Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻՆ» ԿԲԱՑՎԻ «ԽԵԼՔԻՑ ՊԱՏՈՒՀԱՍՈՎ»

Հունվար 30,2004 00:00

Այսօր Գրիբոյեդովի այս պիեսի բեմադրությամբ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը խորհրդանշական է համարում «Խելքից պատուհասով» սկսելը, որովհետեւ նախ պիեսն է համահունչ մեր օրերին, բացի այդ՝ հունվարի 30-ը Գրիբոյեդովի մահվան օրն է: «Մենք «Խելքից պատուհասը» այս անգամ բեմադրելու ենք ոչ իբրեւ «թանգարանային» պիես, այլ նոր շունչ ենք տալու: Թեման, երբ մարդը կործանվում է, իսկ հասարակությունն անտարբեր է, արդիական է նաեւ այսօր: Կարծում եմ՝ Գրիբոյեդովը իր բացառիկ տաղանդի շնորհիվ դեռ էն գլխից զգացել է, որ չի արծարծում միայն իր ժամանակի խնդիրները, այլ գրում է բոլոր ժամանակների համար»,- ասաց պրն Գրիգորյանը: Սոֆյային մարմնավորել է Տաթեւիկ Մելքոնյանը, Չացկուն՝ Արտյոմ Պողոսյանը, Մոլչալինին՝ Սուրեն Թովմասյանը: Ի դեպ, 3-ն էլ երիտասարդ դերասաններ են, ու «նրանց մասին դեռ ողջ քաղաքը կխոսի»: Գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ թատրոնը համալրվել է 18 նոր արտիստներով, իսկ հեռացածների մասին ասաց. «Չկա չարիք՝ առանց բարիքի»: «Առավոտի»՝ «Ավագ տարիքի դերասաններն ինչպե՞ս են ընդունում այն փաստը, որ նորաթուխ դերասաններն ավելի զբաղված են ներկայացումներում, քան իրենք» հարցի առնչությամբ պրն Գրիգորյանն ասաց. «Այդ առումով խնդիրներ չունենք: Թեկուզ բարի հայացքով, ճիշտ գրիմի մասին փոքրիկ նկատողություններով ավագ տարիքի արտիստները միտում ունեն երիտասարդներին օգնել՝ առանց վիրավորելու»:

Ստանիսլավսկու անվան թատրոնն արդեն հասցրել է Սանկտ Պետերբուրգում ապրիլին կայանալիք «Բալթյան տուն» միջազգային փառատոնին մասնակցելու հրավեր ստանալ՝ անգամ առանց ներկայացման տեսաժապավենն ուղարկելու: Առաջիկայում հանդիսատեսի դատին կհանձնվեն բազմիցս խաղացված «Ախ, այդ ֆրանսիական ձեւերը» եւ «Նոր ֆրանսիական ձեւեր» պիեսները: Թատրոնը մտադիր է բեմադրել նաեւ «Խզված շղթա» ներկայացումը, որի գլխավոր հերոսները՝ միմյանց շղթայված հայն ու ադրբեջանցին (ամերիկյան տարբերակում՝ սեւամորթն ու սպիտակամորթը) փախչում են բանտից՝ համատեղ անցնելով բազում փորձությունների միջով: «Այսկերպ մենք ուզում ենք ասել, որ հարեւանները պետք է մարդ եւ հումանիստ մնան բոլոր պարագաներում ու գնան փոխզիջման՝ հարկ եղած դեպքում»,- «Խզված շղթան» մեկնաբանեց Ալ. Գրիգորյանը:

«Առավոտի» հաջորդ հարցը վերաբերում էր հանդիսատեսի՝ թատրոն հաճախելիությանը եւ ունի՞ արդյոք ռուսալեզու թատրոնը պահանջարկ: Ալեքսանդր Գրիգորյանը չթաքցրեց, որ այդ առումով իրենց վիճակը լուրջ է: Ավելին՝ փաստեց, որ հաճախ խաբված հայ հանդիսատեսը 5000 եւ ավելի դրամ է վճարում դրսից բերված ցածրորակ ներկայացումների համար, իսկ ռուսական թատրոն գնալու համար ափսոսում է ծախսել 250-300 դրամ: Նկատենք, որ Ստանիսլավսկու անվան թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի թանկացած տոմսերով. դրանք այսուհետ կարժենան 500-3000 դրամ: «Սա միակ ռուսական թատրոնն է ԱՊՀ-ում, որի դերասանների 99.9 տոկոսը հայեր են ու Ռուսաստանում զարմացնում են ռուսերենի իրենց իմացությամբ: Հպարտ եմ, մեր թատրոն այցելում է ինտելիգենցիան եւ երիտասարդության սերուցքը»,- համոզված է Ալ. Գրիգորյանը:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել