Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-Ն ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԿԻՐԱՌԻ՞ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Ապրիլ 29,2004 00:00

ԵԽԽՎ-ն
երեկ բանաձեւ ընդունեց
Ըստ այդ բանաձեւի պիտի շարունակեն Հայաստանի իրավիճակի ուշադիր ուսումնասիրությունը, եւ եթե մինչեւ սեպտեմբեր իրենց հանձնարարականների վերաբերյալ առաջընթաց չարձանագրվի՝ կվերանայվեն Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության լիազորությունները: Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Ռենե Անդրեի եւ Յերժի Յասկերնիայի հեղինակած շուրջ 8 էջանոց զեկույցը Եվրախորհրդի պաշտոնական կայքում նշված է իբրեւ փաստաթուղթ 10163: Այս զեկույցում մանրամասն շարադրված են 2004-ի մարտի վերջից Հայաստանի ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի գործողությունները եւ իշխանությունների ձեռնարկած միջոցները: Մասնավորապես ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը կատարվածի առնչությամբ նշված է. «ԵԽԽՎ-ն համարում է, որ ՀՀ իշխանությունների գործողությունները հակասում են 2004-ի հունվարին ընդունված բանաձեւում ձեւակերպված պահանջների ոգուն եւ օրենքի տառին եւ պահանջում է, որպեսզի Հայաստանն անհապաղ կատարի իր ստանձնած պարտավորությունները»:

Վեհաժողովը մտահոգություն է հայտնել այն փաստերի առնչությամբ, որ իրականացվել են զանգվածային ձերբակալություններ եւ «անտեսել են վարչական կալանքներին գործնականում վերջ տալու» պահանջը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության իշխանությունը ներկայացնող անդամները՝ Տիգրան Թորոսյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հերմինե Նաղդալյանը, 7 առաջարկներ էին արել այս փաստաթղթի վերաբերյալ: Առաջարկել էին ցուցարարների մասին ավելացնել. «որոնք փակել էին Բաղրամյան պողոտան» արտահայտությունը կամ հանել «զանգվածային» բառը ձերբակալությունների մասին հիշատակումից: Թեեւ հայտնի է, որ անգամ պաշտոնական տվյալներով՝ վերջին ամսվա ընթացքում ոստիկանություն բերման ենթարկված ցուցարարները մի քանի հարյուր են:

ԵԽԽՎ-ն մտահոգիչ է դիտել նաեւ այն փաստը, որ «իշխանությունները հրաժարվել են արտոնել ընդդիմության հանրահավաքները՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով արգելվող պատճառաբանությամբ: Ավելին՝ «Հանրահավաքների, ցույցերի, երթերի անցկացման մասին» օրենքը Վենետիկյան հանձնաժողովի փորձագետների կողմից գնահատվել է որպես չափազանց սահմանափակող»:

Զեկույցում հիշատակված է նաեւ, որ ձերբակալվածները ենթարկվել են ոստիկանության եւ անվտանգության ուժերի բռնի գործողություններին, «չնայած ուժայինների վատ պահվածքը շտկելուն ուղղված ավելի վճռական եւ ակտիվ քայլեր ձեռնարկելու Վեհաժողովի պահանջներին»:

Գնահատական կա, թե խոսքի ազատությունը շարունակում է լրջորեն ոտնահարվել, եւ «լրագրողների դեմ իրականացված բռնության դեպքերը տեղի են ունեցել ու հանդուրժվել են ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցների կողմից»: Մեր իշխանամետներն առաջարկել են հանել նույնիսկ տեսագրությամբ վավերացված այս փաստի մասին հիշատակումը, թե լրագրողների նկատմամբ բռնություններն արտոնվել են ոստիկանության կողմից:

Զեկույցում անդրադարձ կա նաեւ վստահության հանրաքվեի եւ նախագահի հրաժարականի վերաբերյալ ընդդիմության պահանջներին: Վեհաժողովն ընդգծել է. «Ընդդիմությունը լիովին վայելելով խաղաղ հավաքների իր սահմանադրական իրավունքները՝ պետք է զերծ մնա փողոցային հանրահավաքների միջոցով ընտրությունների արդյունքները փոխելու փորձերից, որոնք չնայած խախտումներին՝ ընդունվել են տեղական եւ միջազգային մարմինների կողմից»: Մեր պատվիրակության ընդդիմադիր անդամները՝ Շավարշ Քոչարյանն ու Արտաշես Գեղամյանն առաջարկել էին հանել ընտրությունների օրինականության վերաբերյալ պնդումը «չնայած կեղծիքներին եւ դրանց չափերին՝ դրանք չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա» արտահայտությունից, սակայն չընդունվեց այդ առաջարկը: Մերժվեց ընդդիմադիրների առաջարկած նաեւ հետեւյալ փոփոխությունը. «Վստահության հանրաքվեի կազմակերպումը համապատախանում էր ՍԴ 2003թ. ապրիլի 16-ի որոշմանը: Իշխանությունները հրաժարվում են հանրաքվեի անցկացումից եւ ընդդիմության պահանջներն ու բողոքի ակցիաները որակում որպես իշխանությունը բռնի ուժով զավթելու փորձեր»:

ԵԽԽՎ զեկուցողներն այնուամենայնիվ նաեւ հերթական կոչն են արել՝ «անցկացնել ընտրակեղծիքների համակողմանի հետաքննություն եւ վերջ տալ դրանց համար պատասխանատու անձանց անպատժելիությանը»:

Իշխանությանն ուղղված հանձնարարականները, որոնց մինչեւ սեպտեմբեր կատարումով է պայմանավորված» ԵԽԽՎ-ում Հայաստանի գործունեությունը՝ հետեւյալն են:

1. Արտոնել խաղաղ ցույցերը եւ զերծ մնալ ապագա ցանկացած գործողություններից, որոնք օրենսդրորեն կամ գործնականում կհանգեցնեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ազատ հավաքի եւ ազատ տեղաշարժի իրավունքների չարդարացված սահմանափակմանը:

2. Թափանցիկ եւ վստահելի ձեւով անմիջապես ուսումնասիրել վերջին իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպերը եւ մարդու իրավունքների ոտնահարման փաստերը, այդ թվում՝ լրագրողների եւ իրավապաշտպանների վրա հարձակումները, եւ Վեհաժողովին տեղեկացնել բացահայտումների ու պատասխանատու անձանց հանդեպ հնարավոր օրինական գործողությունների մասին:

3. Անմիջապես ազատել հանրահավաքին մասնակցելու համար ձերբակալված անձանց, վերջ տալ վարչական կալանքի պրակտիկային եւ այդ նպատակով փոխել «Վարչական օրենսգիրքը»:

4. Ստեղծել արդար պայմաններ ԶԼՄ-ների՝ հատկապես հեռուստաընկերությունների բնականոն գործունեության համար, մասնավորապես «Ա1+» հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր տրամադրելու հարցում:

Զեկույցի նախագծում նշված էր, թե մինչեւ 2004-ի հունիսի նստաշրջանը պիտի գրավոր տեղեկացնեն Վեհաժողովին վերոհիշյալ կետերի շուրջ իրականացված քայլերի մասին. «Զեկուցողներն ակնկալում են անմիջական եւ նշանակալի փոփոխություններ Հայաստանի պահվածքի եւ օրենսդրական պրակտիկայում ստանձնած պարտավորությունները հարգելու հարցում: Այս պահանջների չկատարումը կհանգեցնի Հայաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառմանը»: Սակայն ի վերջո ընդունվեց մեր իշխանամետների առաջարկը՝ ժամկետը մինչեւ սեպտեմբեր երկարաձգելու վերաբերյալ:

Վեհաժողովը նաեւ կոչ է արել ընդդիմությանն ու իշխանությանը՝ «զերծ մնալ որեւէ գործողությունից, որը կարող է հանգեցնել հետագա բռնությունների, եւ առանց նախապայմանների սկսել երկխոսություն»:

Ըստ www. a1plus.am-ի՝ պատրաստեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930