Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» խոսքը կտուրն է գցում

Հունվար 31,2004 00:00

«ԱրմենՏելը» խոսքը կտուրն է գցում Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը դատարանում խոսեց հայ-հունական դարավոր բարեկամության մասին։ Երեկ տնտեսական դատարանում լսվեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հայցն ընդդեմ «ԱրմենՏել»-ի։ Հայցապահանջի հիմքը հեռախոսի սակագները չբարձրացնելու վերաբերյալ նախարարի հրամանին «ԱրմենՏել»-ի չենթարկվելն էր։ Այս գործը պետք է քննվեր հունվարի 8-ին, սակայն դատաքննությունը հետաձգվեց Գ. Վասիլակիսի Հայաստանից բացակայելու պատճառով: Ըստ նիստից ստացած տպավորությունների, «ԱրմենՏել»-ը լիարժեք պատրաստ չէր դատավարությանը. ներկաները ստիպված էին ծախսել մոտ երկու ժամ՝ իմանալու համար, թե ծանո՞թ է արդյոք «ԱրմենՏելը» հայցապահանջին։ Սակայն, չնայած դատավորի ու հայցվորի ջանքերին, պատասխանողները մշտապես շեղվում էին քննարկվող հարցից։ Գեորգիուս Վասիլակիսն իր երկարաշունչ ճառում անդրադարձավ զանազան հարցերի, որոնք դատավոր Անատոլի Մաթեւոսյանի դիտարկմամբ, ոչ մի կապ չունեին հայցապահանջի հետ, ուստի դատավորը ստիպված եղավ եւս մեկ անգամ հարցնել. «Արդյոք, պատասխանողները կարդացե՞լ են հայցադիմումը»։ Իր ելույթում Գ. Վասիլակիսը խոսեց օտարերկրյա ներդրումների, պատմական ամոթի, ինչպես նաեւ հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամության մասին։ Նրա կարծիքով, «ԱրմենՏել»-ը երբեք չի կարող իրեն հակառակորդ համարել ՀՀ կառավարությանը, ինչպես կառավարությունն է ներկայացնում ժողովրդին։ Դատական նիստի հարցուպատասխանի ժամանակ հայցվոր կողմի ներկայացուցիչ, արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գեւորգ Կոստանյանը նշեց, որ իր հարցերի պատասխաններն «ԱրմենՏել»-ի կողմից չի ստանում։ Պատասխանողը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ խնդրելով գործի քննությունը հանձնել Լոնդոնի արբիտրաժային դատարանին։ Դատավորը մերժեց միջնորդությունը՝ անհիմն համարելով այն։ Նիստն ընդհատվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Ի դեպ, ժամանակի մասին հիշեցրեց «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչը։ Հաջորդ լսումը փետրվարի 13-ին է՝ Սուրբ Վալենտինի օրը։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել