Լրահոս
Օրվա լրահոսը

Եհովայի վկաները օրենքից դուրս են

Ապրիլ 30,2004 00:00

Չկա
փոքրամասնությունների մասին օրենք
ՀՀ կառավարության աշխատակազմում հունվարին ստեղծված Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը երեկ լրագրողներին ներկայացրեց ոլորտների իրավիճակն ու անելիքները։

Ազգային փոքրամասնությունների դաշտը ունի օրենսդրական խնդիրներ։ Ճիշտ է, ազգային փոքրամասնությունների որոշ իրավունքներ՝ կրթություն, մշակույթ եւ այլն, այլ օրենքներով սահմանված են, սակայն չկա ազգային փոքրամասնությունների մասին օրենք եւ քաղաքական հայեցակարգ, թեեւ կոալիցիոն կուսակցությունները նման օրենք ընդունելու «տրամադրվածություն, կամք, ցանկություն ունեն»։ Չսպասելով կոալիցիայի խոստումների կատարմանը, տիկին Խառատյանի վարչությունը սեփական ուժերով է փորձում խնդիրը լուծել։ Ուսումնասիրվել են 15 երկրում գործող ազգային փոքրամասնությունների մասին օրենքներ, ԵԽ-ից ակնկալվում է օրենքի մշակմանը փորձագիտական աջակցություն, ազգային փոքրամասնությունների հետ հանդիպումներից հետո պարզվել է, որ վերջիններս առանձնապես իրազեկված չեն իրենց վերաբերյալ օրենքներից եւ միջազգային փաստաթղթերից, ուստի հրատարակվել է «Ազգային փոքրամասնությունները Հայաստանում. պարտավորություններ եւ հնարավորություններ» գրքույկը։ «Պարտավորությունները վերաբերում են իշխանություններին, հնարավորությունները՝ ազգային փոքրամասնություններին»,- տեղեկացրեց Հրանուշ Խառատյանը, նշելով, որ գրքույկը բաժանվել է ազգային փոքրամասնություններին։ Կառավարության պաշտոնական սայթում տեղադրված են վերջիններիս վերաբերյալ իրավական ակտերը, շուտով կտեղադրվեն նաեւ նրանց մասին տվյալներ՝ թիվ, լեզու, կառույցներ, սովորույթներ եւ այլն։ Սարյան 2 հասցեում գտնվող Հայփոստի շենքում 800 քմ՝ երկու հարկ է տրամադրվել Ազգային փոքրամասնությունների մշակույթների զարգացման կենտրոնին։ Ու թեեւ վարչությունը կոչված չէ սոցիալական խնդիրներ լուծել, այնուհանդերձ, նաեւ սոցիալական հարցերով են դիմում եւ «հնարավորինս փորձում ենք այդ ընթացիկ խնդիրները ներառել մեր գործունեության մեջ»։

«Ազգային փոքրամասնությունների հետ որեւէ էական ու լուրջ վիճահարույց խնդիր չունենք»,- հայտարարեց տիկին Խառատյանը, հավելելով, որ խնդրահարույց է կրոնի ոլորտը։ Մամուլն էլ է բազմիցս ահազանգել։ Այս ոլորտում եւս, նախընտրելով բաց քննարկումն ու համագործակցությունը, վարչությունը հանդիպել է եւ հանդիպելու է ՀՀ-ում գրանցված 55 կրոնական կազմակերպություններին՝ ակնկալելով գործընկերական հարաբերություններ եւ մտադիր է կառավարության սայթում սրանց մասին եւս տվյալներ տեղադրել։ «Կրոնական իրավիճակի պրոբլեմ Հայաստանում կա,- ասաց տիկին Խառատյանը, խուսափելով իրավիճակի հստակ ձեւակերպումից,- ցավոք, Հայաստանում կրոնական իրավիճակի համակողմանի վերլուծություն չի եղել եւ մոտեցումները կարող են սուբյեկտիվ լինել»։ Վերլուծությունն իրականացնելու հարցում ակնկալվում է ԵԽ օգնությունը։ Հետազոտողները, սակայն, կլինեն մեր փորձագետները։ Կրոնի ոլորտի հայեցակարգն էլ խարսխված կլինի այս հետազոտության արդյունքների վրա։ «Բարեբախտաբար, չգիտեմ նույնիսկ, թե ինչու այդպես է ստացվել, իշխանությունը մեզ ոչ միայն չի խանգարում, այլ նաեւ սատարում է»,- տեղեկացրեց Հրանուշ Խառատյանը։ Բացի գրանցված 55-ից, ՀՀ-ում կան չգրանցված կրոնական կազմակերպություններ, որոնց թիվը դեռ պարզ չէ։ Դրանց մի մասը՝ Եհովայի վկաներ, մունիստներ արգելված են եվրոպական եւ ԱՊՀ երկրներում։ Այս առթիվ տիկին Խառատյանն ասաց, որ մենք չպետք է ընդօրինակենք այդ երկրներին, այլ «մեր առաջին առաջնահերթությունը պետք է լինի խղճի ազատությունը եւ անհատի ու հասարակական անվտանգությունը»։

Եհովայի վկաները դիմել են գրանցման համար, սակայն հայտնի է, որ նրանց պաշտամունքի ծեսի իրականացումը ՀՀ օրենքներից դուրս է։

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930