Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՑԵԼ

Ապրիլ 30,2004 00:00

Մեկ-երկու օրից գյումրեցիները դարձյալ ստիպված կլինեն քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով շրջագայել

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ քաղաքի ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով չեղյալ համարել երթուղիները մրցույթով տրամադրելու մասին կառավարության 22.01.04թ. թիվ 32 որոշումն ու թեթեւացնել անսպասելիորեն բարձրացված հարկերը: Հիշեցնենք, որ այսուհետեւ 34-ի փոխարեն նրանք ամսական վճարելու են 64 հազար դրամ: Իսկ կառավարության որոշման համաձայն, երթուղին տրամադրվելու է ոչ թե անհատներին, ինչպես մշտապես արել է Գյումրիի քաղաքապետարանը, այլ կազմակերպություններին: Քաղաքապետարանի հետ մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքած անհատ-վարորդները հատկապես զայրացած են այս փաստից:

Այժմ իրավապահ մարմինների խիստ նախազգուշացմամբ, մինչեւ մայիսի մեկը մրցույթը չշահած եւ դեղին պետհամարանիշեր չունեցող մեքենաները չեն կարող երթուղի դուրս գալ: Մրցույթը, բնականաբար, մինչեւ մայիսի մեկը չի կայանա, քանի որ հանձնաժողովը ստեղծվել է ընդամենը մի քանի օր առաջ: Իսկ տրանսպորտի աշխատել-չաշխատելու հարցը հուզում է ոչ միայն վարորդներին, այլեւ բոլոր գյումրեցիներին. մեկօրյա գործադուլը ֆինանսական զգալի վնասներ էր հասցրել նրանց: Իսկ մրցույթի շուրջ քաղաքում տարբեր ասեկոսեներ են պտտվում: Վարորդների ու քաղաքապետարանի պաշտոնյաների ենթադրությամբ, մրցույթը երեւանյան մի շարք «պուզատիների» համար Գյումրի թափանցելու միջոց է: Որոշ վարորդների կարծիքով էլ իրենց «շան օրը» ընկնելու պատճառը քաղաքապետ-մարզպետ «աննորմալ» հարաբերություններն են:

Խնդիրը պարզաբանելու նպատակով դիմեցինք նորաստեղծ մրցութային հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանին եւ մարզպետարանի տրանսպորտի ու ճանապարհաշինության վարչության պետ Մարզպետունի Մարգարյանին: Վերջինս այս հարցում մարզպետի «մեղքը» բացարձակապես չի տեսնում: «Մրցույթ անցկացնելու մասին կառավարության որոշումն ընդունվել է 2001-ին, երբ էդ մարդը մարզպետ չէր»,- ասում է պաշտոնյան: Իսկ որոշումը, ըստ նրա, հենց վարորդների օգտին է: Այսինքն, վարորդը չպիտի ամեն անգամ գնա ու պաշտոնյային «վիզ ծռի», թե ինձ գիծ տվեք. մի անգամ շահում է՝ երեք տարի «քշում»: Մարզպետունի Մարգարյանի կարծիքով, մրցույթը նաեւ միջոց է՝ կանխելու պատահական մարդկանց մուտքը երթուղի. «Ով ուզում՝ գիծ է մտնում, հո կարգն էդպե՞ս չի»,- ասում է նա: Նրա մեկնաբանությամբ, Աստված մի արասցե, եթե մեր «գեղատեսիլ» փողոցներում մի վթար տեղի ունենա, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է անօրինական ճանապարհով գիծ մտած վարորդի վրա: Իսկ հարկերի կտրուկ բարձրանալը պարոն Մարգարյանը այդպես էլ չի ընդունում, «էն ժամանակ x գումար էին տալիս ու հեշտությամբ պրծնում, այժմ պիտի շարժվեն օրենքով սահմանված կարգով»:

Մեր ուսումնասիրած փաստաթղթերից պարզվեց, որ քաղաքապետարանի նման կեցվածքը դուր չի եկել ոչ միայն մարզպետարանին, այլեւ ՀՀ պետավտոտեսչությանը, տրանսպորտի ու կապի նախարարությանը: Նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանը 01.07. 2003թ. Շիրակի մարզպետ Ռ. Մանուկյանին ուղղված գրության մեջ առաջարկում է չեղյալ համարել Գյումրիի ներքաղաքային երթուղիների հատկացման մասին որոշումները եւ գործընթացը կազմակերպել օրենքի համաձայն: Այստեղ մասնավորապես նշված էր. «Ներքաղաքային երթուղիների սպասարկումը կամայականորեն հանձնվել է նույնիսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ չունեցող անձանց, որը չի կարող ապահովել բնակչության տրանսպորտային անվտանգ սպասարկումը»:

Իսկ քաղաքապետարանում ոչ մի կերպ չեն ընդունում, որ իրենք օրենքի խախտում են կատարել: Գագիկ Մանուկյանի պնդմամբ, նախկինում գործող օրենքը թույլ էր տալիս ուղեւորատար տրանսպորտի գործունեության մեջ ընդգրկել անհատների:

Իսկ ներկա օրենքը, որը հաշվի չի առնում Գյումրիի յուրահատկությունները (օրինակ՝ գործազրկության բարձր մակարդակը) եւ մրցույթի մասնակցելու հնարավորություն է տալիս ցանկացած մեկին ու ամենից շատ՝ հանրապետության փողատերերին, խոչընդոտում է քաղաքում մանր ու միջին բիզնեսի զարգացմանը՝ գործազուրկների թիվը ավելացնելով եւս 1000-ով:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել