Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում՝ առաջին մրցույթը

Ապրիլ 29,2004 00:00

Երեւանի
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորատի եւ փողային նվագարանների
ամբիոնի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է փողային
գործիքներ նվագող երաժիշտների մրցույթ։
Երեկ կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում տեղի ունեցավ մրցույթի բացման արարողությունը։ Իր խոսքում Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը մասնավորապես նշեց. «Փողային գործիքներով նվագող երաժիշտների կատարողական արվեստը Հայաստանում ունեցել է մեծ ու փառավոր ավանդույթներ։ Հուսով եմ՝ այս մրցույթը կդառնա ավանդական՝ շարժառիթ հանդիսանալով երաժիշտ-կատարողների մասնագիտական վերելքին»։ Մրցույթի ժյուրիի նախագահ, պետկոնսերվատորիայի փողային նվագարանների ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Աբգար Մուրադյանը «Առավոտին» ներկայացրեց մրցույթի ժյուրիի կազմը՝ պրոֆեսորներ Գագիկ Հովունց, Վիկտոր Խաչատրյան, դոցենտ Մարտին Վարդազարյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Յուրի Պողոսյան։ Տեղեկացրեց նաեւ, որ մրցույթը անցկացվելու է երկու փուլով, կմասնակցի 46 երաժիշտ։

Մեր՝ «Արդյոք ուշացած չե՞ք համարում այս մրցույթի անցկացումը» հարցին պարոն Մուրադյանը պատասխանեց. «Փողային նվագարաններով նվագող հայ երաժիշտները խորհրդային տարիներին բազմիցս մասնակցել են անդրկովկասյան, համամիութենական եւ միջազգային մրցույթների՝ արժանանալով մրցանակների։ Չեմ կարծում, որ համեմատաբար նոր անկախություն ձեռք բերած մեր երկրի համար նման մրցույթի անցկացումը ուշացած է»։ Զրույցին ներկա կոնսերվատորիայի պրոֆեսոր Օմար Պապիկյանը հարկ համարեց նշել, որ խորհրդային տարիներին թվով ութ երաժիշտներ դարձել են միջազգային մրցույթների դափնեկիրներ, որոնցից Ռաֆայել Բաղդասարյանը (կլարնետ), Ռեմ Մատինյանը (գալարափող), աշխատել են Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբում, որի տնօրենն այսօր հոբոյահար Սերգեյ Ամեդյանն է։

Մրցույթի անցկացումը նպատակ ունի նաեւ հրավիրել հայ կոմպոզիտորների ուշադրությունը։ Ինչպես նկատեց ժյուրիի նախագահը. «Հայ կոմպոզիտորները բազմաթիվ արժեքավոր գործեր են գրել փողային գործիքների համար, որոնց ժամանակին անդրադարձել են ԽՍՀՄ-ի ու արտերկրի կատարողներ»։

Այսօր կկայանա մրցույթի առաջին փուլը, իսկ մայիսի 3-ին՝ երկրորդը։ Դափնեկիրների համերգը՝ մայիսի 5-ին։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել