Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍԱՆ 1997 Թ. ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

Հունվար 31,2004 00:00

Երեքշաբթի
օրը կառավարությունում նախատեսված է Մաքսային պետական կոմիտեի ղեկավար Արմեն
Ավետիսյանի աշվետվությունը՝ իր գերատեսչության անցած տարվա գործունեության
վերաբերյալ:
Մինչ այդ, մեր աղբյուրների միջոցով մաքսային մուտքերի վերաբերյալ ստացել ենք մի քանի ուշագրավ տվյալներ, որոնք արտացոլում են մաքսավորների աշխատանքի փաստացի արդյունքները:

Կատարողականի օպերատիվ տվյալների համաձայն, անցած տարի փաստացի գանձվել է ավելի քիչ մաքսատուրք (9.7 տոկոսով), քան կառավարությունն ակնկալել է այս գերատեսչությունից: Չնայած պետք է նշել՝ նախորդ տարիներին սպասվածից ավելի քիչ էր հավաքվում: Բայց սա չէ ամենահետաքրքիր ցուցանիշը, այլ այն, որ մաքսատուրքի անցած տարի հավաքված 10.7 միլիարդ դրամը հազիվ հասել է 1997 թվականի մակարդակին: Այսինքն, այսօր գանձվել է մոտավորապես այնքան մաքսատուրք, որքան հավաքվել է, ըստ պաշտոնական տեսակետի, քայքայված, ստվերային մեծ հատվածներ ունեցող տնտեսության, վարչարարական ավանդույթներ չեղած ժամանակահատվածում (10.5 միլիարդ): Բացի այդ 1997-ից հետո, ասում են, տնտեսությունը շատ է աճել:

Հիշեցնենք, որ խրախուսման նպատակով Հայաստանում արտահանումն ազատված է մաքսատուրքից, եւ միայն ներմուծումից է գանձվում մաքսատուրք: Սակայն այս տարիների ընթացքում, արտահանմանը զուգահեռ, մոտ 70 տոկոսով մեծացել են նաեւ ներմուծման ծավալները: Ուստի, օբյեկտիվորեն թիվը պետք է որ 10.7 մլրդ դրամից ավելի մեծ լիներ: Բնականաբար, թիվն այդքան է ոչ միայն Մաքսային կոմիտեի մեղքով:

Բացի այս, օպերատիվ տվյալները չեն հաստատում պարոն Ավետիսյանի՝ տարեվերջյան ասուլիսում արված պնդումը, թե նախատեսված 100 միլիարդ 739 միլիոն դրամը (դեկտեմբերի 26-ի դրությամբ) հավաքագրվել է, եւ որ մինչեւ ամսվա վերջ պլանը կգերակատարվի (տես «Հայաստանի Հանրապետություն», 27.12.2003թ.): ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի ցուցանիշները, որոնցով նույնպես ձեւավորվում են մաքսային մուտքերը, մենք կարողացել ենք ստանալ միասնական ցուցանիշներով, որոնցում ներառված են նաեւ հարկային ծառայության կողմից հավաքվածները, այդ պատճառով էլ հնարավոր չէ առավել հստակորեն դատել՝ պլանը կատարվե՞լ է, թե՞ ոչ: Հավանաբար պլանը կատարվել է, բայց, այնուամենայնիվ, նախնական տվյալներով, չի գերակատարվել, ինչպես ակնկալվում էր: Այս հարցը հավանաբար երեքշաբթի կհստակեցնի պարոն Ավետիսյանը:

Այս ամենով հանդերձ, հարկ է նկատել, որ մաքսատուրքի՝ Արմեն Ավետիսյանի հավաքած 10.7 միլիարդը վերջին յոթ տարում հավաքած ամենամեծ գումարն է: Նա նախորդ տարի հավաքել էր ավելի քիչ, քան 2001-ին հավաքել էին ինքն ու Անդրանիկ Մանուկյանը՝ այդ պաշտոնում իրար հաջորդելով: Ցուցանիշներով, թերեւս, ամենաարդյունավետը 1997 թվականին պաշտոնավարած Ռաշիդ Ենգիբարյանի աշխատանքն է եղել (10.5 միլիարդ)՝ հաշվի առած թե՛ գումարի փաստացի չափը, թե՛ ժամանակաշրջանն ու տնտեսական իրողությունները: Վերջին յոթ տարում ամենաքիչ հավաքված գումարը եղել է Սմբատ Այվազյանի պաշտոնավարության օրոք, որին ողջ ընդդիմությունը հաղթանակի պարագայում նախատեսում էր պետական եկամուտների նախարարի պաշտոնի համար: Բավականին բարձր են նաեւ Միքայել Մակարյանի եւ Հուսիկ Գեւորգյանի ցուցանիշները:

Կատարողականի տվյալների հիման վրա վերլուծություններում թեեւ հիմնականում ուշադրություն ենք դարձնում բացասական երեւույթներին, նշենք նաեւ դրական միտումները: Ֆինանսների նախարարության քաղաքականության շնորհիվ պետբյուջեում տարեցտարի աճում է հարկային եկամուտների (ներառյալ մաքսային եկամուտները) տեսակարար կշիռը: Իսկ բյուջետային կարգապահությունը բարձրանում է նաեւ հարկային եւ մաքսային մարմինների աջակցությամբ:

ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել