Լրահոս
Օրվա լրահոսը

 Հայրիկյանն ընդվզեց «պարտկոմի» դեմ

Մայիս 28,2004 00:00

Երեկ ԱԻՄ-ը գումարեց իր 24-րդ համագումարը

Ժամանակին Ռոբերտ Քոչարյանին սատարած Ազգային ինքնորոշում միավորումը, իր նախագահ Պարույր Հայրիկյանի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովից հեռանալուց հետո, գործող իշխանություններին ընդդիմություն դառնալու մի քանի անհաջող փորձեր արդեն արել է: Հիշենք թեկուզ «Համաձայնություն՝ հանուն ժողովրդավարության» այդպես էլ չկայացած դաշինքը, որի նախաձեռնողներից մեկը հենց այս կուսակցությունն էր: ԱԻՄ-ի 24-րդ համագումարը, որը գումարվեց երեկ, եւս մեկ անգամ արձանագրեց իր այդ մտադրության մասին: Այստեղ, ըստ էության, հայտարարվեց գործող իշխանություններին արմատապես ընդդիմանալու ԱԻՄ-ի դիրքորոշման մասին: Դրանք, թերեւս, հիմնված էին ոչ միայն ԱԻՄ-ի արդեն նորընտիր նախագահ Պարույր Հայրիկյանի ունեցած այն տվյալների վրա, ըստ որոնց՝ հասարակության 72 տոկոսը դժգոհ է Ռոբերտ Քոչարյանից, իսկ 79 տոկոսը՝ խորհրդարանական մեծամասնությունից, այլեւ կուսակցության այն արձանագրության վրա, թե՝ «երեկվա կոմսոմոլ ու չեկիստ, այսօրվա՝ հանրապետականներն ու օրինացերկիրականները լծվել են երկիրը կործանելու գործին»: Ուստի, որպես վաղեմի հակակոմունիստ եւ հակաչեկիստ, պարոն Հայրիկյանի գլխավորած կուսակցությունն իր հայտարարությամբ փաստեց. «Եվ եվրոպական առողջ ուժերը, եւ մենք՝ Եվրոպայի միջոցով Հայաստանի օրինազանց իշխանություններին արդարացիորեն կարգի հրավիրող քաղաքական ուժերս, պետք է արձանագրենք, որ այսօր էլ բարոյապես եւ՝ հատկապես, նյութապես նսեմացնելով հայ մարդկանց՝ ռուսական իմպերիալիզմը իր տեղական դրածոներով եւ գործակալներով փորձում է մեզ զրկել եվրոպական այլընտրանքի հնարավորությունից եւ անկանխատեսելի Ռուսաստանի քմահաճույքի առարկա դարձնել»: Ավելին, ըստ նրա, «միայն օտարի գործակալը, կամ՝ քաղաքական տհասը կարող է իր երկրի էներգետիկ կարողությունները հանձնել այն էլ այնպիսի մի պետության, որը պատմականորեն բազմիցս է ապացուցել իր անհավատարմությունը համամարդկային եւ քրիստոնեական արժեքներին»:

ԱԻՄ-ն, ըստ էության, համալրեց մասնավորապես ՀՀ ընդդիմադիր դաշտում առկա այն ուժերի ոչ ստվար ցանկը, որոնց համար հիմա, ավելի քան երբեւէ, մոդայիկ է դարձել Արեւմուտքին եւ եվրոպական կառույցներին «ռեւերանսներ» անել:

ԱԻՄ-ի հայտարարությունում, որն ընդունվեց համագումարի պատվիրակների կողմից, մասնավորապես ասված է, թե ՀՀ իշխանությունները «պետական լծակներն իրենց ձեռքում մեկ օր ավելի պահելու համար պատրաստ են «պատերազմ» հայտարարել եւ Եվրոպային, եւ ԱՄՆ-ին, եւ ամբողջ աշխարհին»: Հայտարարությունում նաեւ հավելված է, թե՝ «հայ ժողովուրդը հակված է դառնալ Հայաստանի ուրույն դեմքը պահպանող եւ ՀՀ քաղաքացուն Եվրոպայի լիարժեք քաղաքացի դարձնող եվրոպական մեծ ընտանիքի անդամ: Սակայն ՀՀ ներկայիս իշխանությունների վարած ազգադավ քաղաքականությունը մեզ ուղիղ գծով տանում է դեպի Չեչնիայի կարգավիճակ»: Զարգացնելով կուսակցության հայտարարության մեջ տեղ գտած այս եզրակացությունը Պ. Հայրիկյանը նկատեց, թե ՀՀ գործող իշխանությունների համար Հայաստանի անկախության գաղափարը լուրջ արժեք չէ. «Եթե միջոցներն ու պայմանները հնարավորություն ընձեռեին, ապա՝ երեկվա պարտկոմները կընդվզեին նաեւ մեր միջազգային ճանաչման դեմ ու կհամոզեին մեզ, որ Չեչնիայի կարգավիճակը լավագույնն է մեզ համար»:

ԱԻՄ-ը երեկ կոչ ուղղեց նաեւ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը դատապարտած Եվրոպական կառույցներին, մասնավորապես ԵԽ-ին, որի Խորհրդարանական Վեհաժողովը սպառնում է քննարկել ՀՀ պատվիրակների մանդատի ճանաչման հարցը. «Հայաստանի ներկա ապօրինի իշխանությունները ոչ մի կապ չունեն Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ, եւ մենք կոչ ենք անում եվրոպական ու համաշխարհային հանրությանը Հայաստանի իշխանությունների նկատմամբ արդարացված պատժամիջոցներ կիրառելիս այդ պատժամիջոցների հասցեատերեր չդարձնել այս իշխանությունների ապօրինությունների դեմ վճռական պայքարի ելած հայ ժողովրդին»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել