Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառը ոտքի վրա

Փետրվար 28,2004 00:00

Հին ժամանակներում հայ թագավորներն ու իշխանները, երկիրը թշնամիներից պաշտպանելուց զատ, կառուցել են ամրոցներ, քաղաքներ, կամուրջներ ու ջրանցքներ, հիմնադրել են անտառներ (Ծննդոց, Արցախ, Խոսրովի):

Մի զարմանալի օրինաչափությամբ պատմական փորձություններից մեզ հասած հուշարձանները վկայում են, որ իրենց հեղինակները մի չգրված օրենք են խստորեն պահպանել՝ երբեք չխաթարել բնական հավասարակշռությունը, իսկ կառուցապատումով միայն լրացնել բնության կիսատ թողած գործը: Դրա շնորհիվ էլ ծովից-ծով տարածվող Հին Հայաստանը հարուստ էր հողային ու ջրային պաշարներով, իսկ արքունի հայրենաշեն գործունեության շնորհիվ երկրի հզորությունն ավելի էր բազմապատկվում:

Հատկանշական է չորս ու կես հազար տարեկան այս հինավուրց զրույցը Արցախ աշխարհի մասին, որը Հին Հայաստանի տասնհինգ նահանգներից մեկն էր:

«Հայկ Նահապետին իմաց են տալիս, թե այս կողմերում հողը չի դիմանում ցանքերին: Ամենափոքր անձրեւից հողի վերին շերտը պոկվում է, հասուն արտերը ցեխակոլոլ դարձնում: Հայկ Նահապետը իր որդի Արամանյակին ուղարկում է այս երկրամասը եւ ասում.

– Գնա եւ ծառ ու թուփ տնկել տուր: Միայն այդ դեպքում հողը դիմացկուն կդառնա եւ չի սահի: Արամանյակը Հայոց Աշխարհի այս ու այն կողմից ոստեր է հանում եւ տանում տնկում սահող հողերում: Այդ ժամանակներում ծառին ավելի հաճախ ցախ էին ասում: Արամանյակի ցախ ասելով, այդպես էլ երկրամասը կոչվեց Արամանյակի ցախ, որը սեղմվեց ու դարձավ Արցախ» (Հ.Խաչատրյան. «Սոսյաց անտառ»):

Մեր ժամանակներում քաղաքակիրթ հասարակարգերը ձգտում են տնտեսական զարգացումը դարձնել բնության պահպանությանը նպաստող գործոն` հասնել տնտեսական շահի եւ էկոլոգիական օգուտի ներդաշնակության: Քաղաքակիրթ ժողովուրդները տնտեսական կատեգորիա են համարում նաեւ էկոլոգիական խախտումների կանխարգելումը: Անտառների վերը թվարկված հատկությունները, քաղաքակիրթ ազգերի համար, տնտեսական տեսակետից խիստ օգտակար են, երբ անտառը ոտքի վրա է:

Մենք՝ հայերս, նույնպես քաղաքակիրթ ազգ ենք, բազմադարյա մշակույթ ունենք, մեր երկիրը բաց թանգարան է երկնքի տակ՝ ժայռափոր եկեղեցիներով, հինավուրց համալսարաններով …

Բայց մենք հիմա անտառի տնտեսական «շահը» տեսնում ենք տապալվող ծառերի, ոչնչացված անտառաբնակների, հողատարված լանջերի, վառարաններում այրվող փայտի տեսքով միայն: Մեր շատ գիտնականներ օտար ազգերի զարգացմանն են նպաստում օտար երկրներում, իսկ Հայաստանում ճգնաժամ է վառելիքա-էներգետիկ ու … հատում ենք սակավահող, չոր ցամաքային կլիմայով, լեռնային կտրտված ռելիեֆով բնութագրվող այս երկրի խիստ սակավ անտառները: Ճգնաժամն էլ անցավ գնաց, իսկ մենք դեռ հատում ենք: Կաղնեփայտյա կահույքի ու հաճարի մանրատախտակի տեսքով հրճվելու, ամանորի տոնածառով ուրախանալու համար ենք հատում, իսկ նոր հայերն էլ անպայման անտառի հաշվին պետք է դղյակներ կառուցեն: Միայն թե անտառը ոտքի վրա չմնա, ոչ մի սանիտարական գոտի էլ հարկավոր չէ՝ իզուր տարածք է զբաղեցնում …

Սեւանա լճի հետ Հայաստանն ունի 2978 հազ.հեկտար տարածք, որից միայն 450 հազարն է մշակովի, քանի որ մակերեւույթի խիստ մասնատվածությունը, լանջերի սխալ եւ անկանոն օգտագործումը, հողապաշտպան միջոցառումներ չկիրառելը հանգեցրել են Հայաստանի հողային տարածքի 54%- ի ինտենսիվ քայքայման: Ցավալի է, բայց փաստ, որ դրանում ծանրակշիռ ազդեցություն են ունեցել Հայաստանի լեռնային անտառների զանգվածային հատումները:

Ահա թե ինչու ամեն ընկնող ծառի հետ անտառը հառաչում է:

Եվ հառաչանքն այդ ոչ միայն ափսոսանք է տապալվող ծառի համար, այլեւ՝ բողոք, որ աստիճանաբար շառաչելով դառնում է զայրույթ. «Երկիրն այս այլեւս ի վիճակի չէ դիմանալ ձեր ծանրությանը, դուք խախտում եք բնության սահմանած կարգը եւ կործանում ձեր զավակների ապագան»:

Յուրաքանչյուր տապալվող ծառի համար դուք հատուցում եք երկրի ամենավերջին պաշարով՝ հողն է փախչում ձեր ոտքերի տակից: Հետեւաբար ձեր ժողովուրդը երբեք չի հարստանա, այլ կմնա աղքատ ու հիվանդ:

ՍՐԲՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829