Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ «ԱԲԻԺՆԻԿ» ՉԵՄ»

Մայիս 28,2004 00:00

«ԵՍ «ԱԲԻԺՆԻԿ» ՉԵՄ»

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազատական-առաջադիմական
կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ՀՀ իշխանությունների վարած
արտաքին քաղաքականությունը որակեց «անհեռանկար», որի արդյունքում, ըստ նրա,
Հայաստանը վեր է ածվում Ռուսաստանի մարզի (մանրամասները՝ հայտարարության
տեքստում)։ Դիտարկմանն՝ «արդյո՞ք ամեն ինչ սկսվեց այդքան սարսափելի հունով
ընթանալ հենց այն ժամանակից, երբ դուք այլեւս իշխանական որեւէ օղակում ներկայացված
չէիք», Հ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես «աբիժնիկ» չեմ եւ ինձ համար չէ,
որ այս մտահոգություններն արտահայտում եմ։ Իրավիճակն իսկապես լուրջ է։ Պետք
է մտածել, որ այս երկրում վաղը մեր երեխաներն ու թոռներն են ապրելու։ Ես
երբեք ոչ ոքի չեմ քծնել։ Դուք ինձ չեք կարող մեղադրել ոչ լոյալության մեջ»։

Պրն Հովհաննիսյանին զայրացնում է այն, որ այդ ամենը (արտաքին քաղաքականությունը) չի ստանում մեր հասարակության արժանի գնահատականը. «Մեր քաղաքական ուժերը լռում են։ Միտինգների ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը վախվորած է խոսում Պուտինի մասին։ Եթե Քոչարյանին պիտի հանենք Պողոսյանին դնենք ու նույն քաղաքականությունը վարենք՝ ոչինչ չի փոխվի»։ Ընդհանրապես, Հովհ. Հովհաննիսյանը գտնում է, որ նախագահական ընտրություններից հետո Քոչարյանը «փայլուն» շանս ուներ խնդիրները լուծելու։ Այն է՝ «ԱԺ ընտրությունները նորմալ տանել։ Եթե ԱԺ ընտրություններն իսկապես ժողովրդավար լինեին, խնդիրներն այսքան չէին խորանա։ Բայց նա չուզեց, որ իր կողքին գոնե մի «չէ» ասող մարդ լինի»։ Պատասխանելով մեր՝ «Ա. Կարապետյանը ներկայացրեց իր ծրագիրը, ձեր ղեկավարած ուժը հնարավո՞ր է միավորվի դրա շուրջ» հարցին, Հ. Հովհաննիսյանն ասաց. «Ցավոք, Ա. Կարապետյանի մոտեցումները վերջին 2-3 ամսում 2-3 անգամ փոխվեցին։ Բայց դատավորը ոչ թե մենք ենք, այլ հասարակությունը։ Սակայն փուլ առ փուլ իշխանափոխությունը մեզ համար ընդունելի չէ»։

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել