Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱՆԻ՜ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԷԼ ԱՆՎԱՆԵԻՆ «ԲԱՏԿԱ»

Փետրվար 28,2004 00:00

Մոտավորապես
այսպես կարելի է ձեւակերպել երազանքն «Ազգային միաբանություն» խմբակցության
պատգամավոր Աղասի Արշակյանի, որն ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ
մեկնել էր Բելառուս:
– Որոշակի հարցականների տեղիք տվեց այն հանգամանքը, որ ընդդիմության կողմից խորհրդարանական գործունեության առկախման պայմաններում՝ Դուք այնուամենայնիվ մասնակցեցիք Բելառուս պաշտոնական այցին: Հրատա՞պ էր դրա անհրաժեշտությունը:

– Կարծում եմ, լիագումար նիստերի մեր բոյկոտը կապված է առաջին հերթին ներքաղաքական խնդիրների հետ: Իսկ սա արտաքին քաղաքական խնդիր է: Բացի այդ՝ Բելառուսի հետ հարաբերություններում իմ 7-ամյա աշխատանքը ես չեմ կարող լցնել ջուրը, մանավանդ որ՝ պատվիրակությունն էլ այս առումով ուներ իմ կարիքը: Կարծում եմ, որ ընդդիմության մյուս թեւի ներկայացուցիչները նույնպես պետք է արտաքին քաղաքականության հարցերում չբոյկոտեն, այլապես սա նաեւ նշանակում է, թե մեր ներկայացուցիչները չպիտի գնան եվրոպական կառույցներ, մեր դատը չպիտի արծարծեն այդ ատյաններում: Կարիք չկա խառնել մեկը մյուսին:

– Իսկ Դուք Բելառուսում է՞լ արծարծում էիք «մեր դատը» կամ նման հարցեր:

– Բելառուսի խորհրդարանի երկու պալատների ղեկավարության եւ վարչապետի հետ հանդիպումները վերաբերում էին, առաջին հերթին, հայ-բելառուսական հարաբերությունների առավել ամրապնդմանը եւ խորացմանը: Եվ բոլորովին հարկ չկար մեր ներքաղաքական խնդիրները բարեկամ երկրներին ի ցույց դնել կամ դարձնել մատի փաթաթան, մանավանդ որ մեր պետության նկատմամբ բելառուսները տրամադրված են արտակարգ լավ:

– Բելառուսում մեր պատվիրակությանն ընդունեցին ամենաբարձր մակարդակով: Քանի որ ակնարկեցիք Ձեր կարեւորության մասին՝ գուցե դերակատարությո՞ւն եք ունեցել այդ ընդունելության մեջ:

– Դե, օրինակ, թեեւ Բելառուսի նախագահի հետ հանդիպել էր միայն Հայաստանի ԱԺ նախագահն ու մեր դեսպանը, սակայն Լուկաշենկոն զարմացել էր, թե պատվիրակությունն ինչու է ներկայացված մեկ մարդով: Ծրագրված կեսժամանոց հանդիպումը տեւել էր ժամուկես: Այդքան հետաքրքրություն կա մեր երկրի հանդեպ: Հանդիպումների ընթացքում ձեռքբերվեցին նաեւ որոշակի պայմանավորվածություններ, որոնք կարող են մեզ համար լինել առանձնակի շահավետ: Օրինակ՝ քննարկվեցին Բելառուսի մինի-տրակտորների հավաքման արտադրամաս այստեղ բացելու, կամ Բելառուսի «ՄԱԶ» գործարանի արտադրության ավտոբուսներով մեր քաղաքային տրանսպորտը համալրելու հնարավորության հարցերը:

– «Արմենպրեսը» տեղեկատվություն տարածեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման ժամանակ ասել է, թե «մեծ ու անկեղծ հարգանքով» է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, որին «համարում է իր լավ բարեկամը»: Ձեր տպավորությամբ՝ կառավարման ձեւի առումով նմանություններ կա՞ն այս ղեկավարների միջեւ, կարո՞ղ են Քոչարյանին անվանել «ազգի հայր», ինչպես «բատկա» են կոչում Լուկաշենկոյին:

– Նա պարկեշտ գործընկերոջ պես է արձագանքել արարողակարգային խնդիրներին՝ չարժե որեւէ այլ ենթատեքստ տեսնել սրա մեջ: Իսկ որպես Հայաստանի քաղաքացի՝ ես ուղղակի կերազեի, որ իմ երկրի նախագահը նույնքան համակրելի եւ սիրելի լիներ իր ժողովրդի եւ ընտրողների համար, որքան Բելառուսի նախագահը, որին իր ազգը հպարտությամբ է անվանում «բատկա»: Ցավոք, այս առումով հսկայական տարբերություն կա:

Մենք տեսել ենք Բելառուսի ե՛ւ արդյունաբերության, ե՛ւ գյուղատնտեսության նվաճումները: Ես կուզենայի, որ մեր պատվիրակության անդամ այլ կուսակցականներն ասեին իրենց կարծիքը, որ իմ խոսքը չթվար սուբյեկտիվ: Ասենք, մեր դաշնակցական ընկերը նույնպես հիացած էր այնտեղ իր տեսածով: Ժամանակակից եվրոպական որեւէ քաղաք երեւի այդքան լուսավոր չէ, որքան Մինսկը: Փողոցներն այնտեղ իդեալական մաքուր են, թեեւ Բելառուսի համար այս տարի ձյունառատ ձմեռ էր: Ի՞նչ ասեմ, այդ երկրում մուրացկան չես կարող տեսնել: Եթե հատուկենտ պատահեն էլ՝ ուրեմն Մոլդովայից կամ Ուկրաինայից եկած մարդիկ են: Բելառուսում միջին աշխատավարձը 120 դոլարին է համարժեք: Հավելյալ՝ առաջին անհրաժեշտության իրերի, մթերքների գները զգալիորեն զիջում են հայաստանյան գներին: Ահա այս ամենը տեսնելով՝ հստակ կարող ենք ասել, որ կենսամակարդակի մի քանի անգամվա տարբերություն կա Հայաստանի եւ Բելառուսի միջեւ: Եվ առնվազն շարքային աշխատավորի կենսամակարդակն այնտեղ 3 անգամ բարձր է, քան մեզ մոտ: Ժողովուրդն այնտեղ ցավով էր արձագանքել Ռուսաստանի կողմից գազամատակարարման դադարեցմանը: Բարեբախտաբար, ընդհատումն ընդամենը 18 ժամով էր եւ ոչ մի կերպ չանդրադարձավ Բելառուսի տնտեսության վրա. նրանք ունեին 2 ամսվա պահեստավորում: Եվ կարծում եմ, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ միութենական հարաբերությունները չեն տուժի այդ փոքրիկ միջադեպից:

Զրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել