճառում «Ասպարեզի» նախագահը հայտարարեց. «Այս ամբողջ պատմությունը ես համարում եմ ՀՀ քաղաքացիներից մեկի սահմանադրական իրավունքների լկտի եւ ցինիկ ոտնահարում»:
Վճիռը կհրապարակվի հունիսի 6-ին:
«Հանձնաժողովի կանայք ավելի տղամարդ էին»
Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի ութ անդամներ ու վստահված անձինք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում միաբերան պնդել են, որ ամբաստանյալներ Աշոտ Զաքարյանը, Շոթա Սաղաթելյանն ու Պետրոս Մակեյանը նախագահական ընտրությունների օրն իրենց տեղամասում ոչ մի խուլիգանություն չեն կատարել, հանձնաժողովի աշխատանքները չեն ձախողել: Մնացել էին հարցաքննվելու երեք վկաներ: Փաստաբան Հովիկ Արսենյանի ջանքերով երեկ բերման էին ենթարկել եւս մեկին՝ հանձնաժողովի ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Գասպարյանին, որին մինչ այդ փորձում էին թաքցնել՝ հայտարարելով, թե նա ՌԴ-ում է: Վերջինս ցաքուցրիվ պատասխաններ էր տալիս, փորձում էր երկուստեք լավամարդ խաղալ՝ ոչ դատախազությանը խայտառակել, ոչ մյուս վկաներին նեղացնել: Փաստաբան Հովիկ Արսենյանի հարցին, թե՝ «ցուցմունքում գրել եք, որ սպառնալիքներ են հնչել, ի՞նչ սպառնալիքներ են», վկայի լեզուն կապ ընկավ, նա, որ երկար տարիներ եղել է դպրոցի փոխտնօրեն, ձեւացրեց, թե չգիտի սպառնալիք բառի բացատրությունը: Նաեւ պարզվեց, որ նրա ցուցմունքի հիմքում ընկած էր ոչ թե իր աչքով տեսածը, այլ՝ ուրիշներից լսածը: Մի խոսքով, ՀՅԴ-ի ներկայացուցիչը այնպիսի վկայություն տվեց, որ փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ ոչինչ չի հասկանում: Մակեյանն էլ նետեց. «Հանձնաժողովի կանայք ավելի լավ տղամարդ էին, քան՝ դուք»: Դատավոր Վահե Խալաթյանը միջամտեց՝ վկային վիրավորում եք: «Մենք էլ ենք վիրավորված, սրա կեղծ ցուցմունքի պատճառով երեք ամիս է՝ նստած ենք, թող ճիշտ խոսի»,- զայրացավ Աշոտ Զաքարյանը:
Այսքան է պահանջել Կորյուն Փիլոյանը Կարեն Թարխանյանի համար, ով հրաժարվել է Համաժողովրդական շարժման առաջին դեմքերի դեմ ցուցմունք տալ:
27-ամյա Կարեն Թարխանյանը ձերբակալվել է մարտի 4-ի երեկոյան եւ տեղափոխվել Կենտրոնի ոստիկանություն: Մոր՝ Հասմիկ Զաքինյանի վկայությամբ, այնտեղ նրան դաժան ծեծի են ենթարկել: «Դա նկարագրելու բան չի. միայն հոլիվուդյան ֆիլմերում տեսած կլինեք, թե էդտեղ ինչեր են անում»,- այսպես է պատասխանել Կարենը հարազատների հարցին՝ թե ոստիկանությունում ինչպե՞ս են վարվել իր հետ: Ճակատագրի հեգնանքով, նրան բերման է ենթարկել նույն ոստիկանը, ում ձեռքից Կարենը մի քանի անգամ «դուրս է պրծել»՝ առանց գումար տալու: «Ես դաստավկա արի՝ հանձնեցի ձեզ»,- Կենտրոնի ոստիկանությունում ասել է նա ու հեռացել: Հիմա այդ ոստիկանն ասպարեզում չկա, երկու այլ ոստիկաններ են ցուցմունք տալիս, որ Կարենին իրենք են տարել ոստիկանության բաժին: Ամենազավեշտականն այն է, որ ոստիկաններն իրենց ցուցմունքներում նշում են, որ մարտի 1-ին, Ֆրանսիական դեսպանատան մոտ՝ 20 մետր հեռավորությունից իրենք զգացել են, որ Կարենը կազմակերպիչ է եւ ոստիկաններին էլ հայհոյում էր: Մեկը պնդում է, որ մետաղյա ձողեր էր պոկում եւ բաժանում, մյուսը՝ որ բեռնատարի վրայից տալիս էին՝ ինքն էլ բաժանում էր: Ընդ որում, հետաքրքիր է, որ ոստիկանների նկարագրած արտաքինն ու հագուստներն ընդհանրապես չեն համընկնում մեկը մյուսի տված ցուցմունքին: Իսկ Կարենի հետ այդ ցուցմունքները որեւէ ընդհանուր աղերս չունեն: Բայց նախաքննության մարմինը դրանք հիմք է ընդունել եւ տղայի նկատմամբ քրեական գործ հարուցել:
Ընտանիքի հոգսը հոգալու համար Կարենը սեփական մեքենան «տաքսու տակ» է քշում: Նա ողնաշարի անբուժելի հիվանդություն ունի, որի համար հաշմանդամության կարգ ունի: Ազատվել է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից: Մինչեւ ձերբակալությունը՝ վիրահատել են նրա աչքերը եւ առայժմ որեւէ հետվիրահատական մասնագիտական բուժզննում նա չի անցել: Կալանավորվելուց օրեր անց միայն պետք է պարզվեր, որ Կարենի ողջ մեղքը եղել է այն, որ մարտի 1-ին, հայտնվելով խցանման մեջ, նա մի քանի ժամ անց է կացրել Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում եւ, բնականաբար, հետաքրքրությունից դրդված իջել է մեքենայից՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Մինչդեռ մայրը՝ տիկին Հասմիկը, հանրահավաքների ակտիվ մասնակից է եղել եւ այժմ կասկածներ ունի, որ երեկոյան ուշ ժամերի, երբ որդին մեքենայով եկել է Ազատության հրապարակ՝ իր ետեւից, ոստիկաններն այնտեղ են «ֆիքսել» մեքենան: Կարենին նախ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 225-ի 4-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների մասնակցություն, ինչի համար սահմանված է տուգանք: Երկու օր անց Կենտրոնի ոստիկանությունից Կարենին տեղափոխել են ժամանակավոր պահման մեկուսարան, իսկ դրան հաջորդող երկու օրերի ընթացքում հարազատներին չի հաջողվել ճշտել, թե, ի վերջո, ով է քննիչը եւ ումից իրենք կարող են որեւէ տեղեկություն ստանալ տղայի մասին: Խնամի-բարեկամական կապերը գործի գցելու արդյունքում են միայն հաջողում տեղեկանալ, որ մի քանի ժամից, արդեն գիշերով, Կարենի դատն է լինելու: Այդ օրերի հատուկ ձեռագրով, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը տղայի խափանման միջոց է սահմանում կալանքը: Փոխվում է նաեւ մեղադրանքը՝ Քրօրի 225 հոդվածի 2-րդ մաս՝ զանգվածային անկարգությունների մասնակցություն, որը զուգորդվում է անձի կամ անձանց կողմից նախապես կազմակերպվածությամբ: Հանրային փաստաբանը, որը տրամադրվել է Կարենի պահանջով, հրաժարվել է պատասխանել հարազատների հարցերին՝ տեղեկացնելով, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, քննիչն էլ իրենից փախչում է: «Վերեւից կարգադրել են. ինչ ասել են՝ էն էլ գրել, ու գնացել են»,- պատասխանել է փաստաբանը հարազատներին: Մոտ մեկ ամիս հետո Կարենին նոր մեղադրանք է առաջադրվում. 225 հոդվածի առաջին մաս՝ կազմակերպիչ: Ավելի ուշ հարազատների այս անորոշ եւ անհասկանալի վիճակին լույս է սփռում ինքը՝ Կարենը: Նրան ստիպել են շարժման առաջին դեմքերից որեւէ մեկի դեմ ցուցմունք տալ՝ մեծահոգաբար տվյալ անձի ընտրությունը թողնելով Կարենին: Բայց քանի որ նա հրաժարվել է, պնդելով, որ ինքն անմեղ է եւ այդ մարդկանց էլ չի ճանաչում, սպառնացել են՝ «դե, էս տասը տարին կշալակես ու կգնաս»:
Մայիսի 21-ին կայացած դատավարության ժամանակ մեղադրող Կորյուն Փիլոյանը Կարենի համար պահանջել է յոթ տարվա ազատազրկում: Դատավարությունը մի իսկական խայտառակություն է եղել: Այդ, ընդ որում՝ բաց դատավարությանը, որը տեղի էր ունենում Երեւանի քրեական դատարանում, դատական կարգադրիչները սահմանափակել էին դատավարության ներկա լինելու ցանկություն հայտնած քաղաքացիների եւ ամբաստանյալների բարեկամների մուտքը՝ պատճառաբանելով, թե տեղը փոքր է: Դատական նիստի ընթացքում հարցաքննվել էին միայն Կ. Թարխանյանի դեմ ցուցմունք տված վկաները՝ երկու ոստիկանները, իսկ ամբաստանյալի օգտին ցուցմունք տվող որեւէ վկայի դատարանն այդպես էլ չէր ցանկացել լսել: Թե դատաքննության ընթացքում ՀՀ Քրդատօրի քանի՞ խախտումներ են եղել, այս պահին չենք թվարկի, որովհետեւ մի ավելի սարսափելի եւ կոպիտ օրինախախտման մասին պիտի խոսենք, որի համար նորմալ երկրում դատարանի դատավորն ու քարտուղարը պատասխանատվությունից խուսափելու տարբերակ պիտի որ չունենան: Այսպես, երեկ Կ. Թարխանյանի պաշտպան Զառա Բուդաղյանը ստացել է դատական նիստի արձանագրությունը եւ պարզել, որ այն պարզապես կեղծված է: «Այն, ինչ մենք լսել էինք դատարանում՝ իմ պաշտպանյալի, վկաների տված ցուցմունքները, չեն համապատասխանում արձանագրության մեջ եղած սղագրությանը: Կոնկրետ փաստեր կան, որոնք իմ պաշտպանյալը դատարանում չի ընդունել, բայց արձանագրությամբ պարզվում է, որ ընդունել է: Մեղադրողի հարցերին դատարանում իմ պաշտպանյալի տված պատասխանները եւս կեղծված են: Այդ կեղծիքի պատասխանատուն դատավորն ու դատական նիստի քարտուղարն է, եւ մենք պատրաստվում ենք դիտողություններ ներկայացնել եւ ապացույցները կեղծելու համար դիմել ՀՀ գլխավոր դատախազին»:
Պաշտպանական ճառի համար տղայի փաստաբանը 10 օր է խնդրել:
Հ. Գ. Ներկաները պատմում են, որ դատավոր Մարտիրոսյանը հետաքրքրվել է՝ «Լեւոն, Լեւոն գոռացե՞լ ես»: «Բոլորը գոռում էին՝ ես էլ էի գոռում» պատասխանը լսելուց հետո հեգնել է՝ «դե՝ էդ ա, էլի», ու ձեռքը դրել գլխի տակ եւ քնել:
Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովի հայտարարությունը
Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովը վերահաստատում է, որ կուսակցությունը հավատարիմ է ազգային գաղափարախոսությանը, հեղափոխական ավանդներին, ընկերվարական համոզումներին եւ իր ծրագրային նպատակներին: ՀՅԴ գործունեության առանցքը հայ ազգի լինելիության ապահովումն է, որի բաղկացուցիչներն են՝ հայ անկախ պետականությունը՝ իր անվտանգության, քաղաքական, ընկերային-տնտեսական, հոգեւոր-մշակութային ստորոգելիներով, եւ բովանդակ հայության կարողականությունը:
Մեկնելով վերոնշյալից՝ ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը գտնում է, որ՝
- Հայաստանի Հանրապետությունը դիմագրավում է կայացման եւ ժողովրդավարացման դժվարին փուլ:
- Արցախի հիմնահարցը սպասում է արդարացի լուծման, որին անհրաժեշտ է հասնել բանակցությունների միջոցով, նաեւ՝ Ադրբեջանի ծրագրերի չեզոքացման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը արագացնելու ճանապարհով:
- Վրաստանի կազմում Ջավախքը զուրկ է ինքնակառավարման հնարավորությունից:
- Արեւմտահայաստանում, Թուրքիայի այլ տարածքներում Ցեղասպանությունից փրկված հայության բեկորները շարունակում են մնալ իրավունքներից զրկված:
- Սփյուռքը Հայաստանից վերջին տարիներին տեղի ունեցած արտագաղթի հետեւանքով նոր մարտահրավերներ է դիմագրավում:
Հայության ներկա կացության այս գնահատման հիման վրա ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը կուսակցության գործունեության նորագույն հանգրվանը սահմանում է հետեւյալ տրամաբանությամբ.
Վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ներկայանալով իր ցանկով եւ սեփական թեկնածուով՝ ՀՅ Դաշնակցությունը հաստատագրել է, որ անկախ, ինքնուրույն, միայն սեփական որոշումներով առաջնորդվող կուսակցություն է: Հատկապես նախագահական ընտրություններից հետո ՀՅ Դաշնակցությունը բնական կերպով կարող էր որդեգրել խորհրդարանական առողջ ընդդիմության կեցվածք: Սակայն հետընտրական շրջանի իրադարձությունների հետեւանքով անկախ պետականությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգները կուսակցությանը դրեցին երկրի կայունությունը եւ ինքնիշխանությունը պահպանելու առաջնահերթության եւ պատասխանատվության առջեւ:
Այդ պատասխանատվության գիտակցությամբ ՀՅ Դաշնակցությունն ընդառաջեց կոալիցիայի հրավերին՝ գտնելով, որ ստորագրված համաձայնագրի քաղաքական առաջնահերթությունների իրագործումը երկիրը զարգացման որակական նոր աստիճանի բարձրացնելու հնարավորություն է ստեղծում:
Առ այդ՝ ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը հայտարարում է, որ կուսակցությունը՝ Երկրի եւ Սփյուռքի իր շարքերով, հետեւելու եւ վերահսկելու է քաղաքական կոալիցիայի համաձայնագրի սկզբունքային դրույթների բծախնդիր գործադրությունը: Կոալիցիայի կողմից այդ դրույթների հանձնառությունից հրաժարվելու կամ քաղաքական կամք չդրսեւորելու դեպքում ՀՅ Դաշնակցությունը իր ազգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական առաջադրանքները կարող է հետապնդել նաեւ կոալիցիայից դուրս՝ առանց վտանգելու երկրի անվտանգությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, գաղափարական ու քաղաքական իր սկզբունքներին:
ՀՅ Դաշնակցությունը գտնում է, որ քաղաքական կոալիցիան գործնական քայլերով առողջ ընդդիմության ձեւավորման դաշտ պետք է երաշխավորի, որպեսզի որեւէ իշխանությունից դժգոհ հասարակությունը իր պահանջները օրինական միջոցներով արտահայտելու հնարավորություն ունենա:
ՀՅ Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովը նաեւ վերահաստատում է Սփյուռքի ռազմավարական կարեւորությունը Հայաստանի Հանրապետության, հայության անվտանգության ու զարգացման համար եւ հայտարարում, որ կուսակցությունը մնում է հանձնառու նրա կազմակերպման, հզորացման, հայրենիքի հետ համարկման հրամայականներին: Այս հետեւությամբ էլ ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը կոչ է ուղղում սփյուռքահայությանը՝ ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Հայաստանի քաղաքացիություն ընդունելով՝ սփյուռքահայությունը կամրապնդի իր ազգային ինքնությունը, կշեշտի հանձնառությունը՝ հատկապես հայրենիքի զարգացմանը բերելիք ներդրումի առումով: Հայրենիքի զարգացման գործում այս ներգրավմամբ կխրախուսվի հայրենադարձությունը եւ հայրենիքից արտագաղթը նվազեցնելու հիմքեր կստեղծվեն: Կենսունակ, կազմակերպված, Հայրենիքի հետ մեկ ամբողջություն կազմող Սփյուռքը այսօր, առավել քան երբեք, անհրաժեշտ է՝ դիմագրավելու Թուրքիայի նախաձեռնությամբ, Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ ընթացող հակահայ արշավի նոր հանգրվանը: Կարեւոր է հատկապես վերջին տարիներին առաջընթաց արձանագրած՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, արդար հատուցման պայքարի շարունակումը՝ որպես ուրացման թուրքական պետական քաղաքականության փորձերի չեզոքացման երաշխիք:
ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը հաստատում է կուսակցության վճռական կամքը՝ անմնացորդ նվիրումով ծառայելու հայ անկախ պետականության հզորացմանը, հայության կազմակերպ միասնականության ապահովմանը, որի նպատակն է տարածաշրջանում՝ ազդեցիկ պետության, աշխարհում՝ հայության հաշվառելի գործոնի վերածվելը:
ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառումն առաջնային է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Երեկ Երեւանում կայացած ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ, Ռուսաստանյան դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, քանի դեռ ադրբեջանական կողմը ռազմական ռեւանշի հույս ունի, իսկ հայկական երկու կողմերը ռազմական գործողությունների վերսկսման մտավախությամբ ձգտում են պահպանել ամենաձեռնտու մարտական դիրքերը, քաղաքական կարգավորման գործընթացում առաջխաղացում ակնկալելն անհնար է: Ռուս դիվանագետը նշեց նաեւ, որ ներկայումս կարգավորման բանակցություններում, ի շարս այլ հարցերի, քննարկվում է հայկական զինուժի՝ «զբաղեցրած տարածքներից» փուլ առ փուլ դուրսբերման հարցը:
Կազիմիրովի համոզմամբ, բացառապես խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման շուրջ համաձայնության գալն այսօր ավելի կարեւոր է, քան ԼՂ կարգավիճակի, տարածքների կամ փախստականների վերադարձի հարցերը: «Ես այնքան էլ չեմ հասկանում հայկական կողմերին, որոնք համաձայնում են քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը 10-15 տարի անց: Այստեղ դիրքերն այնքան հստակ են, որ 5 տարին էլ բավարար կլիներ»,- նշեց բանախոսը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում 14 տարի առաջ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությանը՝ Կազիմիրովն ասաց, որ բացի 1994թ. մայիսի 5-ին ստորագրված բիշքեկյան արձանագրությունից, որի մասին հիմա շատ է խոսվում, խնդրո առարկայի շուրջ ընդունվել է եւս երկու կարեւոր փաստաթուղթ՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ 1994 թ. ապրիլին ընդունված ԱՊՀ երկրների ղեկավարների հայտարարությունը եւ հրադադարի պահպանման մասին փաստաթուղթը, որը ստորագրել են հակամարտության երեք կողմերի ռազմական գերատեսչությունների ղեկավարները: Կազիմիրովն ընդգծեց, որ հրադադարի պահպանման մասին փաստաթղթում, որը Բաքվում ստորագրվել է 1994թ. մայիսի 9-ին, Երեւանում՝ մայիսի 10-ին, իսկ Ստեփանակերտում՝ մայիսի 11-ին, գործողության որեւէ ժամկետ նշված չի եղել:
Ռուսաստանցի նախկին համանախագահի խոսքերով, ներկայումս ինքն ավելի շատ հակված է քննադատել ոչ այնքան Մինսկի խմբին, որը դարձել է «խորհրդատվական մարմին», որքան համանախագահներին: Ըստ նրա, հակամարտության կարգավորման այսօր քննարկվող գաղափարների շուրջ կողմերի համաձայնության գալը դեռեւս հարցականի տակ է եւ լավագույն դեպքում՝ տեւական ժամանակ է պահանջում: Նույնիսկ համապատասխան համաձայնության ստորագրման դեպքում դրա կատարումը, ռուս դիվանագետի համոզմամբ, կասկածի տակ է: «Մինչդեռ, կարգավորման ընդհանուր գաղափարների քննարկման հետ մեկտեղ, կողմերն այս ընթացքում կարող էին համաձայնության գալ փոքր հարցերի շուրջ եւ լուծել խնդիրներ, որոնք տեղային նշանակություն ունեն, ասենք՝ հուշարձանների պահպանման կամ ջրամատակարարման խնդիրները»,- նշեց Կազիմիրովը:
«ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԱՌՆԱ ԱՄԲՈԽԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ»
Հարցազրույց ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի հետ
- Պարոն Հակոբյան, նախ ուզում եմ ճշտել Ձեր կուսակցական կարգավիճակը, որովհետեւ տարբեր տեղեկություններ են պտտվում կուսակցությունում Ձեր լինել-չլինելու մասին: Ո՞րն է իրականությունը:
- Իրականությունն այն է, որ իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել ՀՅԴ-ից:
- Վերջերս Դուք մեր թերթում հանդես եկաք «Երկու քարի արանքում. ո՞րն է ելքը» բավականին հետաքրքիր, բայց եւ վիճելի հոդվածով, որը մեծ արձագանքներ ունեցավ: Գո՞հ եք արձագանքներից:
- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Առավոտին»՝ հոդվածի հրապարակային քննարկումը ապահովելու համար: Շնորհակալ եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր թե՛ ձեր, թե՛ մյուս թերթերում անդրադարձան հոդվածին: Կարծում եմ, որ քննարկումը բավականին արդյունավետ էր եւ ուսուցողական: Արձագանքները նաեւ փաստեցին, որ իսկապես բարձրացված հիմնախնդիրների քննարկման համար անհրաժեշտ է հրապարակային երկխոսության հնարավորություն ստեղծել: Կարեւորում եմ այն փաստը, որ արձագանքողների գերակշիռ մասը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը եւ այն դիտում է մեր երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ միջոց:
- Բավական երկար ժամանակ բացակայել եք Հայաստանից եւ այժմ վերադարձել եք այդ հոդվածով: Արդյո՞ք սա նշանակում է, որ ուզում եք վերադառնալ ակտիվ քաղաքականություն:
- Ես այդ ընթացքում աշխատել եմ որպես ՀՀ գլխավոր հյուպատոս Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-արեւմտյան տարածաշրջանում, նստավայրը՝ Սանկտ Պետերբուրգ: Բայց նաեւ ակտիվորեն մասնակցել եմ այդ ժամանակահատվածում Հայաստանում կազմակերպված քաղաքական բնույթի համապետական գրեթե բոլոր միջոցառումներին, մասնավորապես՝ ԱԺ ընտրություններին, եւ չէի ասի, թե անմասն եմ մնացել մեզանում ընթացող քաղաքական գործընթացներից:
- Որպես ստեղծված իրավիճակից ելք, Դուք հոդվածում առաջարկել եք անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Քննարկումների ժամանակ այս առաջարկությունը առանցքային հարցերից մեկն էր: Իշխանության կողմնակիցները դեմ են այդ առաջարկությանը՝ տարբեր հիմնավորումներով, իսկ ընդդիմությունը կողմ է Ձեր առաջարկությանը՝ այն ներքուստ դիտելով որպես իր հաղթանակ: Կոնկրետ Ձեր առաջարկության իրականացումն ինչպե՞ս եք պատկերացնում:
- Այս առաջարկն անելով՝ ես ավելի քան համոզված եմ, որ, միեւնույն է, մենք դատապարտված ենք արտահերթ ընտրություններ կազմակերպելու, բայց չէի ցանկանա, որ դա լիներ պարտադրանք: Պետությունը բավականին թուլացած է, եւ կարծում եմ, որ պարտադրանքի դեպքում նոր ցնցումի չի դիմանա: Եվ իմ առաջարկության հիմնական էությունն այն է, որ այդ պրոցեսները պետության կողմից լինեն կարգավորելի:
Միանգամից նշեմ, որ եթե կազմակերպվեն արտահերթ ընտրություններ իմ առաջարկած հիմնավորումներով, ապա արդյունքում այն չի կարող ապահովել կողմերից որեւէ մեկի հաղթանակը՝ առանձին-առանձին վերցրած: Այն կլինի, կարծում եմ, մեր պետության եւ ողջ հայ ժողովրդի հաղթանակը: Իսկ իշխանությունը եւ ընդդիմությունը մեր պետության բաղկացուցիչ մասերից են: Այսինքն՝ կհաղթենք բոլորս:
- Կխնդրեի, որ բացեիք Ձեր առաջարկության փակագծերը:
- Հոդվածում համոզմունք եմ հայտնել, որ Հայաստանի ներկա քաղաքական ճգնաժամի բուն պատճառը 1995 թվականից սկսած բոլոր մակարդակներում կազմակերպված ընտրություններն են, որոնց ժամանակ հիմնականում իշխանության կողմից օգտագործվել է կեղծիքների մեխանիզմ՝ նախապես կանխորոշելով ընտրությունների արդյունքները: Իշխանական կառույցները փորձել են նվաստացնել եւ նսեմացնել ընտրողին, կաշառել եւ այլասերել նրան, փորձել են իշխանության բուն կրողին՝ ժողովրդին, օտարել իշխանությունից՝ իշխանությունը դարձնելով մի խումբ մարդկանց մենաշնորհը՝ քաղաքական որոշ իմիտացիոն ֆոն ապահովելով: Արդյունքում ժողովուրդն ապրել է խորը հիասթափություն եւ անտարբերություն իր պետության ապագայի նկատմամբ: Արտագաղթը ցավալիորեն զգալի թվով մտավոր եւ քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող մարդկանց համար դարձել է իրավիճակից ելք: Իսկ նման ընտրությունների թերեւս ամենավտանգավոր արդյունքը եղել է այն, որ պետությունը մշտապես այդ ընթացքում ղեկավարել է կասկածելի լեգիտիմությամբ իշխանություն, որը ինքնապաշտպանության բնազդով փորձել է ամեն գնով ապահովել իր տեսակի վերարտադրությունը եւ պահպանել այն: Եվ շատ օրինաչափորեն տարիների ընթացքում ակումուլացած, լերդացած բողոքը նախագահական վերջին ընտրությունների ժամանակ ժայթքեց՝ պետությանը եւ համայն հայությանը կանգնեցնելով տխուր եւ ամոթալի պատկերի առջեւ: Այսօր միջազգային քաղաքական դաշտում մենք բավականին անմրցունակ ենք դարձել, եւ սա պետք է խոստովանել: Իսկ նման կարգավիճակով կարո՞ղ ենք, արդյոք, լուծել բավականին ծանր ազգային խնդիրները. դժվարանում եմ դրական պատասխան տալ:
Ինձ համար անընդունելի է, երբ իշխանության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները փորձում են ստեղծված իրավիճակի համար մեղադրել մեկը մյուսին: Երկու կողմերի թիմում էլ կան մարդիկ, ովքեր վերջին տասնութ տարիների ընթացքում եղել են քաղաքականության մեջ եւ եթե չվախենան համագործակցել իրենց հիշողության հետ, կտեսնեն, որ այս իրավիճակի պատճառահետեւանքային կապը գտնվում է մեկ օրգանական միասնության մեջ, որը սկսվել է 95 թվականին եւ գլխավոր դերակատարների փոփոխությամբ շարունակվել եւ շարունակվում է մինչեւ օրս: Ուղղակի նաեւ նախորդ նախագահների փոխարեն այդ ամենի պատասխանատուն այսօր դարձել է միայն Սերժ Սարգսյանը: Եվ երբ ես առաջարկում եմ արտահերթ ընտրություններ, շատ բան պայմանավորում եմ նաեւ գործող նախագահով:
- Ի՞նչը նկատի ունեք...
- Իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը ավելի քիչ ձայն չի հավաքել, քան 1996-1998-2003 թթ. ընտրված նախագահները, ավելի շատ չի չարաշահել պետական լծակները նախընտրական արշավի ժամանակ, քան իր նախորդները: Ժողովրդական իմաստնությունը հուշում է, որ կաթիլը քար է ծակում, եւ քարը ծակող վերջին կաթոցը տեղի ունեցավ հենց վերջին նախագահական ընտրությունների ժամանակ: Ի վերջո, տասներեք տարի անընդմեջ այդ կաթոցը թուլացրել էր քարը: Եվ այդ վերջին կաթոցի ուժգնությունը շատ օրինաչափ էր, որը, դժբախտաբար, իր հետեւից թողեց նաեւ մարդկային զոհեր: Ճակատագրի հեգնանքով Սերժ Սարգսյանն այսօր դարձել է պատասխանատուն նաեւ իր քաղաքական գլխավոր հակառակորդի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ձեւավորված կեղծիքների հրեշավոր երախի համար: Անշուշտ, այդ երախը բավականին գայթակղիչ է եղել, եւ այսօրվա նախագահն էլ իմունիտետ չի ունեցել դիմադրել այդ գայթակղությանը: Իսկապես, հանրապետության նախագահը իր կարգավիճակով միակ մարդն է, ով այսօր ցանկության դեպքում կարող է հարթել բազմաթիվ քարկապներով պրկված քաղաքական ճգնաժամը: Իսկ լուծման մեխանիզմը, իմ կարծիքով, մեկն է՝ 1-1.5 տարվա ընթացքում կազմակերպել եւ անցկացնել արտահերթ նախագահական, ապա՝ խորհրդարանական ընտրություններ՝ ապահովելով բոլոր մասնակիցների համար արդար եւ հավասար նախընտրական պայմաններ: Քաղաքակրթության պատմությունն ունի բազմաթիվ փաստեր, որ երբ իշխանությունները անկեղծորեն ցանկանում են, ապա զարմանալի հեշտությամբ են իրականացնում ազատ, արդար ընտրություններ, իսկ պահանջվող ռեսուրսը այս դեպքում ընդամենը մեկն է՝ շահագրգիռ, քաղաքական հզոր կամք ունեցող եւ բարոյական ճշգրիտ չափանիշներին տիրապետող Մարդը: Կրկնում եմ, Սերժ Սարգսյանն ավելի քիչ ձայն չի հավաքել, քան նախորդ նախագահները, բայց ներկա իրավիճակը նրան դրել է բավականին պատասխանատու ընտրության առջեւ: Վստահ եմ, որ նման անձնազոհության գնացող նախագահը ընդմիշտ կդասվի մեր պատմության ամենաընտրյալ նախագահների շարքում, եւ դա նույնիսկ այն դեպքում, երբ նա ցանկանա մասնակցել արտահերթ ընտրություններին եւ՝ չընտրվի: Չնայած վստահ եմ, որ այս դեպքում նրա անձնազոհությունն ու քաղաքական հզոր կամքը ըստ արժանվույն կգնահատվի եւ նրա ընտրողների թիվը կհամալրվի քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող բազմաթիվ քաղաքացիներով: Ի վերջո, եթե մենք սիրում ենք դը Գոլի կամ Չերչիլի անունը նշել որպես իրենց պետությանը, ազգին նվիրյալ գործիչների, ապա նրանք խորհրդանիշներ են դարձել իրենց ժողովրդի համար բարդ իրավիճակներում ոչ ստանդարտ եւ բացառիկ անձնազոհություն պահանջող քայլեր ձեռնարկելու շնորհիվ:
- Իսկ ինչո՞ւ 1-1.5 տարվա ընթացքում:
- Որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 1998 թվականի նախագահական արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ փաստի առաջ կանգնած ժողովուրդը պարտավորված էր ընդամենը քառասուն օրում ընտրել նախագահ: Այլ խոսքով՝ այդ ժամանակահատվածը անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան հանգիստ պատրաստվել ընտրություններին: Ընտրությունները պետք է կազմակերպվեն ոչ շուտ, քան մեկ տարի անց, եւ ոչ ուշ, քան մեկ եւ կես տարին:
- Հավատո՞ւմ եք, որ եթե իշխանությունը անկեղծորեն ցանկանա եւ նախաձեռնի արտահերթ ընտրություններ, ապա դրանք կլինեն արդար եւ ժողովրդավարական:
- Ոչ միայն հավատում եմ, այլեւ համոզված եմ: Կարելի է ուսումնասիրել Հարավային Ամերիկայի կամ մերձբալթյան պետությունների փորձը, որտեղ իշխանությունները ընդդիմադիր գլխավոր ուժերի հետ միասին հրապարակավ պայմանավորվածություն ձեռք բերեցին անցկացնել արդար ընտրություններ, եւ դա բավականին հեշտությամբ նրանց մոտ ստացվեց: Վստահ եմ՝ եթե ժողովուրդը տեսնի, որ թե՛ իշխանությունը եւ թե՛ ընդդիմությունը իսկապես շահագրգռված են արդար ընտրություններ կազմակերպելով, նա իրեն վախեցնողին կամ հինգ հազար դրամով իր քվեն գնողին արժանի պատասխան կտա: Կրկնում եմ, նախաձեռնությունը իշխանությունների կողմից պետք է լինի ազնիվ, շիտակ, իսկ ընդդիմությունը պետք է ազնվորեն պաշտպանի եւ մասնակցի այդ նախաձեռնության իրականացմանը: Արդար եւ ազնիվ ընտրություններ անցկացնելու կամքը ժողովուրդը պետք է այդ 1-1.5 տարվա ընթացքում տեսնի ամեն օր: Եվ արտահերթ ընտրությունների կազմակերպման գլխավոր կարգախոսը պետք է լինի մոտավորապես հետեւյալը՝ «տարիներ շարունակ բոլոր մակարդակներում հիմնականում անարդար անցկացված ընտրությունների պատճառով ժողովրդի մոտ անվստահություն է ձեւավորվել այդ ընտրությունների արդյունքների՝ ձեւավորած իշխանությունների նկատմամբ, ինչը դարձել է մեր պետության ներկա ճգնաժամի հիմնական պատճառը: Մենք՝ իշխանությունները եւ ընդդիմությունը, միասնաբար անցկացնելու ենք արդար ընտրություններ, որը մեր պետության զարգացումը կբերի բնականոն, նորմալ հուն: Իսկապես, մենք համոզված ենք, որ մեր պետության վաղվա օրը մեծապես պայմանավորված է ժողովրդին իշխանության լիիրավ կրողը դարձնելով, որը կարող է ապահովել միայն արդար եւ ազատ ընտրությունները»: Վստահ եմ, որ եթե արդար ընտրությունների արդյունքում ընտրվի թեկուզ միջին կարողություններով որեւէ մեկը, նա կարող է շատ ավելի օգուտ բերել մեր պետությանը, քան կեղծիքով կարգված նախագահը, թեկուզ եւ նա օժտված լինի հանճարեղ ունակություններով:
- Հնարավո՞ր է Ձեր այս առաջարկությունը դառնա բազմիցս չարչրկված սպասվելիք երկխոսության քննարկման թեմա:
- Շատ կցանկանայի, որ այդպես լիներ, բայց հետեւելով երկխոսության քաղաքական օրակարգի շուրջ ծավալվող քննարկումներին թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ իշխանությունների եւ թե՛, առավել եւս, ԵԽԽՎ 1906 բանաձեւի պահանջներին, ցավով պետք է նշեմ, որ՝ ոչ: Որովհետեւ այդ դեպքերում խոսքը վերաբերում է ոչ թե ստեղծված իրավիճակի պատճառների ի հայտ բերելուն, այլ այդ պատճառներից ծնված հետեւանքների վերացմանը: Իսկ նման մոտեցումը ընդամենը իրադրային լուծում կարող է առաջարկել, եւ հարցը թողնել մակերեսի վրա: Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ պատճառները չվերացնելու դեպքում միշտ կարող են ստեղծվել նման իրավիճակներ՝ էլ ավելի ծանր հետեւանքներով, ինչն առիթ կտա միջազգային կազմակերպություններին մշտապես միջամտել Հայաստանի ներքին գործերին: Միանգամից ուզում եմ նշել, որ չեմ տառապում գավառական հայրենասիրությամբ կամ, ինչպես ընդունված է մեր քաղաքական բառապաշարում՝ դրսից տղա կանչել-չկանչելու բարդույթով: Ուղղակի որպես քաղաքացի, վիրավորվում եմ, որ այն խնդիրները, որ ինքներս կարող ենք լուծել եւ որի համար անհրաժեշտ է ընդամենը պետականության շահի ընդհանուր գիտակցում, մենք դա անհաղթահարելի խնդիր ենք դարձնում, իսկ երբ միջազգային որեւէ կառույց է այն մեզ դեմ տալիս, որպես այբբենական ճշմարտություններ, մենք դպրոցականին հարիր պատրաստակամությամբ եւ ինչ որ տեղ երեխային հատուկ համառությամբ մի քիչ ընդվզելով, այնուամենայնիվ, պարտավորվում ենք կատարել: Խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան երկխոսությանն է վերաբերում, ինչքան հասարակություն-իշխանություն եւ հասարակություն-Լեւոն Տեր-Պետրոսյան երկխոսությանը, որը ընդհանուրի մեջ կազմում է եռամիասնություն:
Պետք է նաեւ նկատի ունենալ, որ իշխանություն-Լեւոն Տեր-Պետրոսյան հակադիր երկու բեւեռների արանքում կա ժողովրդի մի զգալի հատված եւս, որը չի առաջնորդվում ընդդեմ ինչ-որ ուժի կամ անհատի, այլ մտածում է հանուն իր եւ իր երեխայի, հետեւաբար՝ նաեւ իր պետության ապագայի: Գուցե այդ հատվածը այնքան ակտիվ կամ կռվարար չէ եւ ամպագոռգոռ ձեւակերպումներ չի տալիս հայրենասիրության եւ պետականության հզորացման մասին, բայց նա իր տեսակի ներքին բարոյականությամբ փորձելով կերտել իր պետության միկրոմակետը, գուցե շատ ավելի է իր մեջ կրում պետականությունը՝ որպես բացարձակ արժեք, քան ընդդեմի դրոշակը պարզած եւ թշնամաբար միմյանց դեմ տրամադրված զանգվածները:
Լուրջ մտավախություն ունեմ, որ եթե քաղաքական դաշտում այսօր իրար ոչնչացնող ատելությամբ համակված ուժերի պայքարը այսպես շարունակվի, որը դժվար է քաղաքական պայքար անվանել, ապա այն մեր ժողովրդին նորանոր փորձությունների առջեւ կկանգնեցնի:
Մի խոսքով, մենք որպես պետություն ամբողջությամբ կարող ենք առանց որեւէ միջամտության ձեւակերպել մեր քաղաքական երկխոսության օրակարգը, որը, իմ կարծիքով, ունի շատ պարզ ձեւակերպում՝ ի՞նչն էր պատճառը այս ամենի: Ինչքան էլ ոմանց համար ծանր հնչի, բայց նրանք պարտավոր են համաձայնել, որ 95 թվականից մինչ օրս իշխանության առաջին դեմքերն են բոլոր ընտրակեղծիքների հիմնական պատասխանատուն:
Քաղաքագիտության աքսիոմաներից է, որ եթե հասարակության ընկերային (սոցիալական) վիճակը ավելի լավ է, քան բարոյահոգեբանականը, ապա տվյալ պետությունը պրոբլեմներ ունի իր ներսում, որի հիմնական պատճառը իշխանություններն են, իշխանության վարքագիծը, մասնավորապես՝ ներքաղաքական կյանքում: Այսօր մեր պետության ընկերային վիճակը անհամեմատ ավելի բարվոք է, քան բարոյահոգեբանականը: Երկրի այս վիճակից դժգոհում է հասարակության նույնիսկ այն խավը, որն ինքնաբավ է, հացի օրախնդիր չունի, բայց նրան նույնպես չեն բավարարում պետության մեջ արմատավորված բարքերը: Նա իր երեխային չի ուզում տեսնել այդ մթնոլորտում մեծացողի եւ այդ բարքերը կրողի դերում: Միաժամանակ յուրաքանչյուր ոք, ում համար Հայաստանը սոսկ աշխարհագրական տարածք չէ, որտեղ ճակատագրի բերումով պարտավոր է ապրել, աշխատել, օլիգարխ դառնալ, պատգամավորություն անել, նախագահ ընտրվել կամ չընտրվել, նրանք՝ մենք բոլորս, պետք է փորձենք տեսնել մեր պատասխանատվության եւ մեղավորության չափը՝ ստեղծված իրավիճակում:
Սովորաբար հասարակության մեջ կա մի հատված, որ վիրավորվում է, երբ ցիտում ես հայտնի ասացվածքը՝ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Բայց ես ընդունում եմ այդ իմաստնությունը: Իշխանությունը՝ որեւէ ժողովրդի հավաքական ճաշակի ընդհանուր արտահայտությունն է: Եկեք մեղավորներ փնտրելու փոխարեն միասնաբար գիտակցենք մեր պետությանը բաժին հասած խաչի ողջ ծանրությունը եւ միմյանց հանդուրժելով փորձենք տանել այդ խաչը:
- Ի վերջո, ի՞նչ եք կարծում, Ձեր առաջարկությունները կընդունվե՞ն, մասնավորապես իշխանության կողմից:
- Շատ կցանկանայի, որ ընդունվեին: Ինչպես նախորդ հոդվածում, այնպես էլ հիմա ուզում եմ շեշտել, որ գուցե առաջարկությունս ոմանց համար ռոմանտիկ եւ անիրատեսական թվա, բայց համոզված եմ, որ ներկա պահի իրական եւ ճշմարիտ ելքը հենց արտահերթ ընտրությունների անցկացումն է:
Ինձ համար անընկալելի է մարտահրավեր բառը, որովհետեւ մարտի չեն հրավիրում, մարտը պարտադրում են: Մենք այսօր մի քանի պարտադրված մարտեր ունենք: Կան առարկայական (օբյեկտիվ) իրողություններ, որոնց հետ մեր պետությունը պարտավոր է հաշվի նստել եւ կարողանա դիմակայել դրանց: Համաշխարհային շուկայի թանկացումը եւ դրանով պայմանավորված համաշխարհային տնտեսության սպասվելիք ճգնաժամը, որը հատկապես ծանր է անդրադառնում մեր պետության նման հնարավորություններ ունեցող երկրների վրա, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, այս տարածաշրջանում մեր պետության բավականին մեկուսացված լինելու փաստը մեզանից պահանջում են ունենալ համախմբված, իշխանություն-հասարակություն՝ միմյանց նկատմամբ վստահություն ունեցող ժողովուրդ, որն ի վիճակի կլինի դիմակայել եւ լուծել մեզ պարտադրված մարտերը: Այս ֆոնի վրա չափազանց մշուշոտ եմ պատկերացնում կոալիցիայի քաղաքական ճակատագիրը: Հետեւաբար, առկա պրոբլեմները լուծելու մեր գլխավոր ռեսուրսը պետք է լինի մեր միասնականությունը՝ Հայաստանի եւ արտերկրի մեր հայրենակիցների համար հանդուրժողականության եւ միասնության դաշտի ստեղծումը, ինչին եւ ուղղված են իմ առաջարկությունները:
Ի վերջո, լավ օրից չի, որ մեզ անվանում են «քարից հաց քամող» ժողովուրդ: Մենք ստիպված ենք եղել քարից հաց քամել: Դա նաեւ մտավոր կարողության իրացման արդյունք է եղել: Եվ դարերի ընթացքում մեր հավաքական պրպտող միտքը փաստորեն դարձել է ազգի գոյապահպանության եւ զարգացման գլխավոր կապիտալը: Գաղտնիք չէ, որ այդ մտավոր կարողության ինքնաիրացման համար անհրաժեշտ է ազատ հասարակություն, որը պետք է մեր պետության կայացման արժեհամակարգի հիմքը դառնա: Մեր ժողովրդի համար իր հայրենիքում ապրելը գայթակղիչ կդառնա, եթե իսկապես գործի այդ արժեհամակարգը: Եկեք իսկապես կարողանանք ճիշտ գնահատել պատմականորեն ձեւավորված մեր տեսակի առանձնահատկությունը եւ դրա դրսեւորման համար ստեղծել համապատասխան պայմաններ, ասել է թե՝ ազատ, ժողովրդավարական եւ ազգային պետություն:
- Ձեր բոլոր մտքերը հասկանալի են, բայց եթե մի պահ ընդունենք, որ Սերժ Սարգսյանի մտքով անցնի դիմել այդ քայլին, ապա նրա կողքին կանգնած բավականին հզոր, ազդեցիկ մարդիկ, ովքեր ամեն ինչ արեցին Սերժ Սարգսյանին ցույց տալու, որ, իբր, իրենք են նրան բերել իշխանության, այդ շրջապատը նրան թույլ չի տա անել այդ քայլը:
- Այն կարծիքին եմ, որ չափազանցված է այդ շրջապատի դերը՝ քաղաքական ազդեցության առումով: Ես վստահ եմ, որ եթե Սերժ Սարգսյանը վճռական որոշում կայացնի, այդ մարդիկ ոչինչ չեն կարող անել: Չեմ ուզում նրանց գնահատական տալ, որովհետեւ նրանք ժամանակի ծնունդ են եւ ինչ-որ չափով՝ այդ ժամանակի զոհը: Շատ հնարավոր է, որ այդ նույն մարդիկ օրենքներով ապրող պետության մեջ դառնային օրինապահ գործարարներ, պարտաճանաչ հարկատուներ: Բայց ժամանակը նրանց դարձրեց հինգ հազար դրամով մարդկանց ձայն գնողներ, նրանց ծեծողներ, ահաբեկողներ եւ, ի վերջո, այդ տեսակի իշխանության վերարտադրման հիմնական գործիքներ: Ես նրանց գործոնն ընդունում եմ, բայց չեմ չափազանցնում: Մի բանում համոզված եմ, եթե պարոն Սերժ Սարգսյանը նման նախաձեռնությամբ հանդես գա, նրան որպես թիկունք կդառնա ողջ ժողովուրդը՝ թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Չէի ցանկանա, որ արտահերթ ընտրությունների անցկացումը ժամանակի ընթացքում դառնա ամբոխի պարտադրանք:
Վերջին օրերին մամուլում անընդհատ հրապարակումներ են լինում՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտի 90-րդ տարելիցին, որոնց ենթատեքստում 1918-20 թթ. Հայաստանի դաշնակցական կառավարության գովքն է: Այս իրողության դեմ ըմբոստանում է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Երեկ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում պատմական էքսկուրս կատարելով՝ նկատեց. «Այսօր շատ ու շատ գեներալներ, անհատներ փառաբանվում են՝ իբր կազմակերպել եւ առաջնորդել են այդ հերոսամարտը, մինչդեռ փաստն այն է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն այդ օրերին լքված էին: Նազարբեկյանը՝ ում այսօր մեծարում են, այն օրերին գնահատվել է բացասական կերպար:Երբ թուրքական զորքն արդեն մտնում էր Ալեքսանդրապոլ, նա փախել է քաղաքից, իսկ տեղի ժողովուրդը, իրեն հատուկ հումորով, մեքենայի ետեւից գոռացել է՝ «Նազադ, բեգոմ. օսկով Ղարսը ծախեցիք՝ հերթն Ալեքսանդրապոլի՞նն է»: Ընկեր Թովմասյանը ցավով է ընդգծում, որ այդ տարիներին Բաքվում գտնվող Ստեփան Շահումյանի բոլոր զգուշացումները, որ հայ զորքի տրամադրության տակ կա շուրջ 30 հազար մարդ, ովքեր պատրաստ են հանուն հայրենիքի կռվել, անուշադրության են մատնվել: Ավելին, Երեւանի Դուման՝ Ենգիբարյանի նախագահությամբ, ընդունել է քաղաքագլուխ, դաշնակցական Թոշյանի առաջարկությունը՝ քաղաքն առանց դիմադրության հանձնելու թուրքերի ողորմածությանը: «Հայ ժողովուրդը կռվում եւ հաղթում էր, իսկ վարիչները տեղյակ չլինելով՝ Բաթումում կնքում էին այն խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանին մնում էր 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ ներառյալ Սեւանա լիճը»: Ընկեր Թովմասյանը հիշեցրեց. «Միայն 1968 թ. Հոկտեմբերյանի շրջանի ժողովուրդը կոլխոզների միջոցներից հավաքեց հինգ միլիոն ռուբլի, եւ կառուցվեց հուշահամալիրը՝ Հաղթանակի 50-ամյակին ընդառաջ: Եթե կոմունիստները չկառուցեին հուշահամալիրը՝ Հաղթանակի 90-ամյակը օձ ու կարիճների «բնակավայրում» պիտի տոնեինք»:
Առավոտի» հարցերին Հրանտ Մարգարյանի պատասխանները-
Հետընտրական շարժման մասին խոսելիս շեշտեցիք, որ դա ՀՀՇ-ական շարժում էր, չե՞ք ընդունում, որ դա համաժողովրդական շարժում էր:- Ամեն ուժ, ամեն կազմակերպություն, նույնիսկ ամեն անհատ խոսում է ժողովրդի անունից: Եթե մեկը որդեգրում է ժողովուրդ բառը, դա անպայման չի նշանակում, որ դա ժողովրդային է: - Կարելի՞ է այսօր ՀՅԴ-ն համարել Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանը, արդեն մոռացա՞ք Ռոբերտ Քոչարյանին: - Մենք ոչ Ռոբերտ Քոչարյանի հենարանն ենք եղել, ոչ Սերժ Սարգսյանի, մենք Դաշնակցություն ենք, որ մեր քաղաքական համոզումներից, մեր պահանջներից ելնելով՝ կայացնում ենք համաձայնություն, տեղի է ունենում համագործակցություն: ՀՅԴ-ն չի կարող որեւէ մեկի հենարանը լինել, բայց կարող է այս պետականության, այս ժողովրդի համար լինել հենարան: - Ինչո՞վ է պայմանավորված գործող նախարարներին փոխելու հանգամանքը, արդյոք ՀՅԴ շարքերում դժգոհությո՞ւն կա, մյուսներն է՞լ են պաշտոն ուզում: - Եթե չընտրվեին Բյուրոյի անդամ, 99%-ով այդպիսի բան չէր կատարվի, ոչ ոք չի խանգարում իրենց, որ շարունակեն նախարար աշխատել, բայց իրենց ցանկությունն է եղել, նաեւ կա հարց՝ հաշվետուի-հաշվառուի հարց, իրենք չեն ուզեցել իրենց դնել այդ անհարմար վիճակի մեջ: Ափսոսում եմ, որովհետեւ հաջողված նախարարներ են եղել, բայց կարծում եմ՝ ճիշտ որոշում էր: - Մարտի 1-ի համար ՀՅԴ-ի մեղքի բաժինը քանի՞ տոկոս է: - Կարծես թե մտքումդ մի բան կա, որ կարծում ես, թե մենք մեզ պետք է մեղավոր զգայինք: Այնքանով ենք մեղավոր, ինչքանով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Ցանկացած հարցի համար պատասխանատու ենք, բայց եթե խոսքը վերաբերում է մարտի 1-ին, բարեբախտաբար, մենք ոչ էս կողմից, ոչ էն կողմից որեւէ ձեւով մասնակցություն չենք ունեցել:
Նախորդ օրը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում լսվեցին ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի եւ Սիլվա Ասատրյանի պաշտպաններ Անժելա Կարապետյանի եւ Կարեն Մեժլումյանի պաշտպանական ճառերը: Հիշեցնենք, որ նրանց պաշտպանյալները մեղադրվել են ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ 2001թ. դեկտեմբերի 29-ին մահափորձ կատարելու համար եւ դատապարտվել են համապատասխանաբար 11 եւ 9 տարվա ազատազրկման:
ԱԱԾ փոխգնդապետը Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում հրաժարվել էր մեղադրանքն ընդունել եւ գտնում էր, որ սադրանքը կազմակերպել են Հայաստանի անվտանգության մարմինները, որպեսզի ինքը՝ որպես կարեւորագույն ինֆորմացիայի կրող, հանրապետությունից դուրս չգա: Իսկ վերաքննիչ քրեական դատարանում «կուռկուռի ձագ» դարձած գործակալը ընդունել էր իր մեղքը, հայտնելով, որ պատվիրատուն Սիլվան է, ինքն էլ իրականացրել է պատգամավորի դեմ կատարված մահափորձը՝ «վախեցնելու» նպատակով: «Լինելով պրոֆեսիոնալ, տիրապետելով զենքին, կարող էի սպանել նրան, սակայն չեմ արել, քանի որ նպատակ չունեի սպանել Գասպարյանին»,- ասաց Յու. Վոլֆսոնը: «Պատիժը, որը ստացել եմ 2005-ից ազատազրկվելով, ավելին էր, քան ինձ հասնում էր»,- ասաց նա: Վերջինիս պաշտպան Ա. Կարապետյանի ճառը տեւեց 5 րոպե: Նա խնդրեց, որպեսզի Վոլֆսոնին, Հայաստանին մատուցած ծառայությունների համար, արդարացնեն:
«Թեեւ 31 էջից բաղկացած բողոքարկվող դատավճիռը կայացվել է 2007թ. հոկտեմբերի 12-ին, սակայն ի խախտումն ՀՀ քրդատօրի, պաշտպանական կողմին տրամադրվել է ոչ թե հոկտեմբերի 16-ին, այլ՝ բազմաթիվ բողոքներից հետո՝ հոկտեմբերի 22-ին, այսինքն՝ դատավճռի կայացման 11-րդ օրը, իսկ դատական նիստերի արձանագրության լազերային կրիչները, դրանց համառոտագրումների հետ միասին, տրվել են ավելի ուշ, ուստի ուսումնասիրելով 31 էջանոց դատավճիռն ու ավելի քան 1,5 տարի տեւած դատաքննության 89 դատական նիստերի ձայնային արձանագրությունների մի մասը (ֆիզիկապես հնարավոր չի եղել բոլոր ձայնային արձանագրություններին ծանոթանալ եւ համեմատել համառոտագրումների հետ), դատարանին եմ ներկայացնում սույն բողոքի լրացումը»,- ասաց պաշտպանը: Վերջինիս գնահատմամբ, դատավճռով դատարանը թույլ է տվել նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:
Կ. Մեժլումյանն անդրադարձավ նախաքննության մարմնի կողմից առաջադրված շարժառիթին: Որպես հանցագործության շարժառիթ եւ Սիլվա Ասատրյանի մեղքը հիմնավորող ապացույցներ, բողոքարկված դատավճռում նշվել է այն, որ 1998թ. մարտի 19-ին Ասատրյանի նախկին ամուսինը՝ Արթուր Գյուրջինյանը, որպես «Արմենյըն Թրեյդրզ» ՍՊ ընկերության նախագահ, պայմանագիր է կնքել «Արարատ» ԼՏԸ-ի նախագահ Մելիք Գասպարյանի հետ, որով պարտավորվել է ԼՏԸ-ին Ամիրյան 4/20 հասցեում տրամադրել 180 քմ մակերեսով շինարարական տեղամաս՝ 5 հարկանի շենք կառուցելու համար: Նկատի ունենալով այն, որ հետագայում «Արմենյըն Թրեյդրզ» ՍՊԸ-ն Ամիրյան 4/20 հասցեում 180 քմ տեղամասը չի տրամադրել, բացի այդ, նշված տարածքը, ինչպես նաեւ հարակից Ամիրյան 4/22 հասցեն ծանրաբեռնված են եղել բնակելի տներով, «Արարատ» ԼՏԸ-ն իր միջոցներով դրամական փոխհատուցում է տվել վերոհիշյալ հասցեներում գտնվող տների բնակիչներին՝ տարածքներ ձեռք բերելու եւ նախատեսված շինարարական աշխատանքներն իրականացնելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության, 2001թ. սեպտեմբերի 26-ին Մելիք Գասպարյանը հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի, ապա ՀՀ տնտեսական դատարան՝ կատարված շինարարության արժեքի կրկնապատիկը՝ 45.980.260 ՀՀ դրամ գումարը «Արմենյըն Թրեյդրզ» ՍՊԸ-ից եւ վերոհիշյալ 57.000 ԱՄՆ դոլարը, դրա բանկային տոկոսներ կազմող 37.620 ԱՄՆ դոլար գումարները՝ Ա. Գյուրջինյանից եւ Ս. Ասատրյանից բռնագանձելու պահանջով:
Հետագայում պարզվել է, որ գործի նյութերում նման հայցադիմում չկա եւ չի էլ եղել՝ Մելիք Գասպարյանը հայցով չի դիմել դատարան եւ Արթուր Գյուրջինյանի եւ Սիլվա Ասատրյանի դեմ որեւէ հայց չի հարուցել: Ըստ նախաքննության մարմնի, Ս. Ասատրյանը որոշել է ծայրահեղ ապօրինի քայլի դիմել՝ ֆիզիկապես հաշվեհարդար տեսնել՝ սպանել նրան:
«Դատարանը որեւէ ապացույցով չէր հիմնավորել, թե դեռեւս 1999-ից Ա. Գյուրջինյանից ամուսնալուծված եւ դստեր հետ առանձին ապրող Սիլվա Ասատրյանին ինչ հիմքով է 2001թ. վերջերին դիտել որպես «Գյուրջինյանների ընտանիքի» անդամ եւ թե կոնկրետ ում մոտ է նա դժգոհություններ հայտնել Մելիք Գասպարյանից ու դատարաններից, նման ապացույց գործի նյութերում չկա, ավելին, դա հերքվել է վկաների ցուցմունքներով եւ նրանց նախաքննական ցուցմունքների հրապարակումներով»,- նշեց պաշտպանը: Սիլվա Ասատրյանը առաջին ատյանի դատարանում ցուցմունք տալիս նշել է, որ որեւէ առնչություն Մելիք Գասպարյանի հետ չի ունեցել, նրան տեսել է 3-4 անգամ՝ 1998-ին, երբ ստորագրել է տան դիմաց գումար ստանալու ստացականները, դրանից հետո 1999թ. ամուսնալուծվել է Արթուր Գյուրջինյանից, հեռացել ու ընդհանրապես չի տեսել ու որեւէ ձեւով Մելիք Գասպարյանի հետ չի առնչվել, որեւէ թշնամանք նրա հանդեպ չի ունեցել եւ իր մոտ Մելիք Գասպարյանի նկատմամբ որոշակի տհաճ զգացումներ են առաջացել միայն իր անմեղ տղայի՝ Վարուժան Գյուրջինյանի ձերբակալությունից հետո:
23 էջից բաղկացած պաշտպանական ճառում կար առանձին անդրադարձ՝ «Յուրի Վոլֆսոնին Մելիք Գասպարյանի ավտոմեքենան պայթեցնելու պատվեր տալը հերքող մասով»:
«Վոլֆսոնի նախաքննական ցուցմունքները Սիլվա Ասատրյանի նկատմամբ զրպարտություն են, քանի որ իրականությանը չեն համապատասխանում: Վոլֆսոնը դեռեւս նախաքննության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազին եւ քննիչ Հ. Ղարախանյանին ուղղված դիմումներում մանրամասն նկարագրել է, թե ինչպիսի պայմաններում են իրենից նման սուտ ցուցմունքներ կորզվել եւ որ դրանք իրականությանը չեն համապատասխանում ու իրեն թելադրվել են»,- ասաց Կ. Մեժլումյանը:
Վերաքննիչ դատարանում Յու. Վոլֆսոնը մասնակիորեն ընդունեց մեղքը, ասելով, որ պայթյունն ինքն է կատարել Սիլվա Ասատրյանի ցուցումով, սակայն այնպես է կատարել, որ ոչ ոք չտուժի: Ըստ վերաքննիչ դատարանում տված Յու. Վոլֆսոնի ցուցմունքի՝ Ասատրյանը դեպքից մոտ երկու ամիս առաջ սկսել է իրեն համոզել, որպեսզի կատարի պայթյունը, սպանի Մելիք Գասպարյանին եւ բազմաթիվ անգամ հանդիպել են դրա համար եւ այնպես, որ Արթուրը չտեսնի: Երբ Վոլֆսոնին հարցեր առաջադրվեցին այն մասին, թե այդ բազմաթիվ գաղտնի հանդիպումները Սիլվա Ասատրյանի հետ որտե՞ղ են տեղի ունեցել, նա որեւէ կոնկրետ տեղ չկարողացավ նշել, ավելին, այն հարցին, թե ինչպե՞ս էին իրար հետ կապ հաստատում եւ որոշում հանդիպման մասին, նա ասաց, որ կամ ինքն էր զանգում Ասատրյանին, կամ Ասատրյանն՝ իրեն, անգամ նշեց, որ Սիլվան զանգում էր նաեւ իր զոքանչի տուն:
Վոլֆսոնի՝ նախաքննական ու վերաքննիչ դատարանում տրված ցուցմունքները հերքվում են հենց գործի նյութերում առկա հեռախոսային խոսակցությունների վերծանումներով, որոնցից երեւում է, որ 2001թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «բազմաթիվ հանդիպումներ» ունեցած Սիլվա Ասատրյանի եւ Յուրի Վոլֆսոնի միջեւ որեւէ հեռախոսային խոսակցություն, հեռախոսազանգ չի եղել:
Պաշտպանը միջնորդեց Ս. Ասատրյանին արդարացնել: Ասատրյանը վատառողջ էր եւ չկարողացավ պաշտպանական ճառով հանդես գալ:
Վկաները ոչ միայն կեղծ ցուցմունքներ են տալիս, այլեւ՝ խոչընդոտում լրագրողների գործունեությունը
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ՝ 67-ամյա Միսակ Հովակիմյանի դատավարությունը: Մ. Հովակիմյանին նույնպես մեղսագրվել է Քրօրի 316 հոդվածի առաջին մասը՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ գործադրելը եւ չենթարկվելը»: «Ամբաստանյալը» ձերբակալվել է մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, Մաշտոց-Պուշկին փողոցների հատման կետում, թեեւ գործով վկաներն իրենց ցուցմունքներում փաստեցին, որ Մ. Հովակիմյանին ձերբակալել են Մաշտոց-Թումանյան փողոցների հատման կետում: Հիշեցնենք նաեւ, որ նախորդ նիստի ժամանակ վկա Գարիկ Շուշանյանը ցուցմունք էր տվել, որ Մ. Հովակիմյանը սպառնացել է իրեն՝ ասելով. «Դուք ձեր հալը կտեսնեք, դուք պատասխան եք տալու»:
Երեկ ցուցմունք տալու հերթը Արաբկիր համայնքի օպերլիազոր Էդգար Պետրոսյանինն էր: Նա դատարանում աչքի ընկավ ոչ միայն իր կեղծ ցուցմունքներով, այլեւ «Տարեգիր» պարբերականի թղթակից Գայանե Առուստամյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելով: Նախ Է. Պետրոսյանը հայտնեց, որ Մ. Հովակիմյանին եւ այլոց ձերբակալելու պահին «ամբաստանյալն» ամենաակտիվն է եղել, բռնել է իր ձեռքը, քաշքշել: Այս ընթացքում Գ. Առուստամյանը ձայնագրում էր դատական գործընթացը, սակայն նկատեց, թե ինչպես է վկան անընդհատ անջատում ձայնագրիչը: Երբ զգուշացրեց, որ չանջատի, վկան նախ թքեց ձայնագրիչի վրա, որը տեսնողներ են եղել, ապա սկսեց հարվածել, ըստ էության, ծեծել լրագրողին: Ի պատասխան՝ Գ. Առուստամյանն ընդամենը մատիտով գծեց վկայի վերնաշապիկին: Սկսվեց քաշքշուկ՝ հարուցելով ներկաների դժգոհությունը, որ վկան խոչընդոտում է լրագրողի մասնագիտական գործունեությունը: Դատավոր Ռուբեն Ափինյանը ընդհատեց դատը: Իսկ երբ վերադարձավ, հրամայեց կարգադրիչներին՝ լրագրողին դուրս հանել դահլիճից:
Մ. Հովակիմյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը հայտարարությամբ հանդես եկավ, որով դատարանից պահանջեց համապատասխան իրավական գնահատական տալ Է. Պետրոսյանի արարքին. «Ապօրինաբար միջամտել է լրագրողի աշխատանքին եւ ոտնձգել նրա առողջության նկատմամբ, որը քրեորեն պատժելի է»: Պաշտպանը միջնորդեց նաեւ Գ. Առուստամյանին հրավիրել դատական նիստերի դահլիճ: Մեղադրող Արամ Արզաքանյանը թեեւ դատապարտեց կատարվածը, սակայն ջանասիրաբար փորձեց պարտակել վկայի արարքը՝ պատճառաբանելով, որ լրագրողը, առանց նախագահողից թույլտվություն ստանալու, մոտեցել է վկային ու փորձել ձայնագրել նրան: Հիշեցնենք, որ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի, լրագրողն իրավունք ունի դատարանում ձայնագրություններ անել ու աշխատել:
Մ. Շուշանյանը բացարկ հայտնեց նախագահողին. «Դուք հանդես եք գալիս որպես մեղադրող կողմ, անաչառ չեք»: Դատավորը մոտ մեկ ժամից վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ «անհիմն է» պատճառաբանությամբ: Համաձայն շրջանառվող լուրերի, Մ. Հովակիմյանին ձերբակալելիս ոստիկաններն ասել են, թե «ծեր մարդ է, կբռնենք, հետո բաց կթողնենք»: Սակայն երբ իմացել են, որ ընդդիմադիր լրագրողի հայր է եւ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձը, գործ են սարքել գլխին:
Երեկվանից բանկի պահոցում սկսվել են դրանց տեսակավորման ու բաշխման աշխատանքները
Երեկ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը, ԳԹԿ-ի տնօրեն Մանուկ Մկրտչյանն ու աշխատակիցները մի քանի լրագրողների հետ այցելեցին «Արարատբանկ», որի պահոցում Լոնդոնից Երեւան տեղափոխված՝ ՀՀ պետական միասնական քննությունների թեստերն են պահվում: Երեկվանից մեկնարկել են դրանց կոմպլեկտավորման, ըստ մարզերի դիմորդների թվի՝ բաշխման ու տեսակավորման աշխատանքները, որոնք, Բ. Եսայանի հավաստմամբ, կտեւեն 2-3 օր: Նշենք, որ պահոցի 2 բանալիներից մեկը գտնվում է փոխնախարարի, իսկ մյուսը՝ ԳԹԿ տնօրենի մոտ: Մինչ պահոց մտնելը, լրագրողներս կատակում էինք, իսկ եթե հանկարծ սխալմամբ Զիմբաբվեի թեստերը Հայաստան փակ արկղերով «ժամանած» լինե՞ն: Բ. Եսայանը բացեց պահոցի դուռը, այնուհետեւ Մ. Մկրտչյանի հետ ու լրագրողների ներկայությամբ՝ արկղերը, որոնցում փակ ծրարներն էին:
«Ծրարը փակ է: Եթե բացվի, հնարավոր չի լինի նորից փակել: Յուրաքանչյուր ծրարի վրա գրված է, թե որ տարբերակից քանի թեստ կա: Ըստ քննական կենտրոնների՝ այս ծրարները կբաշխվեն, եւ յուրաքանչյուր կենտրոն կստանա իր դիմորդների թվին համապատասխան ծրար: Ծրարները քննասենյակում՝ դիմորդների ներկայացուցիչները կբացեն եւ միայն այդ ժամանակ հայտնի կլինի, թե ինչ թեստեր են»,- պարզաբանեց ԿԳ փոխնախարար Բ. Եսայանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 29-ին, 30-ին արդեն պատրաստ կլինեն յուրաքանչյուր մարզի քննական կենտրոնների համար նախատեսված արկղերը, որոնք «Հայինկասացիա» ծառայության հատուկ պահակախմբով հեռու մարզեր կճանապարհվեն հունիսի 1-ի երեկոյան, մոտ մարզեր՝ հունիսի 2-ի վաղ առավոտյան: Հունիսի 2-ին հայոց լեզու-գրականություն առարկայից քննություն կհանձնի շուրջ 14500 դիմորդ, հաջորդ օրերին մաթեմատիկայից՝ մոտ 9800, անգլերենից՝ 8000 եւ ռուսերենից՝ 1400: Փոխնախարարից պարզեցինք, որ կոնկրետ Արցախում հայոց լեզվից քննություն կհանձնի 800 հոգի, իսկ Սյունիքում, պայմանավորված Պոլիտեխնիկի՝ տեղի մասնաճյուղի առկայությամբ, մեծաթիվ են մաթեմատիկա հանձնողները:
Նշենք, որ ԳԹԿ-ում երեկ կայացավ քննական կենտրոնների ղեկավարների առաջին հավաքը՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի մասնակցությամբ: Կենտրոնների ղեկավարները ծանոթացան իրենց իրավունքներին ու պարտականություններին, ստացան փաթեթներ՝ իրենց կողմից իրականացվելիք գործողությունների մասին ցուցումներով: Ամսի 29-ին նրանց ու նախարարի հաջորդ հանդիպումը կկայանա, եւ կենտրոնի յուրաքանչյուր ղեկավար ստույգ կիմանա, թե կոնկրետ որտեղ է աշխատելու: Հավանաբար, Լեւոն Մկրտչյանն՝ իբրեւ ԿԳ նախարար, վերջին անգամ կհանդիպի ոլորտի իր ենթակաների հետ, որովհետեւ, հայտնի պատճառով՝ կուսակցական առաջխաղացման արդյունքում, միասնական քննությունների ավարտից հետո նա հրաժեշտ կտա իր «պոստին»:
Կարծում են հայաստանյան մշակութային օջախների ղեկավարները
Այսօր պետական քաղաքականության հիմքում դրված է Հայաստանը տարածաշրջանային մշակութային կենտրոն դարձնելու հայեցադրույթը, ինչի իրագործումն անհնար է՝ առանց զբոսաշրջային ինդուստրիայի հետ համագործակցության: Ամառը զբոսաշրջության լավագույն սեզոնն է, մինչդեռ նախկին խորհրդային մոդելով մեզ մոտ թատրոնների եւ երաժշտական կոլեկտիվների համար հուլիսի վերջից օգոստոսի վերջը արձակուրդի շրջան է: Այնինչ, օրինակ, Ռուսաստանը վերջին տարիներին մշակել է մշակութային օջախների հերթափոխային աշխատանքի սկզբունքը, ինչի շնորհիվ թատերասերները երբեք չեն հայտնվում փակ դռների առջեւ:
«Առավոտն» այս թեմայով զրուցեց որոշ հայաստանյան մշակութային օջախների ղեկավարների հետ:
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռ. Բաբայան.- Աշխարհում գոյություն ունեն տուրիզմի տարբեր տեսակներ՝ կրոնական, էքստրեմալ, պատմամշակութային եւ այլն: Չեմ կարծում, թե զբոսաշրջիկները հենց Երեւանում են հանգստանում: Նրանք գերադասում են Դիլիջանը, Սեւանը, Հանքավանը եւ այլն: Կոնկրետ Տիկնիկային թատրոնը, որը համագործակցում է դպրոցների հետ, հարմար է, որ հանգստանա հուլիս կամ օգոստոս ամիսներին: Բայց դա չի նշանակում, որ մայրաքաղաքում պետք է մեռնի մշակութային կյանքը: Անհրաժեշտ են բացօթյա ցուցահանդեսներն ու ներկայացումները: Երկրորդ տարին է, ինչ նախարարությունը մշակել է մարզային ծրագրեր, որի շրջանակներում անցյալ ամռանը մենք եղանք Վայքում, Տավուշում, այս տարի կմեկնենք Մեղրի, Գորիս ու Կապան:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյան.- Ճիշտն ասած, ես մտածել եմ այդ ուղղությամբ եւ հանգել եզրակացության, որ սա այն դեպքն է, երբ կոնկրետ թատրոնների հետ պետք է աշխատեն տուրիստական կազմակերպությունները, քաղաքապետարանն ու թաղապետարանները: Մարզպետներն էլ չպետք է մի կողմ քաշվեն, այլ հարց տան իրենց՝ արդյոք պե՞տք է թատրոն: Բացի Գյումրիի եւ Վանաձորի թատրոններից, միջշրջանային թատրոնները «լավ են զգում» իրենց, ընտանիքներով աշխատում են նույն վայրում ու թատրոն-թատրոն խաղում, այնինչ՝ պետք է թարմ կադրեր գործուղվեն շրջաններ, ապահովվեն նրանց կեցության եւ այլ հարցեր, ինչով վերջ կտրվի թատրոնում «ընտանեկան բիզնեսին» եւ կբարձրանա մարզային թատրոնների մակարդակը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյան.- Ֆիլհարմոնիկ նվագախումբը ողջ տարին յուրաքանչյուր ուրբաթ, չհաշված այլ միջոցառումները, ունենում է համերգ: 11 ամիս աշխատելուց հետո նվագախմբի արտիստները պետք է հանգստանան: Մենք աշխատում ենք նաեւ հունվար-փետրվար ամիսներին, բայց եթե մշակվի ծրագիր, որ ասենք, օգոստոսին Ֆիլհարմոնիկը պետք է մեկնի որեւէ մարզ համերգների՝ պատրաստ ենք: Թեեւ այսօր ոչ բոլոր մարզերում կա այնպիսի դահլիճ, որի բեմում տեղավորվի Ֆիլհարմոնիկի 100 երաժիշտ: Ի դեպ, մեծ սիրով հենց օգոստոսին կմեկնեինք Արցախ՝ համապատասխան պայմանների ու միջոցների առկայության դեպքում:
Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյան.- Առհասարակ, ամառը արեւմուտքի թատերական օջախների համար հյուրախաղերի շրջան է: Համամիտ եմ, որ, որոշ բացառությամբ, արձակուրդ կոչվածը չպետք է անդրադառնա մշակութային օջախի, հետեւաբար՝ մշակութային կյանքի վրա: Այս տարի առաջին անգամ Ծաղկաձորում, օգոստոսի 10-15-ը, կանցկացվի մնջախաղի միջազգային փառատոն: Ինձ ուրախացրեց, որ հայտարարությունը լսելուն պես՝ մեզ հետ կապվեցին տուրիստական կազմակերպությունների ղեկավարները: Այս տարի մեր թատրոնն իր հասանելիք արձակուրդը կօգտագործի Գյումրիի, Վանաձորի, Ստեփանակերտի թատերասերներին ներկայանալով:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյան.- Այս տարի մշակույթի նախարարությունը կանոնակարգել է այդ հարցերը, ինչը երբեք չէր եղել: Մեր դեպքում՝ նվագախումբը արդեն հուլիսի երկրորդ կեսից կմեկնի Սյունիքի եւ Լոռվա մարզեր, համերգներով հանդես գալով Մեղրիում, Կապանում, Գորիսում, Տաշիրում, Ալավերդիում, Նոյեմբերյանում: Սա ճիշտ մոտեցում է, քանի որ երաժիշտը մշտապես ոչ միայն «ֆորմի մեջ է մնում», այլեւ չի կտրվում հանդիսատեսի հետ կապը:
Ի թիվս այլ փոփոխությունների, «Բազե-2008»-ին կլինեն հոգեւոր դպրանոցի սաների ու հաշմանդամների ջոկատներ:
Երեկ Համահայկական երիտասարդական հիմնադրամի գրասենյակում ասուլիս էր հրավիրվել՝ «Բազե 2008» երիտասարդական հավաքը ներկայացնելու համար: Ներկա էին «Բազեի» տնօրեն Արթուր Սողոմոնյանը, փոխտնօրեն Հայկ Բալայանը, գեղարվեստական ղեկավար Գեւորգ Եղիազարյանը, մարզական ղեկավար Գագիկ Սարգսյանն ու լրատվության պատասխանատու Աստղիկ Ավետիսյանը: Այս տարի «Բազե» հավաքը կկայանա հուլիսի 11-18-ը՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, կմասնակցի շուրջ 650 երիտասարդ: Բանախոսների խոսքերով, հավաքի նպատակը մեկն է՝ աշխարհասփյուռ հայ երիտասարդներին մեկ հարկի ներքո հավաքելը: Ինչպես նախորդ յոթ «Բազեներին», այնպես էլ այս անգամ հավաքին մասնակցելու ցանկություն հայտնած երիտասարդներն ընտրվելու են իրենց ընդունակությունների եւ հասարակական ակտիվության սկզբունքով:
Այսօրվանից սկսած, բոլոր 18-ից 30 տարեկան երիտասարդները՝ Հայաստանից, Ջավախքից, Արցախից եւ Սփյուռքից, կարող են «Բազե 2008»-ին մասնակցելու հայտ ներկայացնել: Ինչպես յուրաքանչյուր տարի, մասնակիցները բաժանվելու են երեք ճակատի՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, որոնք խորհրդանշում են ՀՀ պետական դրոշի գույները: Ըստ Ա. Ավետիսյանի, այս տարվա «Բազեում» լինելու են որոշ փոփոխություններ: Հավաքին մասնակցող ջոկատներն, օրինակ, բաղկացած են լինելու ոչ թե 12, այլ 9 հոգուց, սակայն նախորդ տարիների համեմատ ավելացել է ջոկատների քանակը: «Բացի մարզերի, պետական բուհերի, Սփյուռքի, Արցախի, Ջավախքի ջոկատներից, կլինեն նաեւ հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, լրագրողների, ոչ պետական բուհերի ուսանողների, հոգեւոր դպրանոցի սաների եւ «աստղային» ջոկատներ, իսկ վերջինիս մեջ կլինեն ոչ միայն երգիչ-երգչուհիներ, այլեւ մարզիկներ»,- նշեց Ա. Ավետիսյանը: «Բազե 2008»-ի հաջորդ փոփոխությունն էլ երիտասարդական հավաքում քրիստոնեական հավատքի քարոզն է: «Նախնական պայմանավորվածության համաձայն, հավաքին իր օրհնությունը կբերի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Կազմակերպվելու է նաեւ ուխտագնացություն Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ էլ հավաքի մասնակից երիտասարդներն ըստ ցանկության կմկրտվեն»,- նշեց Ա. Ավետիսյանը:
Ա. Սողոմոնյանի փոխանցմամբ՝ խրախուսվում է մեկ երիտասարդի կողմից մի քանի մրցույթների մասնակցությունը, լինի դա մշակութային, մարզական, թե ինտելեկտուալ. «Այս տարի կրճատվել են թիմային, մարզական խաղերը, բայց առաջին անգամ կազմակերպվելու է սպորտլանդիա, որին կմասնակցի ամբողջ թիմը»: Ա. Ավետիսյանը հավելեց, որ Սիգմա TV-ի հետ պայմանավորվածության շնորհիվ հասարակությունն ամեն օր հնարավորություն կունենա ծանոթանալու «Բազեի» օրագրին, եւ հայտնեց. «Մենք երկու օր առաջ հանդիպել ենք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի եւ փոխնախարարի հետ՝ պնդել, որ անպայման երկրի ղեկավարը, վարչապետը, ԱԺ խմբակցությունները, ԱԳ նախարարը մասնակցեն «Բազեին», որովհետեւ այն երիտասարդները, որոնք դրսից են գալիս, ուզում են տպավորված հեռանալ, անպայման հանդիպել մեր երկրի ղեկավարության հետ, հանդես գալ իրենց հարցադրումներով: Մենք պետք է լավ PR մեթոդներ կիրառենք, որպեսզի Սփյուռքից շատ երիտասարդներ գան ու հաշվի չառնեն մարտի 1-ի դեպքերը»: Կազմակերպիչները նաեւ հայտնեցին, որ «Բազե 2008»-ին չեն կարող մասնակցել այն երիտասարդները, ովքեր նախորդ հավաքներին ընդգրկված են եղել:
Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մուլտիպլիկացիայի բաժինն այս տարի տվեց իր առաջին շրջանավարտները: Դեռեւս 5 տարի առաջ ինստիտուտում բացվել է մուլտիպլիկացիոն ռեժիսուրայի բաժին՝ ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի նախաձեռնությամբ: Օրերս 4 հոգուց բաղկացած կուրսը ներկայացավ դիպլոմային աշխատանքներով: «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց 4 կարճամետրաժ մուլտֆիլմ՝ «90-60-90» (Վանուհի Դունամալյան), «Դեպի ներքեւ» (Լեւոն Պետրոսյան), «Հարբած հավերը» (Արթուր Միքայելյան) եւ «Հուղարկավորություն» (Արման Յարալյան): Ֆիլմերից մեկի՝ «Հարբած հավերի» հիմքում ընկած է իրական պատմություն. թռչուններն, ուտելով ալկոհոլով թաթախված խաղողի հատիկներ, հարբում են եւ քնում: Իսկ տերերը, կարծելով՝ սատկած են, փետրահան են անում հավերին ու նետում ձորը: Հետո հավերը «սթափվում» են եւ մերկ վերադառնում հավաբուն: «Հուղարկավորություն» մուլտֆիլմն էլ պատմում է, թե գերեզմանատեղերի համար ինչպես են հատվում ծառերը, անգամ ամբողջ այգիներ: Իսկ «90-60-90»-ը պատմում է ավելորդ քաշի խնդիր ունեցող երիտասարդ աղջիկների մասին, որոնք փորձում են ամեն գնով համապատասխանել ընդունված չափանիշներին: Եվ վերջապես «Դեպի ներքեւ»-ը ներկայացնում է հայ հասարակության իրական դեմքը՝ հեղինակի տեսանկյունից, երկու տղաների միջոցով, որոնք գումար վաստակելու նպատակով գետնանցումում սկսում են անցորդների համար պարել:
Հրավիրում ենք 30-40 տարեկան տղամարդկանց՝ աշխատելու Սաուդյան Արաբիայում որպես տնօրենի օգնական: Պահանջվում է արաբերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է նաեւ անգլերեն լեզվին տիրապետելը: Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հեռ: 093-43-74-10:
71@mail.ru
Մուտք Գրանցվել