Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն չի թաքցնում, որ զինված է

Մարտ 31,2004 00:00

ՀՅԴ-ն չի թաքցնում, որ զինված է

«Իրավունքի» երեկվա համարում թերթի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք
ՀՅԴ-ն իր մարտական ջոկատներին հարկ եղած դեպքում կհանի ընդդիմության ընտրազանգվածի
դեմ, խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը պատասխանեց.
«ՀՅԴ-ի մարտական ջոկատները օգտագործվել, օգտագործվելու են միայն ազգային
ազատագրական պայքարի ժամանակ, որեւէ այլ պարագայում բացառվում է: Անգամ մենք
լինելով ընդդիմություն (արգելափակված), երբեք նման քայլի չենք գնացել…»:

Վերջապես, Դաշնակցության ղեկավար այրերից մեկը խոստովանեց, որ 21-րդ դարում անկախ պետականության պայմաններում, Եվրախորհրդի անդամ եւ Եվրամիություն ձգտող երկրում լեգալ պայմաններում գործող կուսակցությունը ոչ միայն կարող է ունենալ, այլ ունեցել է, ունի եւ ապագայում եւս ունենալու է իր ենթակայության տակ գտնվող, կուսակցության հրահանգները կատարող զինված խմբավորումներ: Ավելացնեմ, որ ՀՅԴ խմբակցության այլ անդամ՝ Ռուբեն Հովսեփյանը ոչ շատ վաղ անցյալում այլ առիթով խոստովանել էր, որ ազգային-ազատագրական պայքարը (որի բաղադրիչ մասն է ազգի դավաճաններին եւ կեղեքիչներին ոչնչացնելը) շարունակվելու է նաեւ անկախ պետականության պայմաններում, իսկ այդպիսի պայքարի սկիզբը, ժամկետները, մեթոդները եւ վերջապես պայքարի օբյեկտը հռչակում է միայն եւ միայն ՀՅԴ ղեկավար մարմինը: Կարծում եմ, մեկնաբանությունները ավելորդ են:

Մնում է միայն մի քանի հռետորական հարց ուղղել Հայաստանի պետական եւ հանրային անվտանգության համար պատասխանատու այրերին.

1. Արդյո՞ք արդարադատության նախարարը որեւէ անհամապատասխանություն չի տեսնում այդ կուսակցության կանոնադրության եւ մարտական ջոկատների գոյության մեջ եւ պատրաստ է գրանցել իր ենթակայության տակ զինյալ խմբեր հայտարարագրած ցանկացած կուսակցություն:

2. Արդյո՞ք գլխավոր դատախազը պատրաստվում է քրեական գործ հարուցել օրենքից դուրս գտնվող զինված խմբավորումների ստեղծման առիթով, թե նրանք կարող են համարվել կուսակցությանը կից բարեգործական հաստատություններ:

3. Արդյո՞ք այդ “մարտական ջոկատները” գտնվում են երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի ենթակայության տակ, իսկ ջոկատների անդամները, զենքը եւ զինամթերքը հաշվառված են պաշտպանության նախարարությունում, թե մարտիկները վաղուց թոշակի անցած կանայք են, իսկ զինամթերքը՝ վերջերս հաճախ օգտագործվող, բայց, այնուամենայնիվ, կյանքի համար անվտանգ տեղական արտադրության ձվերը:

4. Արդյոք այն բոլոր հասարակական, քաղաքական գործիչների, իրենց մտավորական անվանող մարդկանց համար, որոնք դեռ շարունակում են ճամարտակել “«հանցավոր ռեժիմի»” կողմից «անմեղ կուսակցության» դեմ հալածանքների մասին, լրացուցիչ ապացույցներ են պետք, որպեսզի հասկանան, որ «Դրո» կառույցը տեսլական չէր, այլ դաժան իրականություն, որպեսզի հասկանան՝ ինչ բարոյա-գաղափարական դասընթացներ են ավարտել հոկտեմբերի 27”-ի սպանդը կազմակերպած «հայ վրիժառուները»:

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել