Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակում իրավապաշտպանի վրա

Մարտ 31,2004 00:00

Հարձակում իրավապաշտպանի վրա Երեկ առավոտյան 8:30-9:00-ի սահմաններում իր տան մոտ 4 անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել «Հելսինկյան ընկերակցություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը: Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունք: Իրավապաշտպանին բուժող բժիշկ Պետրոս Բաբայանն այսպես գնահատեց նրա ստացած վնասվածքներն ու այն վիճակը, որում երեկ հայտնվել էր Մ.Դանիելյանը. «Կլավանա, կլավանա: Ծեծել են, դեռ հետազոտում ենք: Գլխուղեղի ցնցումը հարցականի տակ է: Ախտորոշումը միայն վաղը կարող ենք պարզել»: Շրջանառվող վարկածներից մեկով, «Հելսինկյան ընկերակցություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանի վրա կատարված հարձակման պատճառ կարող էր դառնալ նրա՝ ադրբեջանական «Էխո» թերթին վերջերս տված հարցազրույցը, որում իրավապաշտպանը հայտարարել էր, թե ընդդիմությանը լռեցնելու համար ՀՀ նախագահը կարող է գնալ պատերազմի վերսկսման: Երեկ հիվանդանոցում զրուցելով լրագրողների հետ, Մ.Դանիելյանն այդ վարկածը քիչ հավանական համարեց: Նա հակված էր կարծելու, որ իր դեմ կատարված ոտնձգությունը իշխանությունների պատվերով է եղել՝ կապված իր ծավալած իրավապաշտպան գործունեության հետ եւ ընդամենը զգուշացում էր: «Ես ուրիշ կասկած չունեմ, որովհետեւ անձնական թշնամիներ չունեմ: Բայց ես շարունակելու եմ աշխատել»,- «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց Մ.Դանիելյանը: Վերջինս, իր ասելով, «հարյուր տոկոսով» համոզված է, որ հանցագործներն ի հայտ չեն բերվի. «Ես չեմ հիշում այդ մարդկանց դեմքերը: Նրանք շատ պրոֆեսիոնալ էին գործում»: Մ.Դանիելյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որ «Գրողների Միջազգային P.E.N. ասոցիացիայի, Հայկական P.E.N կենտրոնի» նախագահն է, ասաց, թե իրենք չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել ու սպասել հաջորդ անգամին, երբ կամ՝ կդանակահարեն, կամ՝ ավտովթարի կենթարկեն՝ ինչպես դա եղավ Տիգրան Հայրապետյանի հետ. «Մենք, նաեւ Հելիսինկյան ընկերակցությունը դիմելու ենք միջազգային ատյաններին, Լոնդոնի P.E.N. կենտրոնին, Մոսկովյան իրավապաշտպան կազմակերպություններին եւ այլն»: Մեր այն հարցին, թե իրենք հետամուտ կլինե՞ն հանցագործների ի հայտ բերմանը, Ա.Հակոբյանը պատասխանեց. «Այսօր, այսպես կոչված, իրավապահ մարմիններին 3-4 անգամ դիմելուց հետո էլ նրանք դժկամությամբ արձագանքեցին մեր ահազանգին, եկան, չուզեցին նույնիսկ դեպքի վայրը գոնե տեսնել. գուցե ինչ-որ բան, իրեղեն ապացույց գտնեին: Բացարձակ: Երբ դժգոհեցի, ասացին՝ միուցե, առանց ձեզ մենք նայել ենք: «Միգուցեներով» խոսելն արդեն ինքին խոսուն է»,- եզրակացրեց Աննա Հակոբյանը: Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից պարզաբանեցին, թե տուժող Մ.Դանիելյանը երեկ իր դեմ կատարված հարձակման մասին հայտարարություն չի տվել, ուստի, այդ դեպքը ոստիկանական ամփոփագրում տեղ չի գտել: Իսկ ընդհանրապես, ծառայության պետ Սայաթ Շիրինյանի ասելով, դեպքի առնչությամբ քրգործ հարուցելու համար նյութեր նախապատրաստվում են: Երեկ Մ.Դանիելյանին այցելել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Լարիսա Ալավերդյանի ներկայացուցիչը: Լ.Ալավերդյանի գնահատականը կատարվածի առնչությամբ մեզ չափազանց զգուշավոր թվաց. «Դատապարտելի է ցանկացած բռնություն: Մենք պատճառը չգիտենք: Մենք սիրում ենք հայտարարություններ անել, բայց մենք նախ ուզում ենք ուսումնասիրել տեղի ունեցածը»: Նա նաեւ հայտարարեց, թե ակնկալում է, որ ՀՀ մարդու իրավունքների գրասենյակին տուժողը գրավոր դիմի: Իսկ եթե չդիմի՞: «Եթե ոչ, ապա՝ մենք ինքներս որոշում կընդունենք՝ ինչպես վարվել»,- ասաց ՀՀ Օմբուդսմենը: Իսկ մինչ այդ, Մ.Դանիելյանի նկատմամբ կատարված ոտնձգությանը հայտարարությամբ արձագանքել եւ դատապարտել են Երեւանի մամուլի ակումբը, ՀՀ ժուռնալիստների միությունը, ՀՀ «Ինտերնյուս» կազմակերպությունն ու «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն»՝ կատարվածը գնահատելով որպես՝ «նկատվող քաղաքական անհանդուրժողականության մթնոլորտի հետեւանք»: Վերջիններս հույս են հայտնել, որ «իրավապահ մարմինները կխախտեն նախորդ տարիների տխուր ավանդույթը եւ կգտնեն հանցագործությունը կատարողներին», որովհետեւ միայն այդ դեպքում է հնարավոր կանխել «բռնությունների հետագա տարածումը»: «Արմատ» կենտրոնն էլ իր հայտարարությամբ «այս վայրագ արարքը» դատապարտելով հանդերձ, դրա «ողջ պատասխանատվությունը դնում է ներկա վարչախմբի վրա»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031