Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվեց եւ ընդմիջվեց

Հունվար 31,2004 00:00

Սկսվեց եւ ընդմիջվեց «Վենդետայի» գործով դատավարությունը կշարունակվի փետրվարի 16-ին Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ռուբեն Ներսիսյան) սկսվեց Նուբարաշենի խճուղում կատարված սպանությունների գործի քննությունը։ Հիշեցնենք, որ մամուլն այդ սպանությունը դիտարկում էր ԱԺ ներկայիս եւ նախկին պատգամավորներ՝ Սամվել Ալեքսանյանի եւ Ռուբեն Գեւորգյանի «Վենդետայի» շրջանակներում: Դեպքը կատարվել է 2003-ի հունիսի 25-ին։ Տուժածները Ռուբեն Գեւորգյանի զարմիկներն էին՝ Արտյոմ եւ Արկադի Գեւորգյանները, որոնցից առաջինը հրազենից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ մյուսը մահացել էր։ Մահացել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանը եւ «ԳԱԶ 3129» 65ԼՕ285 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ Ս. Հակոբյանը։ Հանցագործությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Նուբարաշենի խճուղում կանգնած ավտոմեքենայում նշված մարդիկ զրուցելիս են եղել՝ Գեւորգյան եղբայրներից մեկի ծառայության հետ կապված խնդիրների շուրջ։ Այս դատական գործով անցնում են 8 ամբաստանյալ՝ Արթուր Սարգսյան, Արտիկ Միրզոյան, Արթուր Բադալյան, Մհեր Մարգարյան, Հայկ Նիկողոսյան, Արմեն Ասատրյան, Գեւորգ Բաղդասարյան, Կարեն Խալաթյան։ Վերջին երեքի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չբացակայելու մասին ստորագրությունը։ Գործով տուժող Գեւորգյանների իրավահաջորդի շահերն են պաշտպանում Ռուբեն եւ Նարինե Ռշտունիները։ Մեղադրողն է դատախազի ավագ օգնական Երիցյանը։ Դատական նիստի ընթացքում ամբաստանյալներին ծանոթացվեց իրենց իրավունքներին եւ պարտականություններին։ Նրանցից մի քանիսը պաշտպան չունեին, եղածներից ոմանք էլ առաջին նիստն էր ու չէին ներկայացել։ Այս եւ էլի մի քանի հանգամանք հաշվի առնելով՝ դատավորը նիստը ընդմիջեց մինչեւ փետրվարի 16-ը։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել