Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱԴԱՐՁԵՑ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ

Հունվար 30,2004 00:00

Թե ինչպես են «ազգի դավաճան» ընդդիմադիրները խոչընդոտում մեր դիվանագիտության հերոսական ջանքերին

Եվրոպայի խորհրդի, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի գրեթե միաժամանակ արտահայտած կոշտ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում դրդեց ոչ միայն ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, այլեւ՝ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններին հենց նույն օրն եւեթ դրանում մեղադրել ընդդիմադիր այն երկու ներկայացուցիչներին, որոնք ԵԽ ԽՎ ամբիոնից համարձակվել էին խոսել ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացման իմաստով առկա խնդիրների մասին: Պրն Օսկանյանը ընդդիմությանն անգամ մեղադրեց ազգային շահերին դավաճանելու մեջ, թերեւս, առաջնորդվելով հայտնի՝ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է», կարգախոսով:

Երեկ մեր խնդրանքով ընդդիմադիր մի քանի ուժերի ներկայացուցիչներ անդրադարձան այս մեղադրանքներին: Նախ, ներկայացնենք նրանց տեսակետներն ամփոփ կերպով. այն է՝ միջազգային կազմակերպությունները նոր չէ, որ Հայաստանին պիտակավորել են իբրեւ «օկուպանտ», երկրորդ, առաջին անգամ այդ ձեւակերպումը տվել է ինքը՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը հետո փորձում էր արդեն ԱԺ ամբիոնից սրբագրել եւ բացատրել այդ բառի իմաստն ու ներկայացնել դրա հոմանիշները: Իշխանությունները համառորեն հերքում են, թե միջազգային հանրությունը Հայաստանին ընկալում է հենց այդպիսին էլ եւ՝ արդեն վաղուց:

Ինչ վերաբերում է ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին, ապա ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը նկատեց. «Դեռ նախորդ օրը մենք նշում էինք մեր բանակի տոնը, որը լուրջ հաջողությունների հասավ մեր երիտասարդների արյան գնով: Այդ հաջողությունները մեր իշխանությունները չկարողացան պահպանել: Ավելին, այսօր վտանգված է ԼՂ եւ Հայաստանի ապագան եւ՝ ի նպաստ մեզ որեւէ հեռանկար չի նշմարվում: Մյուս կողմից, իշխանական կոալիցիայի պատգամավորները, որոնք այսօր մեղադրում են ընդդիմությանը, հաջողություն են անվանում ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւում ինչ-որ մի բառ փոխելը՝ մոռանալով, որ կողմ են եղել մի բանաձեւի, որտեղ Հայաստանն ագրեսոր է որակվել: Սա դեռ լուրջ հետեւանքներ է ունենալու: Ցանկացած նորմալ երկրում նման խայտառակ անհաջողությունից հետո, երկրի իշխանություններն ու համապատասխան գերատեսչության ղեկավարները պետք է հրաժարական տային: Ինչ վերաբերում է Վ.Օսկանյանի արած հայտարարությանը «կեղտոտ լվացքի» վերաբերյալ, ապա՝ փաստորեն կառավարության անդամն ինքը փաստեց, որ մեր երկրում շատ կեղտ է կուտակվել եւ ճիշտ կլիներ այդ դեպքում նախ՝ ավգյան ախոռները մաքրելու մասին մտածել, հետո մեղադրել ընդդիմությանը՝ իշխանությունների կրած պարտության մեջ»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանն էլ նկատեց, թե ընդդիմությանն ազգային շահերին հարվածելու մեջ մեղադրելուց առաջ լավ կլիներ համապատասխան հայտարարություն անողը բացատրեր, թե ինքն ինչ է հասկանում «ազգային շահ» ասելով: «Մենք այդ շահը միանգամայն այլ կերպ ենք ընկալում: Նրանք պետական շահի մասին պետք է մտածեին դեռ այն ժամանակ, երբ Հայաստանի վարկը վտանգելու գնով կեղծում էին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Ի վերջո, ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ մասնավորապես ԼՂ հիմնախնդրի համատեքստում, ոչ թե ընդդիմությունն է որոշում, այլ՝ Ռոբերտ Քոչարյանն ու նրան սատարող կոալիցիան»:

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ իշխանությունների հնչեցրած մեղադրանքներին այսպես հակադարձեց. «Իսկ միասնականությանն ուղղված ի՞նչ քայլ է արել իշխանությունը: Դրա դրսեւորումներից մեկը պետք է լիներ օրինական ընտրությունների անցկացումը, որի վերաբերյալ նույն միջազգային հանրության ու՝ մասնավորապես, ԵԽ կարծիքը հայտնի է: Ես ավելորդ եմ համարում նույնիսկ հիշեցնել, թե իշխանություններն ինչպես վարվեցին ընդդիմության, մեր կուսակցության հետ: Հիմա, երբ ընտրություններն ավարտված են նրանք, իհարկե, կարող են միասնականության կոչեր անել: Դա իրենց պատկերացմամբ է օգտակար մեր երկրի համար: Իսկ մեր կարծիքով՝ ոչ: Ես կրկնում եմ այն, ինչ արդեն մեկ անգամ առիթ եմ ունեցել ասելու. այո, ես ընդունում եմ «տան կեղտը դուրս չբերելու» ավանդույթը: Բայց, երբ այդ կեղտի գարշահոտությունը փչում է դեռ շատ հեռվից, պետք է շրջապատին բացատրել, թե ով եւ ինչն է այդ գարշահոտության պատճառը»:

«Արմատ» կենտրոնի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն էլ ընդդիմությանն ուղղված իշխանությունների մեղադրանքներին անդրադառնալով նկատեց, թե Հայաստանի հեղինակության, ԼՂ հարցում այսօրինակ տխուր անակնկալներից խուսափելու մասին իշխանությունները պետք է ավելի վաղ մտածեին՝ դեռ մեկ տարի առաջ, երբ կեղծում էին ընտրությունների արդյունքները: Մենք դեռ այն ժամանակ ենք ահազանգել, որ այդ հանգամանքը ոչ լեգիտիմ իշխանությունների առկայության դեպքում, կարող է վտանգել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031