Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ

Հունվար 31,2004 00:00

Եթե
«Հանրապետության» նախաձեռնությունը չտապալվեր՝ այսօր պիտի ստորագրվեր ընդդիմադիրների
համագործակցության վերաբերյալ հուշագիրը, որն անհրաժեշտ նախապայման էր դիտվում
վստահության հանրաքվեի հասնելու համար: Մինչդեռ ընդդիմությունը ձախողվեց
ե՛ւ հուշագրի, ե՛ւ ԵԽԽՎ-ում վստահության հանրաքվեի հարցում:
«Կարծում եմ՝ վստահության հանրաքվեի մասին ԵԽԽՎ բանաձեւում արձանագրություն չներառելը ոչ թե մեր ընդդիմության, այլ ընդհանրապես Հայաստանի պարտությունն է,- ասաց ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Զաքարյանը:- Միջազգային լրատվամիջոցների ուշադրությունն այժմ կենտրոնացած է Վրաստանի վրա, նրանց նաեւ հետաքրքրում է, որ Բաքու-Ջեյհան նավթամուղն անցնի կայուն երկրով: Եվ, ցավոք, Հայաստանը ոչնչով հետաքրքիր չէ միջազգային հանրության համար: Մենք մի մեծ հնարավորություն բաց թողեցինք՝ լինելու ժողովրդավարությամբ առաջինը Հարավային Կովկասի երկրներում: Եվ այս առումով՝ ես ուրախալի ոչինչ չեմ տեսնում իշխանության համար: Երբ ԱԺ-ում դռնփակ լսումներ անցկացրինք ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մասնակցությամբ՝ տպավորություն ստացանք, որ նա քաջ գիտակցում է, թե Հայաստանն ինչ խնդիրների առջեւ է կանգնած: Ու վերջին հեռուստաելույթից էլ այն տպավորությունը չստացա, թե նա ոգեւորված է. Օսկանյանն ընդգծեց, թե այս տարի շատ լուրջ խնդիրների առջեւ ենք կանգնած, ուստի պիտի միասնական լինենք»:

Մեր հարցին՝ թե ընդդիմության առավել լայն ձեւաչափով միասնականության չհասնելն արդյոք պատճառ չի՞ դառնա, որ, ինչպես ասում են «Հանրապետության» գործիչները, ավելի բարդանա իշխանափոխության որեւէ ծրագիր իրականացնելը՝ ՀԺԿ փոխնախագահը պատասխանեց, թե Հայաստանում նման ծրագրեր իրականացնելու համար ընդհանրապես ավելի շատ բան է պահանջվում, քան համագործակցության հուշագրեր ստորագրելն է. «Ոչ միայն պետք է համախմբել ժողովրդին, այլ կան շատ այլ գործոններ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Եվ ես կասեի, որ պետք չէ թերագնահատել արտաքին գործոններն ու Հայաստանի իրավիճակը, որը խիստ տարբերվում է, ասենք, Վրաստանի վիճակից՝ հարեւանների հետ հարաբերությունների, ռազմական բազաների եւ այլ առումներով»: Այսուհանդերձ՝ «Արդարության» անդամն ընդգծեց. «Այս իշխանությունը, միեւնույն է՝ դատապարտված է: Հայաստանն իր ներկայիս ներուժով եւ իշխանությամբ չի կարող լինել Հարավային Կովկասի այլ պետություններին համահավասար գործընկեր: Վստահության հանրաքվեն մենք համարում ենք իշխանափոխության ամենաանարյուն ճանապարհը եւ անկախ նրանից, որ այդ առաջարկը չարժանացավ եվրոպական կառույցների հավանությանը՝ փորձելու ենք իրականացնել այն»:

Ուշագրավ է, թե ինչպես ՀԺԿ ղեկավարները փորձեցին այս չստացված համագործակցության առնչությամբ ձերբազատվել ՀՀՇ-ից: «Մենք չենք ունեցել եւ չունենք որեւէ հարաբերություն ՀՀՇ-ի հետ»,- հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը: Նախկին իշխող կուսակցության կողքին իր անվան հայտնվելուց այդչափ զգուշանալն արդյոք ներկա իշխանության թելադրած խաղի կանոններին ենթարկվե՞լ չէ: ՀԺԿ-ին այնքան փորձեցին կապել ՀՀՇ-ի հետ, որ հիմա առաջինն անչափ վախենում է լինել որեւէ միավորումում, ուր կլինեն նաեւ նախկին իշխանության ներկայացուցիչները: Այս դիտարկումներին ի պատասխան՝ Ստեփան Զաքարյանը միայն ասաց. «Բայց իրականում նման համագործակցություն, ինչպես ներկայացվում է իշխանության կողմից, իրոք չկա՛ եւ չի՛ եղել»:

«Արդարություն» դաշինքի նախկին 4-րդ համարը՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը վերջերս անակնկալ հայտարարեց. «Ո՞վ է այսօր մեր ընդդիմության լիդերը, ի՞նչ է նա առաջարկում, ոչ ոք չգիտի»: Մեր հարցին, թե ինչպե՞ս է բացատրում դիրքորոշման այսօրինակ փոփոխությունը՝ ՀԺԿ փոխնախագահն ասաց. «Պատահական չէ, որ այդ հայտարարությունն արվել էր իշխանամետ թերթում: Ընդհանրապես՝ այդ գիծը տանում են իշխանության ներկայացուցիչները, թե պիտի ընդդիմության առաջնորդը փոխվի՜, անուննե՜ր են տալիս եւ այլն: Ասեմ, որ դա չի լինի անբնական ճանապարհով: Բնական ճանապարհ կլինի, եթե լինի նոր առաջնորդ, որին կընդունեն ժողովուրդը եւ քաղաքական ուժերը: Իսկ այսպես ասելով չի լինի, մանավանդ՝ նման մեղադրանքներ ուղղող գործիչներն իրենք սովորաբար չեն առաջարկում որեւէ այլ ճանապարհ»: Փորձեցինք հստակեցնել, թե արդյոք կարծո՞ւմ է, որ «Արդարությանն» այս քննադատությամբ Արամ Կարապետյանը սեփական հավակնությունների խնդիր է լուծում, սակայն Ստեփան Զաքարյանն ասաց. «Չեմ ուզում գնահատականներ տալ»: Հայտնենք, որ դատելով «Նոր ժամանակներ»-ի ղեկավարի՝ «Ար»-ին հարցազրույցից, նրան հատկապես վիրավորել է այն հանգամանքը, որ ԱԺ ընտրություններին իր չմասնակցելու վերաբերյալ դատին ներկա են եղել միայն Հրանտ Խաչատրյանը եւ Մանուկ Գասպարյանը:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031